«Շքամուտք». մութ ու ցուրտ տարիների «խերն ու շառը»` ֆիլմի տեսքով

լուսինեԿինոռեժիսոր Լուսինե Սարգսյանը շուտով կինոսերներին կներկայացնի իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը` «Շքամուտքը»: Ֆիլմը բաղկացած է հինգ նովելներից, որոնք պատմում են 1990-ականների քաղաքական եւ սոցիալական շրջադարձերի մասին: Սցենարի հեղինակներն են` Հարություն Հարությունյանը, Գնել Նալբանդյանը, Կարինե Խոդիկյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, այն կէկրանավորի «Արեմակ» ընկերությունը: Ֆիլմում խաղում են Շանթ Հովհաննիսյանը, Լիլի Վարդանյանը, Արթուր Կարապետյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Վախթանգ Հարությունյանը… Kinoashkharh.am-ի հետ զրույցում Լուսինե Սարգսյանը նշեց, որ ֆիլմը սկսում է մեր օրերից, հետո շրջադարձ կատարում 90-ականներ եւ նորից շրջադարձ կատարում մեր օրեր. ֆիլմի կառուցվածքը մի շքամուտքի մեջ է «տեղավորվում»:

«1990-ականներ` պատերազմ, արտագնա աշխատանք, ընկերության կորուստ, մութ ու ցուրտ տարիներ, բայց այս ամենը չհաշված` այդ տարիներին մարդկային հարաբերությունները շատ ջերմ էին, ինչը, ցավոք, չենք կարող ասել մեր օրերի համար: Ֆիլմի ընդհանուր գաղափարը մի մուտք, մի երկիր, մի աշխարհ սկզբունքն է. յուրաքանչյուր դռան հետեւում մի ճակատագիր կա, որն ամբողջացնում է 90-ականների սոցիումը: Ֆիլմի ասելիքը խորիմաստ է, այն դիտելուց հետո յուրաքանչյուրը խորհելու առիթ է ունենալու»,-ասում է ֆիլմի ռեժիսորն ու հավելում` եթե նկարահաներ ֆիլմ այսօրվա «Շքամուտքերի» մասին` ավելի սուր ձևով ցույց կտար մարդկանց բարոյական փոփոխությունը.«Թվում է` այսօրվա երիտասարդներն ապրում են ավելի ազատ, ազատ են մտածում, սակայն, մյուս կողմից, իրենք շատ հարցերում ավելի սահամափակ են, քան` մենք»: Ի դեպ, ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլ ամսվա վերջերին: Մանրամասները` տեսանյութում․․․

Հեղինակ՝ Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 873 անգամ