«Հրանտ Մաթևոսյանը չցանկացավ դառնալ մեր սև օրերի մարգարեն և լռության ուխտ արեց: Պարզապես խնայեց մեզ իր լռությամբ»

Դավիթ ՄաթևոսյանԻ սկզբանե ընտրել էր բանասերի մասնագիտությունը,  սովորում էր Երևանի պետհամալսարանում, հետագա  պլաններում կար նաև կինոն: Բայց եկավ 88-ը, որը շրջադարձային եղավ ինչպես ողջ հայ ժողովրդի, այնպես էլ   պարսկերեն և գրականություն բաժնի ավարտական կուրսի ուսանող Դավիթ Մաթևոսյանի համար: 88-ի տարեվերջին նա աշխատանքի անցավ «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ» ֆիլմում: Մոտ մեկ տարի անց աշխատում էր հայկական հեռուստատեսությունում, որտեղ էլ  հետագայում սկսեց իրականացնել ռազմական թղթակցի, անհրաժեշտության դեպքում նաև օպերատորի  գործառույթներ:

Եղել է Գետաշենում, Մարտունաշենում, Լաչինում, Սյունիքում, Տավուշի մարզի սահմանամերձ շրջաննեում: 1990-ին Գետաշենի ենթաշրջանում էր հայտնվել այն օրը, երբ խորհրդային զորքը հեռացել էր, սկսվել էին դիրքային մարտեր, հրետակոծվում էին Վերինշեն, Գյուլիստան գյուղերը: Պատերազմն արդեն իրականություն  էր: Մեկնել էր Արցախ՝ տանն ասելով, թե մեկնում է աղետի գոտի: Հարազատները պատահաբար, հեռուստատեսային ռեպորտաժը դիտելիս ճանաչել էին Դավիթին` միկրոֆոնը ձեռքին ու հասկացել, որ նա ոչ թե Լենինականում, այլ Շահումյանի ենթաշրջանում է: Այս ամենն այսօր անցյալում է, բայց ապրում են հիշողությունները, դրանցում ապրող ամենավառ, հարազատ դարձած  կերպարները:

- Պատերազմի գոտում Սիմոն Աչիքգյոզյանի հետ  երբեք չհանդիպեցի, չնայած այստեղ ընկերներ էինք`  իմ ընկեր Բժիշկը,  դա նրա մականունն էր, Կոմբատ Յուրան…Արցախում այն տարիներին իրենց ծանր աշխատանքն իրականացնում էին հաշված թվով մարդիկ, այդ թվում և նրանք, ովքեր երեկ, այսօր և վաղը իրավունք ունեն կոչվելու «պատերազմի վավերագրողներ»: Ինքս դիպվածով եմ այնտեղ հայտնվել, ժամանակ առ ժամանակ մեկնել եմ գործուղումների, մարդիկ շաբաթներով, ամիսներով այնտեղ էին: «Հետքի» Էդիկ Բաղդասարյանը  և՛ կռվող էր, և՛ լրագրող: Մոնթե Մելքոնյանի ջոկատում էր, միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի  խորհրդականն էր: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր շատերն այդ մասին ոչինչ չգիտեն: Օպերատոր Շավարշ Վարդանյան. Ստեփանակերտի օդանավակայանից պիտի թռչեր Երևան՝ բերելով իր արխիվը, բայց օդանավակայանը հրետակոծության ենթարկվեց, Շավարշը ծանր վիրավորվեց, նրա արխիվն ամբողջությամբ այրվեց, որտեղ նաև Շուշիի գրոհի տեսանյութն էր: Այդ ժապավենների բացակայությունն այսօր  շատերին հնարավորություն է տալիս ներկայանալու որպես Շուշիի ազատագրման մասնակից՝ մոռանալով, որ մարդիկ դեռ  ապրում են  և չեն կորցրել իրենց հիշողությունը:

«Հերոսություն»  բառը մեզանում հաճախ ուռճացվում է: Մարդիկ այն ժամանակ պարզապես իրենց բահը դրել ու կռվում էին՝ հասկանալով, որ այդ պահին դա՛ է իրենց գործը,  պիտի հաղթեն  կամ ոչնչանան: Նրանք հերոսանալու  նպատակ չունեին, իսկ ովքեր գնացել էին «հերոսանալու»,  տանկերի վրա նկարվելու և թալանելու, պարզապես ավանտուրիստներ էին, «ասֆալտի ֆիդայիներ»,  որոնք ամենուր են, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր:

- Մեր կռիվը միշտ անհավասար է,  արտաքին թշնամին՝ մեծաքանակ,  Ձեր նշած մարդկային անորակ տեսակը՝ միշտ մեր կողքին ու կենսունակ: Բայց սերուցքը կարողանում է հաղթել ու ապահովել   ազգի գոյության հետագիծը: Ունե՞ք հայկական այս առեղծվածի բացատրությունը:

- Երբ այլևս ոչինչ չի մնում, հանկարծ  հասկանում ենք՝ վա՜յ, բա մեր վերջն էկավ, կկորչենք, եթե ոտքի չկանգնենք, ու հաղթում ենք Սարդարապատում, Բաշ-Ապարանում: «Վա՜յ մեր վերջն էկավ», ու  հայտնվում են Զորավար Անդրանիկ ֆենոմենը, Դրոն, Գարեգին Նժդեհը: «Վա՜յ, մեր վերջն էկավ». հաղթում ենք Ղարաբաղում: Հաղթում ենք, բայց մինչ օրս այդ հաղթանակը չենք ամրագրել, ու անցնող յուրաքանչյուր օրը գործում է մեր դեմ: Դա հյուծում է մեզ, օրհասի, «վա՜յ մեր վերջն էկավ»-ի ռիսկը դարձյալ մեծ է: Ես համոզված եմ՝ էլի՛ դուրս կգանք հաղթանակով, կհարատևենք, բայց վախենում եմ, որ դուրս կգանք ինչ-որ բան կորցրած, կծկվելով, սահմանները նեղացնելով: Մենք մեծ ճիգով ապահովեցինք մեր անվտանգության սահմանը, որը, չգիտես ինչու, կոչում են «օկուպացված տարածք», խոսում են այդ տարածքների վերադարձի մասին, հանուն ինչի՞ պետք է դա արվի: Անհասկանալի է:

Հայաստանն այսօր ինքնահաղթահարման խնդիր ունի, գոյատևման այս կերպը հեռանկար չունի: Գոյատևման այն ֆենոմենալությունը, որով հպարտանում ենք, մեզ ոչ մի տեղ չի հասցնի: Մի փոքր տարածք ազատագրեցինք, բայց հեռանկարը ո՞րն է, եթե երկիրը դատարկվում է: 94 թվականից հետո, երբ Հեյդար Ալիևը Հայաստանից պարզապես մուրաց հրադադարը, պատերազմի ամենակարկառուն  դեմքերից շատերը, տղաներ, որոնք իրենց կյանքն էին պատրաստ դնելու այդ պատերազմում, արտագաղթեցին: Այդ ֆենոմենալության սկզբունքով իրենց պարտքը կատարած համարեցին ու հեռացան: «Դե՛, Ղարաբաղը ազատագրել եմ, սահմանը պահել եմ, երկու-երեք հուսալքություն եմ ունեցել, պետական դռները ծեծել եմ, ինձ չեն հասկացել կամ սխալ են հասկացել, այստեղ անելիք չունեմ, զզված եմ, գնում եմ»:

- Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Մենք ուխտ ունենք դեպի լույսը»: Մեզանում չկա՞ այդ գիտակցումը, ուխտի հանդեպ պատասխանատվությունը:

- Հրանտ Մաթևոսյանի գաղափարական ժառանգորդների մեջ դա կա, բայց հավաքականության մեջ՝ ոչ: Մենք անընդհատ սնում ենք օտար քաղաքակրթությունները, գենոֆոնդը, իսկ Հայաստանը մնում է որպես  ծննդատուն, որտեղ մարդիկ առաջանում ու հեռանում են:  Մեծամասնության առջև առօրյա հացի խնդիր է դրված այսօր, ի՞նչ ուխտի մասին է խոսքը:

- Վերադառնալով արցախյան վավերագրությանը, տեսագրություններին…

- Արխիվի հիմնական մասը թվայնացվել է: Տեսանյութերը օգտագործվել են տարբեր ֆիլմերում: Նյութերը տրամադրել եմ բոլոր նրանց, ովքեր ցանկացել են: Հետագայում էլ պատրաստ եմ  տրամադրել: Այդ տեսագրությունները ժամանակին արվել են տեղեկատվական պատերազմում հաղթելու համար և իրենց նպատակին ծառայել են: Այսօր էլ  այդ արխիվը պահում եմ որպես պատերազմի վավերագրություն:

«Թշնամիներ»2Դավիթ Մաթևոսյանի  2007 թվականին  նկարահանած «Թշնամներ» ֆիլմի հիմքում դարձյալ պատերազմն է:  Կրթական ծրագրով Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան էին ժամանելու մասնագետներ Շվեյցարիայից: Հնարավորություն  կար ներկայացնելու կինոնախագիծ,  հաղթելու դեպքում՝ օգտվել նաև դրամաշնորհից, որի միջոցով էլ նկարահանվելու էր ֆիլմ՝ գեղարվեստական, վավերագրական կամ  կարճամետրաժ: Կար նախապայման. ֆիլմը պետք է նկարահանվեր «Հաղթանակ  կամ պարտություն» թեմայի շրջանակներում: Դրամաշնորհը ստացավ, կար կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի գաղափարը: Հոր՝ Հրանտ Մաթևոսյանի խորհրդով ընտրությունը կանգ առավ Վսեվոլոդ  Գարշինի «Թշնամիներ» պատմվածքի վրա: Կարճ պատմվածքի հերոսները երկուսն են, որոնք հայտնվելով մահվան առջև, հասկանում են, որ աշխարհում ոչ մեկին պետք չեն, բացի գուցե իրենցից: Դավիթ Մաթևոսյանի հերոսները հայ ու ադրբեջանցի են, որոնք, հայտնվելով կողք կողքի, միասին պիտի գտնեն ելքը: Պիտի կրակես, կամ էլ քեզ պիտի կրակեն:  «Պատերազմներում հաղթողներ ու պարտվողներ չկան: Անհատի տեսանկյունից  պատերազմում բոլորն են պարտվում».  Սա է փորձել հաղորդել ռեժիսորը: «Թշնամիներ» ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:     Կանադայի «Նուռ» համահայկական փառատոնում «Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում  արժանացել է առաջին մրցանակի, կինոքննադատների դրական գնահատականների, սակայն երբևէ չի ցուցադրվել հայկական որևէ հեռուստաընկերության եթերում: «Թշնամիներ» իրողության համատեքստում է գուցե նաև դրվագը Հրանտ Մաթևոսյանի կյանքից:  

- Երբ սկսվեց Ադրբեջանից ու Հայաստանից փախստականների հոսքը, նա անընդհատ ասում էր. «Գտի՛ր  Անարի հեռախոսահամարը, ես պիտի զանգեմ, նրա հետ խոսեմ, ասեմ ՝ եթե դու այն մարդն ես, որին ես գիտեմ, արի սահմանի մոտ խոսենք: Մենք զբաղված ենք անհեթեթությամբ և սրան պիտի վերջ տանք: Եթե կրակելու ես ինձ վրա, կրակի՛ր»: Անարը Ադրբեջանի գրողների միության նախագահն էր, խորհրդային տարիներին նրանք ընկերներ էին եղել: Նրա այդ ցանկությունն ինչ- որ կերպ իրականացավ, երբ  Անահիտ Բայանդուրի նախաձեռնությամբ Լևոն Մկրտչյանը, Վարդգես Պետրոսյանը, Հրանտ Մաթևոսյանը  90-91 թթ. Տավուշից անցան Ղազախ և հանդիպում ունեցան  ադրբեջանցի մտավորականների հետ: Նրանց թվում էր նաև Աքրամ Այլիսլին: Ավելի կարոտած հանդիպման ես  ականատես չէի եղել: Այդ օրը  համատեղ հայտարարագիր ընդունվեց հայ, ռուս և ադրբեջանցի մտավորականների մասնակցությամբ, որը կյանքի չկոչվեց, չնայած  կոչն անկեղծ էր և մարդկային՝ արյունահեղության փոխարեն գտնել խնդրի լուծման այլ ուղիներ:

2010-ին Դավիթ Մաթևոսյանը նկարահանեց «Մենք ենք» ֆիլմը, որը, ինչպես ասում է, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հետհայեցողական քննությունն է, հեռացող սերնդի վկայությունները, պատմությունն այն մասին, թե ինչպես է նկարահանվել ֆիլմը 40 տարի առաջ: Ռեժիսորն այսօր էլ նախագծեր ունի:  2008-ին  «Ոսկե ծիրանի»  շրջանակներում իրականացված «Ռեժիսորներ առանց սահմանի» մրցույթում հաղթած  «Ալպիական մանուշակ» գեղարվեստական ֆիլմի նախագիծը , որը նախարարության օժանդակությամբ պիտի կյանքի կոչվեր 2009-ին, առ այսօր   չի իրականացվել: Պատճառը հայ կինոարտադրության ոլորտում առկա  բացերն են: Հեռահար ծրագրերում նաև Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության հիման վրա ֆիմի գաղափարն է: Դավիթ Մաթևոսյանի հետ զրույցն ավարտում եմ հարցով.  ասում են մեծանուն գրողներն օժտված են  ազգի ապագան կանխատեսելու ունակությամբ, ինչպիսի՞ն էր տեսնում Հրանտ Մաթևոսանը Հայաստանի այսօրը:       

- Նա չցանկացավ դառնալ մեր սև օրերի մարգարեն և լռության ուխտ արեց: Հրանտ Մաթևոսյանը  պարզապես խնայեց մեզ իր լռությամբ:

Ալիսա Գևորգյան

Դիտվել է 790 անգամ
  • Сиров кардаци. Ансааман ачелиэр андипумы мецатаганд Грант Матевосяни аржанавор ворду ет.

    Сиров кардаци. Ансааман ачели эр андипумы мецатаганд Грант Матевосяни аржанавор ворду ет.