«Ոսկե ծիրան»՝ ոսկու գնի ծիրանով

ցիռան2Այս տարի ծիրանը գնային առումով լրիվ կհամապատասխանի երևանյան կինոփառատոնի անվանը՝  «Ոսկե ծիրան»:  Կազմակերպիչները ծիրանը ոսկու գնով կառնեն և կհրամցնեն հյուրերին, թե մի քիչ էժան, ծիրանի սեզոնին կերևա, բայց կինոփառատոնն արդեն նախապատրաստական փուլում է: 101 երկրներից 1500 հայտ է ներկայացվել: Այս թիվը կավելանա, քանի որ մասնակցության դիմումները դեռ ընդունվում են: Աննախադեպ է Գերմանիայի ակտիվությունը. այդ երկրից 141 ֆիլմ է ստացվել, երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 120 ֆիլմի հայտով, այնուհետև՝ Իտալիան, Ֆրանսիան, Իրանը: Հայաստանից ներկայացվել է 59 ֆիլմ:

«Ոսկե ծիրանն»  անց է կացվելու 11-րդ անգամ մշակույթի նախարարության և ՎիվաՍել ՄՏՍ-ի հովանավորությամբ: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր է մեծանում հետաքրքրությունը երևանյան փառատոնի նկատմամբ: Դա է վկայում ներկայացվող ֆիլմերի քանակը: Կինոքարտեզի վրա Հայաստանն իր տեղն ամրագրել է: Դրսից եկող ֆիլմերի որակից ու քանակից չենք դժգոհում, բայց ռազմավարական նշանակություն ունի նաև հայկական ֆիլմերը դրսում ճանաչելի և մրցունակ դարձնելու հանգամանքը:

Այս տարի «Ոսկե ծիրանը» նվիրվելու է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Հատուկ ծրագրով ցուցադրվելու են փարաջանովյան ֆիլմեր: «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Փարաջանովին: Կազմակերպիչները դեռ չեն կողմնորոշվել՝ Փարաջանովի որ ֆիլմով բացել կինոփառատոնը՝ «Նռան գույնո՞վ», թե՞ վավերագրական ֆիլմերով: ցիռաննեռՓակագծեր կան, որոնք նրանք դեռ չեն ուզում բացել, օրինակ՝ ասում են, որ մեծ կինոյի անվանի վարպետներ են գալու Հայաստան, բայց անունները դեռևս չեն նշում: Համաշխարհային էկրանի մեծերը վարպետության դասեր կանցկացնեն Երևանում: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հորդորում է հայ ռեժիսորներին. «Միջազգային ժյուրի է լինելու. օգտվեք առիթից ու ձեր կինոնախագծերը ներկայացրեք նրանց դատին: Նրանց գնահատականը շատ կարևոր ու պիտանի է սեփական հնարավորությունները ճանաչելու իմաստով»:

«Ոսկե ծիրանի» անվանակարգերը նույնն են՝ միջազգային վավերագրական, միջազգային  խաղարկային ֆիլմեր, «Հայկական համայնապատկեր» և կարճամետրաժ ֆիլմերի«Կորիզ» ծրագրեր: Փառատոնն ունենալու է այլ ծրագրեր ևս՝ «Երևանյան պրեմիերաներ», որի շրջանակում կցուցադրվեն տարվա լավագույն ֆիլմերը,  դասական կինոնկարների ռետրոսպեկտիվ ցուցադրություն և համաշխարհային էկրանի վարպետների մեծարման երեկոներ:

Փառատոնի օրերին կանցկացվեն ավանդական դարձած «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում-դասընթացները, որոնք խթանում են տարածաշրջանային կիոնարտադրության զարգացմանը: Մինչև փառատոնի մեկնարկը արտասահմանցի մասնագետները կանցկացնեն դասընթացներ «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներն այսուհետև ավելի հաճախ կհանդիպեն ԶԼՄ-ների հետ՝ նոր փակագծեր բացելու և մանրամասնելու փառատոնային եռուզեռը:

Նաիրա Փայտյան

 

Դիտվել է 370 անգամ