Նամակ՝ Ֆրունզին

imagesԷսօր facebook մտա. էդպես էլ գիտեի. առավոտվա սուրճից առաջ բոլորը նկարդ էին գցել ու ջերմ-ջերմ ծնունդդ շնորհավորել: Սիրտս փառավորվեց. հիշում են քեզ, սիրում, կարոտում: Ինձ կաշառելն անհնար է: Ես սրտով եմ զգում, սրտով՝ հասկանում, սրտով՝ գնահատում: Գիտեմ՝ ով է իմ անունը շահարկելով՝ իր անունը բարձրացնում. իբր ինձ է ծառայում: Դու մի օր իմ անունը չտվեցիր ու չասացիր, թե ինչ անում ես, ինձ համար ես անում: Նույնիսկ էդտեղ  չխաղացաիր, Ֆրունզ ջան: Եղար էնպիսին, ինչպիսին քեզ կռել-կոփել էր Սանամ մայրդ՝ շիտակ: Քո ուժը հենց շիտակությունն է, որ շատերին զինաթափ էր անում: Դու էդպես էլ դեր չխաղացիր, դու դարձար այն կերպարը, որին մարմնավորում էիր: Քո մեջ մի քիչ Գասպար կա, մի քիչ՝ Նիկոլ, Ռուբեն, Իշխան, Գրիգոր աղա. նրանք քեզ կերտեցին, դու՝ նրանց:

Էնքան վատ եմ զգում, Ֆրունզ ջան, որ մի կարգին ծնունդ էլ չկարողացա նշել: Հիմա հավաքվում են, արժան-անարժան՝ հոբելյանական երեկոներ կազմակերպում, բեմից կենացներ ասում, մեծարում, երկինք հանում, մեդալ ու կոչում տալիս: Ի՞նչ անեմ, ներսս դատարկվել է. տաղանդ-հանճարներս շարան-շարան գնացին, ապաշնորհներն ու միջակները, քիթներն ամպերին քսելով, եկան, նրանց տեղը բազմեցին ու ճաշակ են թելադրում, փքված հնդուհավի պես իրենք իրենց մեծարում:

Ո՞ւր ես Ֆրունզ ջան, մի էստեղ լինեիր. դնաք մկան ծակին յոթ թուման կտային: Հիմա տեղից վեր կացողը հայտարարում է, թե քո ընկերն ու  մտերիմն է եղել, պատմում են ու պատմում քո մասին, հորինում են ու հորինում: Բայց նրանց էլ մեղադրելու չի. ուզում են, որ տաղանդիդ շողքն իրենց վրա էլ ընկնի, իրենք էլ օգտվեն: Մարդիկ էլ կան, էնքան էն մեծամտացել, որ հայտարարում են, թե իրենց ֆիլմերով ես դու Ֆրունզ դարձել:

Դու պաշտպանի կարիք չունես. քո բացառիկ տաղանդը, ֆենոմոնը քո մշտական պաշտպաններն են: Քո բարձունքից էսօր նայելու ես, ու քո միջի ազնիվ աշխատավոր Իշխանը պիտի ներքև նայի ու էլի ասի՝ հեյ-հե՜յ: Քո միջի Գասպարը դարբնի իր զնդանի վրա  մի հարվածով էսօր նորից է ամրացնելու փառքիդ դափնին: Քո միջի Գրիգոր աղան նորից է իր Թորիկի աչքերում ազնիվ ու ուժեղ զավակին փնտրելու: Քո միջի փոստատար Նիկոլն ամենաշատն է ցանկանալու, որ հայոց մայրերը որդեկորույս չլինեն երբեք: Քո միջի Ռուբենն էսօր նորից կռիվ է տալու մարդկային երջանկության ու հասկացված լինելու համար:

Ես ու դու մեկ ենք, Ֆրունզ ջան. նույն միս ու արյունը, նույն հոգսն ու ուրախությունը, նույն միտքն ու հոգին ունենք: Ուրախ ու տխուր սիրտս էսօր  համ լալիս է, համ հրճվում, որովհետև քո ծնունդն է, իմ զավակի ծնունդն է: Շնորհավոր, Ֆրունզ ջան, բյուր անգամ շնորհավոր օրհնված ծնունդդ:

Քո՝ Մայր ժողովուրդ:

 

Նաիրա Փայտյան

Դիտվել է 703 անգամ