Վեռնոյից՝ Մալաքյան․ գենետիկ հիշողությամբ

K4Tew3IBrm20gRkgnqmuWkG2QPՊատրիկ  Մալաքյանն  առաջին  անգամ Երևանում, 2010-ին իր համար պարզեց  թե ինչ է իրականում նշանակում համաժողովրդական սեր, երբ   «Մայրիկ»  ֆիլմի երաժշտության  ընդամենը մի քանի  նոտաներ  կամ  կարճատև դրվագն անգամ կարող է  հուզել  ու հոգու հիշողությամբ լցնել մի ամբողջ կինոդահլիճ: 2010-ն էր,  ու Պատրիկի հոր`  ֆրանսիական կինոյի ամենահայտնի հայի` Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքյանի  90-ամյակը  «Ոսկե  ծիրան»  կինոփառատոնում  նշվեց նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությամբ, մայրիկի իր  անզուգական կերպարով հայերի տարբեր սերունդների կուռքը դարձած Կլաուդիա Կարդինալեի մասնակցությամբ  և Պատրիկի  համար  չափազանց կարևոր    մի   հայտնությամբ. հեռավոր Հայաստանում հազարավոր մարդիկ  «Մայրիկի»   պատմությունը  զգում և վերապրում են  ինչպես իր հայրը:

Այն ժամանակ   Վեռնոյի  որդին որոշեց, որ վերադառնալու է Հայաստան,  ու  հիմա՝  չորս տարի անց, կրկին Հայաստանում է: Եկել է երկիրն ու մարդկանց ավելի լավ  ճանաչելու, նաև  ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու համար: Հայաստան  այցելության մի քանի օրերի ընթացքում մեծ հաճույքով  այցելում է   հայկական  դպրոցներ ոչ միայն  Երևանում, այլև մարզերում: patrik-malakyan-472x265Երեխաների հետ  անկեղծ  ու մտերմիկ  շփումների ընթացքում  շատ ծանոթ զգացումներ  է ապրում, ասում է՝ գենետիկ հիշողությամբ   փոխանցվող  ապրումներ են: Խոսելով  իր հայկական ինքնության  ու  Վեռնոյից   Մալաքյան  շրջադարձի մասին, փաստում է . «Մինչև   20  տարեկանը ես ոչինչ  չգիտեի   ո՛չ իմ նախնիների  ու ո՛չ էլ  այն խնդիրների  մասին, որոնց պատճառով   մեր ընտանիքում  արգելքներ կային`թեմաներ  որոնց մասին երբեք ու ոչինչ չէր խոսվում: Հայերի ցեղասպանությունը մի թեմա էր, որ երբեք չէր շոշափվում մեր ընտանիքում, միայն հիմա եմ  հասկանում՝ ինչու: Հայրս սարսափում էր այն մտքից, որ այդ անտանելի ցավը կարող է փոխանցվել իր երեխաներին: Այդ պատճառով  մեզ  անգամ արգելում  էին հայերեն  խոսել: Հայրս   հասկանում էր, որ   մենք պետք է ամբողջությամբ  ինտեգրվենք  այն  հասարակությանը, որում ապրում էինք,  ու ամեն ինչ անում էր դրա համար:Սակայն դա չխանգարեց, որ մինչև  18 տարեկանը,  Վեռնոյ  լինելով, 18-ից հետո  ես վերադառնամ իմ իսկական՝ Մալաքյան ազգանվանը: Ես դարձա  Մալաքյան և ցանկացա իմանալ ամբողջ ճշմարտությունը եղեռնի մասին:

մայռԴա միանգամայն բնական էր, քանի որ  ցանկանում էի վերադառնալ իմ արմատներին: Եվ այս դեպքում արդեն արգելքներ չկային, որովհետև   կարևոր   ու սկզբունքային հարցերում  ծնողներս  միշտ  ինձ ու քրոջս  ազատություն են տվել»:

Պատրիկը, որ   որպես  երկրորդ ռեժիսոր   Վեռնոյի  հետ  աշխատել է   «Մայրիկ»  ֆիլմում, հիշում է, որ  իր  համար  ամենացավոտ խնդրից  հայրը ձերբազատվեց միայն «Մայրիկը»  նկարահանելուց հետո.  «Այդ ֆիլմը   չափազանց կարևոր  էր  նրա համար, մանավանդ  մայրիկիս  մահից հետո: Այո, նա ծագումով հայ էր, բայց  35 տարի ապրելով Ֆրանսիայում՝ արդեն  ֆրանսիացի էր իր կենսակերպով: Այդուհանդերձ, ամբողջ այդ ընթացքում նա  պահպանել է  իր հայկական արմատները ներկայացնելու ձգտումը, իսկ մայրիկիս մահից հետո  հատկապես տարվեց դրանով: 35  տարվա ընթացքում բազմաթիվ ֆիլմեր նկարահանեց, բայց թերևս  դեռ չէր հասունացել իր համար այդքան կարևոր ֆիլմը նկարահանելու համար: Երբ հասկացավ,  որ պահը եկել է, ամբողջությամբ տրվեց այդ  ձգտմանն  ու  արեց  լավագույնը, ինչ կարող էր անել»:

Հետադարձ  հայացքով գնահատելով   Վեռնոյի  կյանքի  ֆիլմի  աշխատանքային ընթացքն ու   ավարտը` բավականությամբ է հիշում թե ինչ  թեթևություն ու բավարարվածություն էր  զգում  հայրը   «Մայրիկն»  ավարտելուց  հետո. «Նա այնքան երկար էր սպասել այդ պահին: Չափազանց երջանիկ էր, որ  վերջապես հնարավորություն   ունեցավ պատմելու  իր  կյանքը ազնվորեն, շիտակ  ու իր տաղանդի ամբողջ ուժով: hqdefaultԵրբ  արդեն  գրել էր «Մայրիկը»,   շատ հաճախ տանջվում էր այն մտքից, որ ֆրանսիական հասարակությունն ամբողջությամբ չի ընկալում  այդ  պատմությունն ու խորքային խնդիրները։Այդ ամենը նրա համար շատ անձնական  ու  ցավալի էր, որ  կարողանար սթափ  ու  առանց հույզերի վերաբերվել դրան։ Եվ երբ վերջապես նկարահանեց իր գլխավոր ֆիլմը, ասես լրիվ դատարկեց, թոթափեց  այն ցավը, հիշողություններն ու դառնությունները, որ տասնամյակներ շարունակ տանջում էին նրան, ինչից այդքան զգուշորեն  ու խնամքով պաշտպանում էր մեզ»:

Հայաստանյան կարճատև այցի ընթացքում Պատրիկին նաև   անակնկալ էր  սպասում։ Դեռ անցած  տարի՝ հայ-ֆրանսիական բարեկամության օրերի ընթացքում, տեղի ունեցավ Մարսելի  հրապարակներից մեկի անվանակոչության հանդիսությունը:

վեռնօյԱրդեն գրեթե մեկ տարի է, ինչ    ֆրանսիացիները   Վեռնոյի  հանդեպ իրենց սիրո  ու հարգանքի նոր  հասցե  են գրանցել՝ քաղաքի  գեղեցիկ հրապարակին տալով կինոյի մեծ վարպետի անունը: Ֆրանսիացիներից  հետո, փոքր-ինչ  ուշացումով,   նման մի որոշում է  կայացրել նաև Երևանի ավագանին, և արդեն տարեվերջին՝ Վեռնոյի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 15-ին,    ռեժիսորի  անվան  ցուցանակը  կփակցվի նաև երևանյան փողոցներից մեկում, այն փողոցում, որը ձգվում է Թատրոնի և կինոյի պետական  ինստիտուտից մինչև  Համազգային թատրոնի նորակառույց շենքի տարածքը: Պատրիկը  մեծ բավականությամբ ընդունեց  այս լուրը։ Կարծում  է, որ  հայրն իրեն բնորոշ  համեստությամբ նման  ձեռնակների սիրահար չէր, բայց  ինքը մեծ պատիվ է համարում  այդ  որոշումն  ու  վստահեցնում է, որՄալաքյանների  ընտանիքն ամբողջ կազմով   հաճույքով  կքայլի այդ փողոցով: Եվ ուրեմն  հաջորդ հանդիպումը Հայաստանի հետ չի ուշանա:

Նունե   Ալեքսանյան

 

Դիտվել է 496 անգամ