Լևոն Գրիգորյան. «Ամեն պատերազմ իր հերոսներին է ծնում»

док 3Լևոն Գրիգորյանը ռուսական առաջին հեռուստաալիքի թղթակից-օպերատորն է Հայաստանում: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա Հայկական  հեռուստաընկերությունում որպես  օպերատոր: Արցախյան պատերազմի տարիներին եղել է թեժ կետերում, պատերազմի վավերագրությունը հանձնել ժապավենին: Միջազգային հանրությունն այն տարիներին նաև Լևոն Գրիգորյանի նկարահանումների շնորհիվ էր տեղեկանում, թե իրականում ինչ է տեղի ունենում Արցախում և Հայաստանում:

- Երբ շարժումը սկսվեց, ես աշխատում էի հեռուստաընկերությունում (այն ժամանակ դեռ միակ) և նկարահանում էի այն, ինչ կատարվում էր Երևանի Ազատության հրապարակում: Հայկական եռագույնն այն ժամանակ դեռ հրապարակում չկար, բայց ստուդիայում փորձում էինք ստանալ եռագույնի պատկերը էկրանի վրա, ինչի համար հաճախ նախատինքի էինք արժանանում այն մարդկանց կողմից, որոնք այսօր իրենց խիստ ազգային ու հայրենասեր են ներկայացնում: Խոսքը վերաբերում է հատկապես որոշ խորհրդային չինովնիկների: Սակայն ուզում եմ հիշել մեկին, որն իր պահվածքով այդ ժամանակ առանձնացավ շատերից:

Հեռուստաընկերության միջանցքում պատահաբար ականատես եղա մի տեսարանի, որի մասին ուզում եմ պատմել: Հայտնի իրադարձությունների առիթով ռուս չինովնիկների մի խումբ էր եկել  հեռուստաընկերություն: Ու հանկարծ լսում եմ, թե ինչպես են մեղադրում ու գոռգոռում հեռուստառադիոընկերության տնօրեն Ստեփան Պողոսյանի վրա, հավանաբար այն ամենի համար, ինչը, նրանց կարծիքով չպետք է հեռարձակվեր:  Եվ չուշացավ  Ստեփան Կարպիչի արձագանքը: Նա ամենասուր հայհոյանքներով, ինչպես ասում են, նրանց իրենց տեղը դրեց: Պարզ է, թե այդ պահվածքն այդ տարիներին  ինչ էր ենթադրում: Նա համարձակվել էր հայհոյել սովետական բարձրաստիճան չինովնիկներին: Պետք է խոստովանեմ, որ այդ պահին մեծ հպարտություն ապրեցի նրա համար և բոլորին անընդհատ պատմում էի այդ մասին: Այդ դեպքից հետո Ստեփան Պողոսյանի հեղինակությունը բոլորիս աչքին, կարելի է ասել, հարյուր անգամ բարձրացավ:

Շարժման սկզբնական շրջանում իմ ամենամեծ ցանկությունն էր տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունն ինչ-որ կերպ դուրս հանել, որպեսզի մարդիկ իմանան, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում: Ի վերջո, ճշմարտությունը պետք է տեղ հասներ, և դա ինձ, կարելի է ասել, հաջողվեց: Սովետաշենի դեպքերի ժամանակ  նկարեցի, թե ինչպես են  դիպուկահարները կրակում  մարդկանց վրա, և ժապավենն ուղարկեցի Միացյալ Նահանգներ:

Ավելի ուշ, երբ ձևավորվում էին կամավորական ջոկատները, որոշեցի նրանց հետ մեկնել Արցախ, բայց այնտեղ հասկացա, որ մարդ սպանելն ինձ  համար բարդ գործ է: Վերադարձա ու որոշեցի Արցախ մեկնել իմ զենքով՝ տեսախցիկով, որով «կռվելը», ի դեպ, ավելի դժվար էր, որովհետև զենքով գոնե տեսնում ես՝ ինչ ես անում:

Այնտեղ կային  կռվող աղջիկներ, որոնք սկզբում ծիծաղում էին, ասում էին. «Ի՞նչ տղամարդ ես, դրա փոխարեն հրացան վերցրու»: Բայց հետո, երբ միասին անցնում էինք նույն ճանապարհը, տեսնում էին, որ զենքով շարժվելը պակաս վտանգավոր է, քան տեսախցիկով, ու ներողություն էին խնդրում սխալ կարծիքի համար:  Այդ պահին այնքան էլ կարևոր չէր, թե ով ինչ է անում, կարևորն այն էր, որ յուրաքանչյուրս ինչ-որ կերպ օգտակար լինեինք մեր հայրենիքին:

Սկզբում մեկնել եմ Գետաշեն և Շահումյան, երիտասարդական ավյունով ուզում էի լինել ամենաթեժ կետերում: Իսկ Շահումյանն այդ ժամանակ շրջափակման մեջ էր: Տեսել եմ, թե ինչ սպանդ է այնտեղ կատարվում: Խորհրդային վարձկանները գիշերը դուրս էին գալիս ու կրակում հոսպտալի վրա: Մենք նկարում էինք և ուղարկում Մոսկվա, որովհետև այն ժամանակ դեռ հավատում էինք, որ Մոսկվան պետք է մեր խնդիրները լուծի: Հիշեք մեր կարգախոսները՝ «Ленин Партия Горбачов»:

Չնայած հայկական ջոկատները միասին կռվում էին, ներքին հակասություններ ունեին: Դաշնակցականները մի կողմում էին, ՀՀՇ-ականները՝ մյուս կողմում, ՀԱԲ-ի տղաները խնդիրներ ունեին իշխանության հետ: Նրանք երբեմն օպերատորների  հետ վիճում էին, երեխաների նման նեղանում, թե ինչու ենք մյուսներին նկարում , իրենց՝ ոչ: ՀԱԲ-ի տղաներն ասում էին. «Ի՞նչ է, վախենո՞ւմ եք մեզ նկարել»: Մենք էլ փորձում էինք որևէ մեկին չնեղացնել:

Շրջափակման մեջ գտնվող Շահումյանում սարսափելի վիճակ էր: Երբ ուղղաթիռն իջնում էր, ջոկատի տղաներն այն շրջանի մեջ էին առնում, որպեսզի տեղացիները չմոտենան: Մարդիկ խնդրում էին, որ իրենց երեխաներին տեղափոխեն ուղղաթիռով, բարուրով երեխային կարող էին պարզապես շպրտել դեպի ուղղաթիռը: Մայրերը գոռում էին. «Մեզ հետ ինչ ուզում է` թող լինի, միայն թե երեխաներին փրկեք»: Այդ ամենը տեսնելը շատ ծանր էր, ու հենց այդ պատճառով ես շատ լուրջ վեճ ունեցա  Շահեն Մեղրյանի հետ, որ այդ ժամանակ ղեկավարում էր այնտեղի ջոկատները: Ես ավելի ուշ հասկացա, որ նա ճիշտ էր: Նա առաջարկեց իրենց տուն գնալ: Դժկամությամբ, բայց գնացի, ու գիշերը շատ երկար զրուցեցինք: Շահենն ասաց, որ ես զգացմունքներով  եմ դատում. «Եթե երեխաներին ուղարկեն, մարդիկ անտառներով, սարերով կփախչեն ու իրենց հողը չեն պաշտպանի: Բայց եթե երեխաներն այստեղ լինեն, ատամներով էլ հողը կպահեն»: Ես հետագայում համոզվեցի, որ Շահենը ճիշտ էր, այն մարդիկ, որոնք կարողացել էին երեխաներին փախցնել, իրենք ևս տարբեր ճանապարհներով փախան: Պատերազմում ամեն ինչ ուրիշ է, սթափ բանականությունն այնտեղ հաճախ ամենակարևորն է:

Գրադ կայանների մասին ես միայն լսել էի, իսկ այնտեղ տեսա դրանց սարսափելի ուժը: Գրադի պայթյունից երկաթգիծը պարզապես ցանցի էր վերածվել, պատկերացրեք դրա ահռելի ուժը, ու մարդիկ շրջափակման մեջ գիշեր-ցերեկ լսում են այդ պայթյունները:  Շահումյանում մի ընտանիքում էինք,  հաց պիտի ուտեինք, ու մեզ ասացին, որ զգույշ լինենք, որովհետև կարող է ռմբակոծություն սկսվել: Ու մեկ էլ տեսնում ենք՝ այստեղ պայթեց, այնտեղ պայթեց, բայց  մարդիկ հանգիստ նստած հաց են ուտում: Հարցնում եմ. «Նկուղ չկա՞, գոնե նկուղ մտնենք»: Ասում են. «Օգուտ չկա, որ այստեղ պայթեց, նկուղը չի օգնի, բախտի բան է, բախտդ բերի՝ ողջ կմնաս, չի բերի՝ կմահանաս»: Ու այս ամենն ասվում էր հումորով: Այսպես էլ ապրում էին մարդիկ՝ բախտի քմահաճույքի հույսին: Մի քանի օր անց մենք էլ սովորեցինք այդ իրավիճակին:

- Ե՞րբ առաջին անգամ բախվեցիք իրականությանը՝ ինչ է պատերազմը:

- Մինչ Շուշիի գրավումը Ստեփանակարտում էինք: Մարդատար մի մեքենայի վրա, որտեղ տասը հոգի էին եղել, ռումբ էր ընկել: Ես վազելով գնում եմ այնտեղ, որպեսզի նկարեմ ու… Ոչինչ չկա, ոʹչ մեքենա, ոʹչ մարդու մարմին, ամեն ինչ փշրանքների է վերածվել: Առաջին անգամ ապրեցի այդ սարսափը՝ հասկանալով, թե ինչ կարող է լինել յուրաքանչյուր պայթյունից հետո. կենդանի մարդը պարզապես կարող է վերածվել ատոմների: Հայրս Հայրենական պատերազմի մասնակից էր, հասել էր մինչև Բեռլին  ու հաճախ էր պատմում պատերազմի մասին: Ես հոգնել էի այդ պատմություններից ու ասում էի. «Դե լա՛վ էլի, հոգնեցինք էդ ֆռոնտներից, բեռլիններից»: Ու անընդհատ ուզում էի ապացուցել նրան, որ եթե պատերազմ լինի, ես էլ կգնամ, դա դժվար բան չէ: Հենց այդ պահին հասկացա, որ պատերազմն իրականում սարսափելի բան է:

- Բայց պատերազմը նաև սովորեցնում է: Ի՞նչ դասեր առաք այս պատերազմից:

- Ուզում եմ մի դրվագ հիշել: Աղդամի կողմից շատ ծանր հարձակում էր սպասվում: Այդ ժամանակ ես  առաջին անգամ հանդիպեցի Սերժ Սարգսյանին, որ ղեկավարում էր մեր զինված ջոկատները: Նկարահանող խմբով փորձեցինք մոտենալ նրան, բայց նա հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, որ իրավիճակն իսկապես շատ լարված է:

Այդ ժամանակ առաջին գծում ամենափորձառու զինվորականներն էին, երկրորդ գծում՝ միջին պատրաստվածությամբ մարդիկ, իսկ երրորդ գծում` պարզապես երիտասարդներ, որոնք ոչ մի փորձառություն չունեին: Մենք իմացանք, որ ադրբեջանցիներն անցել են առաջին գիծը, հաղթահարել են նաև երկրորդը: Բոլորը համոզված էին, որ  երրորդ գիծը պարզապես չի կարող դիմանալ այդ ճնշմանը, ամեն ինչ կորած է: Այնտեղ սպանդ էր տեղի ունենում, անընդհատ բերում էին մեր վիրավորներին: Ու հանկարծ պարզվում է, որ երրորդ գծի մեր տղաները կասեցրել  են գրոհն ու հետ շպրտել ազերիներին: Այդ անփորձ ջահելներն այնպիսի կռիվ էին տվել այնտեղ, այնպիսի ամուր պատ էին ստեղծել:  Որևէ մեկը նման բան չէր սպասում: Սա ինձ համար մեծ դաս էր: Ամեն պատերազմ իր հերոսներին է ծնում: Ես հիշում եմ մի տղայի, որի մականունը Ռակ էր, նրան ոչ մի վտանգավոր տեղ թույլ չէին տալիս գնալ, անընդհատ քնած էր, բոլորը նրան կարծես խնայում էին: Հետո պարզեցի, որ նա մարդ-ռադար է: Գիշերը կրակոցների ժամանակ  արթնանում էր ու հրացանը պահած լսում՝ որտեղից են կրակում ու մի կրակոցով   ճշգրիտ հակադարձում էր: Իր կատարյալ լսողության համար նրան, կարելի է ասել, բամբակի մեջ էին պահում:

Պատերազմի դաշտում բոլորը դառնում են մի տեսակ գերմաքուր, գերազնիվ, նվիրված, անձնազոհ: Այնտեղ այնպիսի տպավորություն էր, որ բոլորը քո ընտանիքի անդամներն են: Մարդկային հարաբերություններում  այն մաքրությունը, որ կար այնտեղ,  ես որևէ տեղ չեմ գտել: Իհարկե, չէի ցանկանա` նորից պատերազմ լիներ, բայց շատ կցանկանայի, որ նույն  հարաբերությունները լինեին այսօր ու մարդիկ կարողանային իրար սիրել: Պետք է անընդհատ պատերա՞զմ լինի, որ մարդիկ միմյանց լավ վերաբերվեն: Չգիտեմ, բարդ  է այսօրվա  հարաբերությունները հասկանալն ու մեկնաբանելը:

Այս պատերազմից մնացած իմ ամենամեծ պարգևը, նվերն ու շքանշանը. երբ առաջին զոհերին բերում էին Եռաբլուրում թաղելու, կռված տղաները օպերատորներին չէին թողնում իրենց նկարել, այդ իրավունքը վերապահում էին միայն նրանց, ովքեր եղել էին ռազմաճակատում: Ես գոհ եմ, որ իմ ուժերի սահմաններում կարողացել եմ օգտակար լինել իմ երկրին: Իհարկե, այսօր շատ բան է խեղաթյուրվում: Շուշիի հաղթանակի տարեդարձի օրը տղաներից մեկը մի անգամ ասաց. «Շուշին ազատագրել ենք 1500 հոգով, բայց 3000 հոգի մեդալ է ստացել»:  Ես շատ եմ ցավում այն տղաների համար, որոնք կռվել են ու այսօր շատ վատ են ապրում: Նրանց չպետք է անտեսել, որովհետև դա այն ոսկորն է, որն իր վրա վաղն էլ կարող է շատ բան կրել: Ես հավատում եմ նաև այսօրվա սերնդին: Հիշելով Աղդամը` համոզված եմ՝ անհրաժեշտության դեպքում նրանք էլ այսօր կպահեն մեր սահմանը:

-Վերադառնանք պատերազմի ընթացքում կատարած Ձեր նկարահանումներին: Որքանո՞վ է պահպանվել այդ նյութը:

- Ցավով պետք է նշեմ, որ այն տարինեիրին ժապավեն գտնելը չափազանց դժվար էր: Նկարահանած նյութը, ինչպես նշեցի, առաջին հերթին փորձում էինք դուրս ուղարկել՝ Մոսկվա, Միացյալ Նահանգներ, Եվրոպա: Այդ ժամանակ անգամ չէինք մտածում  նյութն արխիվացնելու մասին: Առանց կանգ առնելու, ինչպես ասում են,  օնլայն կերպով այդ նյութերը ուղարկվում էին: Դրանց 90 տոկոսն այժմ դրսում է:

 Ալիսա Գևորգյան

 

Դիտվել է 519 անգամ