Դդմաշենցի աղջկա մասին պատմությունը հայտնվել է Կաննում

DETAIL_PICTURE__83125106Պետերբուրգցի ռեժիսոր և լրագրող, «Մոսկովսկի կոմսոմոլեցի» թղթակից Էվելինա Բարսեղյանին հրավիրել են 67-րդ Կաննի կինոփառատոն: Նրա «Մեկը ձեզ սիրում է» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Short film corner» ծրագրում:

Թանկ հաճույք

Մի քանի տարի առաջ Էվելինա Բարսեղյանը չէր էլ մտածում Կաննի մասին: Նա հոդվածներ էր գրում քրեական թեմաներով և սցենարներ` հեռուստատեսության համար: Իսկ ընդմիջումներին երազում էր կինոյի մասին: Առաջին կարճամետրաժը` «Բիզնեսմենը», նկարել է 2010 թ., այնուհետև` «Խոստովանությունը»: Դա էլ առաջին հաղթանակը բերեց: Կինոնկարն ընտրվեց Պետերբուրգի «Մետրոպոլիս» կինոֆորումի ծրագրում, որը ղեկավարում էր ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը: Այնուհետև ֆիլմը հասավ «TV երկիր» ազգային մրցանակի եզրափակիչ:

- Հենց այդ ժամանակ միտք հղացա նոր ֆիլմ նկարել` քնարական դրամա սիրո և հանուն սեփական երազանքների պայքարի մասին,- ասում է Էվելինա Բարսեղյանը:- Այդ կինոնկարի մասին մտածում էի գրեթե երկու տարի ու միջոցներ էի փնտրում նկարահանումների համար: Բայց կինոն թանկ հաճույք է: Այն ժամանակ կարծում էի, որ ավելի հեշտ է ինքդ ներդրվես քո ֆիլմում, քան պրոդյուսերներ փնտրես ու համոզես նրանց:

Էվելինան որոշում է ֆիլմը նկարել Հայաստանի սրտում` փոքր Դդմաշեն գյուղում` հիասքանչ Սևանա լճից ոչ հեռու:

- Այս պատմությունը կարող էր տեղի ունենալ ցանկացած քաղաքում, այդ թվում և Պիտերում: Բայց կոնֆլիկտը սրելու համար որոշեցի գործողությունները տեղափոխել ավելի պահպանողական միջավայր,- ասում է ռեժիսորը:- Գլխավոր հերոսուհին` Անին, ուզում է, որ ինքն ընտրի իր կյանքի ճանապարհը` հաշվի չառնելով շրջապատի կարծիքը: Բայց հեշտ չէ տարբերվել մեծամասնությունից, մանավանդ` խուլ գյուղում, որտեղ ծնողներդ ու հարևաններդ նախապես գծել են կյանքիդ ճանապարհը:

24-ամյա Անին, որ տեղի չափանիշներով պառաված օրիորդ է, սիրահարվում է մի տղամարդու, որն իրեն համապատասխան չէ.  ավելի հարուստ ու գեղեցիկ է: Բայց նա, միևնույն է,   պայքարում է հանուն իր երազանքի:   Թեկուզև ոչ միշտ հաջողությամբ:

Չհամբուրվող դերասանուհիների երկիրը

Դերասաններին, ինչպես և ամբողջ նկարահանող խումբը Էվելինան փնտրում է արդեն Հայաստանում: Ամենից դժվարը գլխավոր հերոսի` գեղեցիկ Արտյոմի դերակատարին գտնելն էր, որին էլ սիրահարվում է Անին:

- Ես շրջում էի քասթինգի գործակալություններում դերասան Դանիլա Կոզլովսկու լուսանկարը ձեռքիս և ասում էի, որ ահա սրա նման եմ ուզում,- պատմում է Էվելինան:- Իմիջիայլոց, Հայաստանում մեր դերասաններին շատ լավ գիտեն ու սիրում են: Ի վերջո, ընտրեցի շատ գեղեցիկ թխահեր Կառլոս Մուրադյանին, որն էլ խաղաց Արտյոմի դերը: Պարզվեց, որ շատ պատասխանատու մարդ է. նկարահանումների եկավ իր հարսանիքի հաջորդ օրը` առավոտյան ժամը 7-ին: Իսկ գլխավոր հերոսուհուն գտա հավանաբար միայն Պետերբուրգի շնորհիվ: Արևիկ Գևորգյանը, որ երիտասարդ, բայց երկրում արդեն ճանաչված դերասանուհի է, պարզվեց` մեր քաղաքի իսկական երկրպագու է: Առհասարակ յուրաքանչյուր քասթինգում «Պետերբուրգ» բառը մեծ աշխուժություն էր առաջացնում: Պարզվում է, որ Պիտերն ավելի շատ են սիրում, քան Մոսկվան կամ Եվրոպայի որևէ այլ քաղաք: Եվ ընդհանրապես Հայաստանում ռուսաստանցիներին շատ լավ են վերաբերվում: Բոլորը ռուսերեն գիտեն, քանի որ առաջին դասարանից ռուսաց լեզու են անցնում:

Սակայն որոշ դժվարություններ ծագեցին «քնքուշ» տեսարանների նկարահանումների ընթացքում:

- Ինձ համար անակնկալ էր, որ հայ դերասանուհիները չեն համբուրվում կադրում: Ընդհանրապես,- խոստովանում է ռեժիսորը:- Եթե նայեք տեղի հեռուստասերիալները, ապա շատ խոսքեր կլսեք սիրո մասին, բայց ոչ մի կրքոտ համբույր չեք տեսնի: Գրեթե յուրաքանչյուր երկրորդ դերասանուհին ձեզ կասի, որ «հայր, եղբայր, քեռի, հարևան» ունի, որոնց դուր չի գա, եթե ինքը ինչ-որ կողմնակի մեկին համբուրի: Բարեբախտաբար իմ ֆիլմում շատ բաց տեսարաններ չկային: Իսկ որոնք էլ կային, դերասանուհին համաձայնեց խաղալ: Իմ բախտը նրա հարցում բերեց:

Գյուղական քասթինգը

Ֆիլմում խաղացել են ոչ միայն պրոֆեսիոնալ դերասաններ, այլև այն գյուղի բնակիչները, որտեղ կատարվել են նկարահանումները: Նրանց համար Էվելինան իսկական քասթինգ է կազմակերպել, և դա փոքրիկ Դդմաշենում տարվա գլխավոր իրադարձությունն է դարձել: Իսկ տարեց կինը, որն ընտրվել ու խաղացել է մի փոքր դեր,  բառի բուն իմաստով արդեն գյուղում գերաստղ է համարվում:

- Ընդհանրապես տեղի բնակիչներն ամեն ինչով օգնում էին,- ասում է Էվելինան:- Մեկը թողեց, որ նկարենք իր խանութը, մյուսը տրամադրեց սեփական կովը: Ընդ որում, նույնիսկ չհարցրեց, թե ով ենք, ինչ ենք, որտեղից ենք: Կո՞վ եք ուզում: Ի սեր Աստծո, վերցրեք նկարեք: Մինչդեռ այդ ժամանակ նա այնքան էլ լավ չէր զգում, մի քիչ վատառողջ էր:

Կարճամետրաժի նկարահանումները տևել են 4 օր: Եվս 4 ամիս մոնտաժել են և երաժշտություն գրել :

- Կինոնկարն ուղարկեցի միջազգային կինոփառատոներ, նաև Կանն,- պատմում է «МК» в Питере»-ի թղթակիցը:- Եվ շուտով պատասխան եկավ, որ ֆիլմս վերցրել են այդ փառատոնում: Չէի ասի, թե նման հույսեր ունեի, բայց մտածում էի, որ շանս այնուամենայնիվ ունեմ: Բայց ինձ համար առանձնապես հաճելի էր մորս խոսքը: Նա ասաց, որ հպարտանում է ինձնով, հետո հարցրեց. «Էդ ո՞նց ես անում: Էդ ֆիլմերը ո՞նց ես նկարում»: Ոնց եմ նկարո՞ւմ: Ուղղակի հավատում են այն ամենին, ինչ ցույց եմ տալիս:

Կատերինա Կուզնեցովա

spb.mk.ru

 

 

Դիտվել է 1707 անգամ