Գրիգոր Ավետիսյան. «Երբ գիտելիքներդ, զգացմունքներդ,  արժեքներդ, հանուն որոնց ապրում ես, հաղթում են բնազդներիդ. ինձ համար դա է հերոսությունը»  

Grigor_Avetisyan

Գրիգոր Ավետիսյան

Հայրը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ,  անվանի կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանն էր, որի անվան հետ են կապված Հայաստանում առաջին հեռուստաեթերը, առաջին  հեռուստատեսային նկարահանումներն ու առաջին հեռուստաֆիլմերի ստեղծումը: Ժիրայր Ավետիսյանը 36 փաստագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, որոնցից են «Ձորի Միրոն», «Շրթներկ համար չորս» կատակերգությունը,  «Պոեմ հերոսական» ֆիլմ բալլադը: Արվեստով խտացված մթնոլորտում ծնունդ ու հասակ առած Գրիգորի համար դեպի արվեստ ճանապարհը կարծես նախասահմանված էր: Ընտրեց բեմադրիչի մասնագիտությունը, ավարտեց Խ. Աբովյանի անվան  մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո արվեստի բաժինը, Լաերտ Վաղարշյանի կուրսը, աշխատանքի անցավ հեռուստատեսության ստուդիայում, ավելի  ուշ ավագ գիտաշխատող էր մշակույթի նախարարության ժողարվեստի գիտամեթոդական կենտրոնում: Աշխատեց նաև «Տեսք» կինոստուդիայում: Իսկ հետո՝ 1988 թվական, ազգային զարթոնքի սկիզբ: Արցախ մեկնեց տեսախցիկով, որպես օպերատոր, այնտեղից վերդարձավ որպես զինվորական:

- Ազգամիջյան այս խնդրին ես շատ ավելի վաղ էի ծանոթացել, դեռ 70-ականներին.   հայրս ֆիլմ էր նկարում` նվիրված Ստեփան Շահումյանին: Այդ առիթով գտնվում էինք Բաքվում: Հորս  մտերիմներից մեկը  տեղի «Կոմունիստ» թերթի խմբագիրներից էր: Նրա հետ հանդիպեցինք, զրուցեցինք,  ու այդ կինն ասաց, որ տագնապի մեջ է, Շուշիի  բանտապետը բնակարանի խնդրի պատճառով սպանել է ադրբեջանցի նախարարին ու ինքնասպան եղել:  Մեզ ծանոթ կինը չգիտեր՝ բանտապետը հայ է, թե ոչ: «Եթե պարզվի, որ հայ է,  Շուշիում կարող է կոտորած լինել»,- ասաց նա: Սովետական բազմազգ երկրի գեղեցիկ պատրանքը, իհարկե, անիրական էր դարձնում դա, բայց այդ ժամանակ ես հասկացա՝ ինչ-որ  բան, այնուամենայնիվ, այն չէ: 70 տարի այդ պատրանքով ապրել ենք մենք, բայց ոչ արցախցիները: Այդ վտանգն ամեն օր նրանց աչքի առաջ է եղել, և ահա եկավ 88-ը:

Դավիթաշենում` մեր շենքի հարևանությամբ գտնվող հուշարձանի մոտ  տղաները հավաքվում էին, ու հենց այստեղ էլ ձևավորվում էր «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատը: Հրամանատարը Աշոտ Մանուկյանն էր, շտաբի պետը՝ Սամվել Գևորգյանը: Այս ջոկատի հրամանատարներից էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: Տարբեր տեղերից էին տղաներ գալիս ու ընդգրկվում «Սասունցի Դավիթ» ջոկատում, որն այն ժամանակ պաշտոնապես գրանցված միակ աշխարհազորային կազմակերպությունն էր: Կազմակերպության ղեկավար Համլետ Հովսեփյանը մասնագիտությամբ իրավաբան էր և ամեն ինչ անում էր, որ ջոկատը գործեր օրենքի դաշտում: Այս ջոկատի կազմում էլ մեկնեցի Արցախ: Սկզբում եղել եմ Կրկժանում, որը Ստեփանակերտի պաշտպանության ամենավտանգավոր հատվածն էր: Շուշիի և Ստեփանակերտի մեջտեղում գտնվող թիվ 26 բարձունքը ամենավտանգավոր և ծանր կետն էր մինչև Շուշիի ազատագրումը: Թշնամին անընդհատ լարված աշխատում էր այդ ուղղությամբ, որովհետև այդ բարձունքն անցնելու դեպքում կմտներ  Ստեփանակերտ: «26»-ը  բարձունքի անվանումն էր, որ պայմանավորված էր  կապի հանգույցի համարով: Երկար ժամանակ  դիրքի հրամանատարը Յուրա Հովհաննիսյանն էր՝ 26-ի Յուրան:

26-ի Յուրայի մասին Գրիգոր Ավետիսյանը դեռ կպատմի, իսկ մինչ այդ՝ մթնոլորտի մասին, որն այն ժամանակ տիրում էր Արցախում:

- Մարդիկ տարբեր են, ու Արցախում էլ հայտնվել էին տարբեր մարդիկ՝ տարբեր շարժառիթներով: Հայաստանցիներից շատերին արցախցիները «կատու կռասկա տվող» էին անվանում , այսինքն՝ ներկած կատու, որն ուզում էր վագրի տեղ անցնել: Հայաստանից Արցախ «էքսկուրսիա» գնացած օգուտ քաղողների դասը բավականին մեծ էր: Մարդկային այդ տեսակը միշտ ավելի ճչացող է, սիրում է աչքի ընկնել, ցուցադրվել: Նվիրյալները շատ ավելի զուսպ են, նրանք հանգիստ իրենց գործն են անում՝ առանց պաթոսի: Իսկ  օպերատորական տեսախցիկը փնտրում է արտասովորը, գեղեցիկը: Սկզբում շատ էի նկարում պատրոնդաշով, բեղ-մորուքով մեր ֆիդայի ռեմբոներին:  Ռեմբոների մի մեծ հավաքածու կար այնտեղ: Իսկ ռեմբոն ազգի զինվորից  տարբերվում էր այն ժամանակ, երբ սկսվում էր մարտական լուրջ գործողությունը: Այս ամենը, իհարկե,  չէր նսեմացնում Հայաստանից մեկնած այն կարգին  տղաների դերը, որոնց արցախցիները սիրում ու գնահատում էին:

Արցախում Գրիգոր Ավետիսյանի օպերատորական աշխատանքն ավարտվեց առաջին ծանր մարտից հետո, և նա դարձավ շտաբի պետ Յուրա Հովհաննիսյանի՝ 26-ի Յուրայի օգնականը:

- Ես օպերատոր չէի, իմ նկարահանումները մի նպատակ ունեին՝ մեր տղաների քաջագործությունները նկարել այնտեղ ու ցույց տալ այստեղ, որպեսզի երիտասարդներին ոգևորենք` գնան Արցախ կռվելու:  Իմ նկարահանումները զուտ քարոզչական նպատակ ունեին: Բայց առաջին լուրջ մարտի ժամանակ շատ զոհեր տվեցինք, եկավ մի պահ, երբ ես պարզապես ստիպված էի տեսախցիկը դնել մի կողմ ու զենք վերցնել, կռվող էր պետք…

Իսկ Յուրային  ճանաչում էի դեռ Դավիթաշենից, նույն թաղամասում էինք ապրում: Աներևակայելի մի մարդ, որը հանուն արժանապատվության պատրաստ էր  զոհաբերել ամեն ինչ, անգամ կյանքը: Յուրայի մայրը ազգությամբ հույն էր, և նա ասում էր՝  ես երկու ազգի վրեժ եմ լուծում:

26-i_Yura-1

26-ի Յուրան

Մասնագիտությամբ ֆիզիկոս Յուրա Հովհաննիսյանը 1989-ից   մասնակցել է «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմավորմանը, եղել է հրամանատար: Մասնակցել է Իջևանի, Երասխի,  Նոյեմբերյանի ինքնապաշտպանությանը, ինչպես նաև   Քաշաթաղի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրմանը, Հաթերքի համար մղված պարտիզանական մարտերին, Շուշիի ազատագրմանը:   Երկու անգամ վիրավորվել է: Յուրա Հովհաննիսյանը զոհվեց 1993 թ. հունիսի 27-ին արկի պայթյունից, երբ Մարտակերտի  դիրքերը ստուգելուց հետո  վերադառնում էր Ստեփանակերտ:

26-i_Yura-sev_spitak

26-ի Յուրան

26-i_Yura-krakelis

26-ի Յուրան

- Շուշիի  ազատագրումից մի քանի օր առաջ շատ ծանր կռիվ տեղի ունեցավ: Ես  հավատավոր մարդ եմ և կյանքի ու մահվան սահմանն ինձ համար պարզապես անցումային մի փուլ է: Հանգիստ եմ նայում մահվանը, որովհետև այն չեմ դիտում որպես վերջ, բայց շատերի համար մահը, իհարկե,  սարսափելի է, և իրական վտանգի հետ բախվելիս անմիջապես սկսում է գործել ինքնապաշտպանական բնազդը: «26»-ի պաշտպանության ժամանակ  եկավ մի պահ, երբ այլևս կռվող ուժեր չունեինք, իսկ թշնամին մոտենում էր: Յուրան ասաց. «Եթե մնանք, հինգ րոպեից հետո շրջափակման մեջ կլինենք, մեր գնալու ժամանակն է»: Երեք-չորս հոգով էինք,  պայթյունների տակ սկսեցինք վազել, դա տևեց առնվազն 15 վայրկյան, և հանկարծ Յուրան կանգ առավ ու ասաց. «Ո՞ւր ենք վազում»:  Հենց այդ 15 վայրկյանների ընթացքում նրա մեջ խեղդվել էր  ինքնապաշտպանական բնազդն ու հաղթել էր գիտակցությունը: Ինձ համար դա է հերոսությունը, երբ գիտելիքներդ, զգացմունքներդ, արժեքներդ, հանուն որոնց ապրում ես, հաղթում են բնազդներիդ: Երբ վախենալով  մահվանից ու չափազանց սիրելով կյանքը` միևնույն է, հասկանում ես, որ կա  ավելի կարևոր մի բան, հանուն որի պետք է զոհաբերվես: Մենք մնացինք տեղում, ուրիշ ջոկատներ մեզ օգնության հասան, հարցը լուծվեց, և այդ 15 վայրկյաններն այնքան որոշիչ դարձան: Արցախում շատերը  նրան դեմքով չէին ճանաչում, բայց բոլորն էին լսել  26-ի Յուրայի մասին:

«26»-ը ուրեմն դիրքի անվանումն էր, իսկ այդ  դիրքը կազմավորել էր Սեյրան Օհանյանը: Նրա հետ շփվելու շատ առիթներ չեմ ունեցել, բայց չափազանց գնահատել եմ մի բան: Եղել են դեպքեր, երբ  նա  կարող էր ընդվզել, պոռթկալ, բայց դա չէր անում՝ գիտակցելով,  որ պոռթկումով իր «ես»-ը կարող է հաղթել, բայց իրավիճակը կտուժի: Որպես հայ զինվոր, հրամանատար, նվիրված,  բարձր գիտակցություն ունեցող  մարդ` Սեյրան Օհանյանը, իհարկե, շատ  բարձր կերպար է:

Ի՞նչ է պատմությունը. ժամանակը կանցնի, և 100 տարի հետո մեզնից ոչինչ չի մնա: Պատմության մեջ կմնան  այս կերպարները և այն փաստը, որ XX դարի վերջին մենք կարողացանք ազատագրել մեր հայրենիքի մի մասը: Երբեմն կռվողները նեղսրտում են՝ սրա՞  համար կռվեցինք, նրա՞ համար կռվեցինք:  Բայց փաստն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն արեց իր գործը.  սպառողն ու իրավիճակից օգտվողը՝  իր գործը, նվիրյալը՝ իր գործը: Միշտ և ամենուր է այդպես, մարդիկ լինում են վերցնող և նվիրող: Արցախյան պատերազմում էլ տարբեր մարդիկ տարբեր պատճառներով էին հայտնվել: Ես իմ նկարահանած նյութերի մեծ մասը  հենց այնպես բաժանել եմ, միակ  նպատակս էր, որ տեղեկությունը տեղ հասնի, մարդիկ տեսնեն՝ ինչ է կատարվում Արցախում:  Ես  գրեթե թշնամանքով էի վերաբերվում այն մարդկանց, որոնք իրենց նկարահանած նյութերով փող էին աշխատում: Այն ժամանակ դա ինձ համար սրբապղծության նման մի բան էր: Կարգախոս էի դարձրել՝ ընկերներիս արյան վրա փող չեմ աշխատի: Հետագայում, երբ գնում էի մարտական ընկերներիս տուն ու նրանց երեխաներին ոչինչ չէի կարողանում տանել,  հասկացա, որ ես՝ սովետական դաստիարակությամբ մարդս, սխալ եմ գործել:

Պատերազմի շրջանում  կատարած նկարահանումների հիման վրա Գրիգոր Ավետիսյանը երկու փաստագրական ֆիլմ է ստեղծել: Առաջինը նվիրված է «Սասունցի Դավիթ» ջոկատին , երկրորդը՝ Յուրա Հովհաննիսյանին, այն կոչվում է «Խաղում ենք պատերազմ»:  Նա նաև   գործուն մասնակցություն է ունեցել հոր՝ ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի բազմաթիվ ֆիլմերի նկարահանումներում:

- Ժիրայր Ավետիսյանի ֆիլմերի մեծ մասի մեջ ազգային արժանապատվության խնդիրը կա: Դա հավանաբար օրինաչափ էր մշեցու արմատներով մարդու համար, որի հայրը տեսել էր սարսափելի ողբերգությունը: Մշո գավառի Դղնիք գյուղից էր. երեխան հանդում աշխատող հորը հաց է տանում ու տեսնում, որ հայրը սպանված է: Մինչև տուն է հասնում, թուրքերն արդեն գյուղում էին: Հարևան քուրդը բռնում  է երեխային ու շպրտում դեպի մարագը, որտեղից 11 տարեկան տղան  տեսնում է, թե ինչպես են թուրքերը կոտորում իր ողջ ընտանիքը: Ֆիդայի բառն առաջին անգամ օգտագործվել է Ժիրայր Ավետիսյանի  «Ձորի Միրոն» ֆիլմում: Հինգ-վեց անգամ այս ֆիլմի նկարահանումները դադարեցվել են:  Երբ խորհրդային իշխանության հարաբերությունները Թուրքիայի հետ լավանում էին, ֆիլմը  փակում էին, վատանում էին՝ նորից թույլ էին տալիս: Որպեսզի ֆիլմն ընդհանրապես իրականություն դառնար, չափազանց մեծ ներդրում է ունեցել հեռուստառադիոպետկոմի նախագահ, արմատներով սասունցի Ստեփան Պողոսյանը: Ես հիշում եմ, երբ  հավաքվում էին Սոս Սարգսյանը, Մուշեղ Գալշոյանը, Լաերտ Պողոսյանը,  հայրս ու երդվում էին, որ «Ձորի Միրոն»  հասցնելու են մինչև վերջ: Իսկ ինչո՞ւ «Ձորի Միրո»:  Միրոյի պատուհանները նայում էին դեպի ձորը, նա խռով էր մարդկանցից, աշխարհից, կյանքից, խռովել էր, որովհետև տեսել էր նաև ռուսի դավաճանությունը, որին վստահել  էր անվերապահորեն: Ֆիլմում կար տեսարան, որը հետագայում հանվեց. ռուս զինվորականների հետ զրուցելուց հետո Միրոն գնում է, որ ուրախալի լուրը հասցնի, թե ռուսական զորքը գալիս է փրկելու  հայերին:  Ճանապարհին մի պահ հետ է նայում ու տեսնում, որ  ռուսական զորքը հեռանում է:

Վերադառնալով կենսագրության արցախյան էջին՝ Գրիգոր Ավետիսյանն ամփոփում է  զրույցը.

- Մենք հաղթեցինք այս պատերազմում, և կարևորը դա է: Մենք հաղթեցինք թվաքանակով մեզնից մի քանի անգամ ավելի հզոր թշնամուն: Ձեռք բերեցինք անկախ պետություն, որտեղ պիտի շատ երեխաներ ծնվեն ու մեր զինվորները պիտի ազատվեն  Կալաշնիկով հրացանից   դեպի օդ կրակելու բեռից:  Չեչնիայի երիտասարդ նախագահ Կադիրովը վերջերս մի իմաստուն միտք արտահայտեց. «Ինչո՞ւ  է պետք ազգին անկախությունը, որպեսզի ազգը խոսի իր լեզվով, իր երեխաներին սովորեցնի այդ լեզուն, ապրի իր ազգային մշակույթով և պահպանի իր կրոնը: Սրա համար են մարդիկ կռվում»:  Անկախությունն  ինքնանպատակ չէ, դա ազգային տեսակը պահելու և լավագույնս դրսևորվելու հնարավորությունն է:

Որքանով է դա մեզ  հաջողվում, ըստ Ավետիսյանի, գնահատականները վաղաժամ են.

- Կարևորն այն է, որ ներուժ ունեք. իրավիճակի մի փոքր շտկում, և աշխարհին շատ բան կարող ենք տալ: Ձեռք բերածը պահպանել է պետք:  Լավատես եմ,  որովհետև լավատեսությունը հայի արյան մեջ  է:

Ալիսա Գևորգյան

 

Դիտվել է 1358 անգամ