Արա Շարբաթյան. «Վտանգի պահին բոլորս միավորվում ենք, շատ թանկ ենք դառնում մեկս մյուսի համար: Լավ է , թե՝ վատ, հայը սա՛ է»:

DSC_0006«Պատերազմի վավերագրողները» շարքի հերթական հերոսը Արա Շարբաթյանն է:

Ծնվել է Երևանում 1959 թ.: Աշխատանքային կենսագրությունն սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Առաջին ֆիլմը Ֆրունզե Դովլաթյանի «Երկունքն» էր, որի աշխատանքներին մասնակցում  էր որպես սպասարկման մեխանիկ:

- 16 տարեկան երիտասարդի  համար դա մեծ դպրոց էր: Ես հասկացա, որ նկարահանման հրապարակում «մանրուք»> ասվածը գոյություն չունի: ԱյստեղgetImage (5) ամեն ինչ կարևոր է. եթե հող է, այն պետք է լինի թաց, որովհետև փոշին ժապավենի թիվ մեկ թշնամին է: Տեխնիկան արևի տակ երկար մնալ չի կարող, այն պետք է ծածկել  համապատասխան սավաններով՝ կախված եղանակից: Ինձ, իհարկե, ամենից շատ հետաքրքրում էր նկարահանումների տեխնիկական կողմը:

- Ինչպե՞ս հայտնվեցիք Արցախում:

- 92-ին ինձ զանգահարեցին  պաշտպանության նախարարությունից՝ առաջարկելով անցնել ծառայության նախարարությունում: Հաջորդ օրն իսկ իմ անձնական տեսախցիկով աշխատանքի անցա ՊՆ-ի լրատվական բաժնում որպես օպերատոր: getImage (6)Նախարարությունում հայտնվեցի Վազգեն Սարգսյանի շնորհիվ, որին ճանաչում էի դեռ 1981-ից: Մենք ծանոթացել էինք Լևոն Գրիգորյանի «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմի նկարահանման ժամանակ: Քչերը գիտեն, որ այդ ֆիլմում փոքրիկ դերով հանդես է եկել նաև Վազգեն Սարգսյանը: Ֆիլմում նրա մարմնավորած հերոսին գնդակահարում է գերմանացին, իրական կյանքում Վազգեն Սարգսյանը գնդակահարվեց հայ ֆաշիստի ձեռքով, ինչն ինձ համար շատ ցավալի ու ծանր է: Ի դեպ, Վազգենն այդ ֆիլմը չէր սիրում: Նկարահանումների ժամանակ մենք 40 օր միասին Էլբրուսում էինք, այնտեղ էր նաև կինոօպերատոր Շավարշ Վարդանյանը: 92-ին Վազգեն Սարգսյանի անունից հենց նա էր ինձ զանգահարողը: Փաստորեն, Արցախում հայտնվել եմ կինոյի շնորհիվ:

- Ե՞րբ և որտեղի՞ց սկսեցիք արցախյան պատերազմի վավերագրությունը:

- Առաջին անգամ 92-ին նկարահանումներ կատարեցի Կապանի հատվածի հայ-ադրբեջանական սահմանում, իսկ հետագայում եղել եմ բոլոր թեժ կետերում: Ուզում եմ պատմել Վազգեն Սարգսյանի մասին: Նրա միակ նպատակն էր օգնել բանակին, ինչով կարող էր: Անձնականի մասին ընդհանրապես չէր մտածում: Գնահատում էր աշխատող մարդուն: Ինձ դիմում էր՝ վարպետ Արայիկ: Դա ինձ համար չափազանց թանկ գնահատական էր:

getImage (7)Պատերազմի ժամանակ նկարահանած իմ  նյութերն ամբողջությամբ տնօրինում էր պաշտպանության նախարարությունը: Այդ նյութերն օգտագործվել են  բազմաթիվ ֆիլմերում: Պատերազմին նվիրված առաջին ֆիլմն իրականացրել եմ ռեժիսոր Վան Արյանի հետ: Ֆիլմը նվիրված էր Մոնթեին , կոչվում էր «Մոնթե. ո՞վ է նա»:   Որոշ մարմինների կողմից այն, ցավոք, կրճատումների ենթարկվեց: Դիտելիս անգամ լացս գալիս էր: Մոնթեն իսկապես հերոս էր, առեղծված, նրա կատարածն անգերազանցելի էր: Արցախում ժողովուրդը նրա անունով էր երդվում: Ես նկարել եմ Մոնթեի  հուղարկավորությունը. երբ նայում ես այնտեղ մարդկանց աչքերին, հասկանում ես, թե ինչ ենք կորցրել:  Մոնթեն պիտի՛ ապրեր, ցավալի է, որ նա չկա…

getImage (12)Արցախում կային հերոսներ, որոնց մասին շատերը չգիտեն: Այնտեղ ծանոթացա գնդապետ Ռեմ Մարդանյանի հետ. հերոս, իրական հերոս: Ամբողջ պատերազմն անցավ առանց մեկ վարկյան անգամ կռանալու: Ինքս եմ ականատես եղել ու անգամ նկարել եմ այդ տեսարանը. չորս կողմից կրակոցներ են, իսկ նա կանգնած է ուղիղ և հաղորդում է. «Ոչխարները գալիս են, ոչխարները գալիս են»: Խոսքը ադրբեջանցիների մասին էր: Վախի զգացողությունը բացակայում էր նրա մեջ:

- Իսկ ինքներդ այնտեղ ապրե՞լ եք այդ զգացողությունը:

- Իհաʹրկե: Բայց այնտեղ մենք պարտավոր էինք թաքցնել մեր վախը, որպեսզի մյուսներն  այն չտեսնեին: 20-25 տարեկան երիտասարդին ինչպե՞ս կարող էիր մատնել քո վախը: Այնտեղ պետք էր քաջալերել միմյանց, հաճախ ինքս էլ երգել եմ երիտասարդներին քաջալերելու համար: Ինձ համար նկարելն  աշխատանք էր, փորձում էի ավելի սառնասրտորեն վերաբերվել իրականությանը, մտածում էի՝ եթե խփելու լինեն, կխփեն: Ասեմ, որ խփեցին, բավական ծանր վիրավորվեցի, ու հրաշք է, որ հիմա կենդանի եմ ու այդ մասին պատմում եմ:

Պատերազմի ծանր օրերից մի դեպք հիշեցի. տղաներով քաղցած, հոգնած նստած էինք, մեր կողքին զոհված մի երիտասարդի դիակ կար: Չափազանց ծանր մթնոլորտ էր, բայց քաղցը տանջում էր: Ու հանկարծ մտքովս անցավ՝ Աստված ջան,  հրաշք լիներ, վերևից մի կտոր հաց ընկներ: Պատկերացրեք` հրաշքը կատարվեց. հայտնվեց մի մեքենա, որտեղ բավականին մթերք կար…

- Ինչը՞ մեզ օգնեց հաղթել այս պատերազմում:

- Ոգին: Ու այդ հաղթանակը պարտավոր ենք պահպանել: Մեր ազատագրած յուրաքանչյուր թիզ հողը կարևոր է, դա մեր անվտանգության սահմանն ու երաշխիքն է, որի համար տղաներն արյամբ են հատուցել: Իրականությունը սա է. հետ գաս, թշնամին առաջ կգա: Մենք մեր անվտանգության սահմանն ապահովել ու կանգնել ենք, նահանջելու տեղ չունենք:

Իմ աշխատանքային կենսագրության շատ կարևոր մի հատված առնչվում է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության  «Զինուժ» ծրագրին, որտեղ հրաշալի մարդկանց հետ եմ աշխատել. «Զինուժի» առաջին ղեկավար Գեղամ Հարությունյան, ապա Արմեն Դուլյան, ինձ շատ հարազատ ու սիրելի Սեյրան Շահսուվարյան, բացառիկ ղեկավարներ…

Շատ անուններ, փաստեր հաճախ մոռացվում են,  բայց լինում են նաև այսպիսի դեպքեր. օրինակ՝ դուք ինձ հիշեցիք, ինչի համար շնորհակալ եմ: Կարևորը կատարված աշխատանքն է:  Քչերը գիտեն ԵԿՄ համագումարի ժամանակ արված այն տեսանյութի հեղինակին, որտեղ Վազգեն Սարգսյանն իր երկու ընկերների հետ ամբիոնի մոտ կանգնած երգում է, բայց այդ տեսանյութը չափազանց սիրված ու հայտնի է: Իմ կարծիքով կարևորը դա է:

Հայոց բանակը բարուրից աչքիս առաջ է, իմանալով և՛ այդ բանակը, և՛ հայ մարդու տեսակը, կարող եմ պնդել, որ դեռ շարունակելու ենք մեր ճանապարհը: Սովորական պայմաններում մենք կարող ենք միմյանց վիրավորել, քծնել, թուլանալ, անտարբեր լինել, բայց վտանգի պահին բոլորս միավորվում ենք, շատ թանկ ենք դառնում մեկս մյուսի համար: Լավ է , թե՝ վատ,  հայը սա՛ է…

getImage (13)Արա Շարբաթյանն այժմ աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում որպես օպերատոր: Կյանքին էլ, ինչպես ասում է, նայում է օպերատորի հայացքով. անսահման ժամանակի մեջ արձանագրում է ակնթարթը՝ շատ –շատերի համար, գուցե,  անտեսանելի: Արձանագրում է ոչ միայն տեսախցիկով, այլև լուսանկարչական ապարատով:

- Որքան օպերատոր եմ, տասն անգամ ավելի լուսանկարիչ եմ: Եվ փորձում եմ արձանագրել միայն դրականը, իմ սկզբունքն է՝ կադրը պետք է լինի մաքուր, հատկապես՝ մտքով: Լուսանկարն ու կինոն շատ ընդհանրություններ ունեն, սա ասում եմ նաև որպես ռեժիսոր (ավարտել է Արևելյան Սիբիրի արվեստի ինստիտուտի ռեժիսորական բաժինը): Երկու դեպքում էլ պետք է ամեն ինչ որսալ մեկ հայացքով և ենթարկել քեզ:

- Իսկ ի՞նչ հայացքով եք նայում ժամանակակից հայ կինոյին:

- Ցավոտ հարց է: Գիտե՞ք, որ յուրաքանչյուր կինոստուդիա ունի իր հոգին: Ժամանակին այդ հոգին գտնվում էր Տերյան 2 հասցեում, հետո այն տեղափոխվեց Աշտարակի խճուղի, իսկ այժմ որտե՞ղ է այդ հոգին, չգիտեմ, որովհետև չկա իմ շատ սիրելի «Հայֆիլմ» կինոստուդիան: Դա դպրոց էր, իսկ դպրոցը քանդել չի կարելի:

Արա Շարբաթյանը խոսեց  նաև  ռազմական օպերատորներ պատրաստելու անհրաժեշտության մասին: Հայաստանում, ըստ նրա,  այս մասնագիտությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի:

Ալիսա Գևորգյան

 

Դիտվել է 564 անգամ