Ռեժիսոր Արմեն Ռոնովը «Քաջ Նազար» ֆիլմում հոգևորականին ներկայացնելու է որպես շեկ սատանա

UNKNOWN_PARAMETER_VALUE4Արմեն Ռոնովը Հայաստանի, Ռուսաստանի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի նկարիչների միության պատվավոր անդամ է, ինչպես նաև կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների, թատերական գործիչների միությունների անդամ:  Կինո մուտք է գործել վավերագրական – հեղինակային «Ահա, կույսը արգանդում» ֆիլմով` որպես նկարիչ, ռեժիսոր և սցենարիստ: Ֆլորենցիայում ուսումնասիրելով գծանկարի և նկարազարդումների արվեստը, գեղարվեստական պատկերների ձևավորումն ու կառուցումը` Ռոնովն իր ֆիլմերում սկսել է օգտագործել գրաֆիկական արտահայտչամիջոցներ. ուրվագծեր, նրբագծեր, գունաբծեր, հանքաներկեր, որոնցով պատկերը ստանում է վառ գունային կամ նրբերանգային հարաբերակցություն: Հատկանշական է, որ Արմեն Ռոնովի ֆիլմերը միշտ  քննադատության են արժանանում, բոյկոտվում, սակայն դա ռեժիսորին չի ընկճում, նա չի դադարում ստեղծագործել:

Ա. Ռոնովը նկարահանել է «Ահա, կույսը արգանդում», «Ուրու», «Homily-8/34», «Վարդան», «Կառլոս», «Գրիգորի», «Նարեկ Անտաբյան», «Վարուժան Վարդանյան», «Ստվերներ», «Հակոբ Հակոբյան», «Պոպրիշչին», «Ֆելիքս», «Դեմք», «Սպերանզա», «Աննա Կարենինա», «Քամանչա», «Բանաստեղծություններ», «Հանճարների արքայազնը», «Քանոն», «Տառապանքներ ըստ Գրիգորիի», «Վան Խաչատուր», «Չեզենացի հայը», «Բարեկամության անկեզ մորենին», «Քո ցավը իմն է», «Իմ փոքրիկ իշխանը», «Ձմեռվա խնձոր» և այլ ֆիմեր: Իսկ այժմ Ռոնովը նկարահանում է նոր ֆիլմ` «Քաջ Նազար»՝ ըստ  Դերենիկ Դեմիրճյանի համանուն պիեսի:

 «Քաջ Նազար» ֆիլմում գերիշխելու է արյան գույնը: Ըստ բեմականացման՝ գահերին հասնում են արյունով, գահակալության հիմքում ընկած է մարդասպանությունը:

- Արդյոք չե՞ք մտածում, որ մեր իշխանությունները հնարավոր է, որ դա վերագրեն իրենց, որի պատճառով կարող է Հայաստանում ֆիլմը չցուցադրվի, քանի որ  նկարահանվում է պետական միջոցներով:

  -Ոչ, նման բան չեմ մտածում, քանի որ իրենք թագավորական դինաստիայից չեն, չնայած կցանկանայի, որ լինեին: Ըստ իս՝ աշխարհում ոչ մի իշխանություն նման բան իրեն չի վերագրի կամավոր, իսկ մեր ֆիլմը չափազանց դաժան է:

- Դուք գրում եք սցենարներ, հանդես եք գալիս որպես ռեժիսոր և օպերատոր: «Քաջ Նազար» ֆիլմի դեպքում այս երեքը նորից զուգակցվե՞լ են:

  -  Այո, ի դեպ, շատ օպերատորներ Հայաստանում վախենում են համագործակցել ինձ հետ, ի տարբերություն արտասահմանյան ստեղծագործողների: Օրինակ, և՛ գրական հիմքում, և՛ ֆիլմում մեր կրոնի ներկայացուցիչ քահանան է Քաջ Նազարին ժողովրդի գլխին պատուհաս դարձնում, իսկ օպերատորը վախենում է նկարահանել` ասելով, որ քրիստոնյա է, Կաթողիկոսն իրեն անաֆեմայի կենթարկի: Հոգևորականի կերպարը մարմնավորելու է Դավիթ Հակոբյանը, որին տրանսֆորմացնելու եմ` դարձնելով շեկ սատանա:

UNKNOWN_PARAMETER_VALUE (100) -Որքանո՞վ է արդիական մեր օրերում նկարահանել «Քաջ Նազար»:

 -Թեման շատ արդիական է, քանի որ «Քաջ Նազարի» հերոսներից շատերն այժմ էլ ապրում են, կան մեր կյանքում:  Շատ կարևոր է հեքիաթի առկայությունը ֆիլմերում, որն այսօր ցավոք պակասում է: Հեքիաթի ժանրը կինոյում վերածնելու հարցում «Քաջ Նազարը» կլինի մշակութային նոր ակցիա: Այս ֆիլմով մենք ճշմարտությունն ենք պատմելու՝ ներկայացնելու ենք դեսպոտների իրական դեմքը, ինչպես նաև խոսելու ենք սիրո մասին:   

- Ֆիլմը կարճամետրա՞ժ է, թե՞ լիամետրաժ:

-Անկեղծ ասած՝ դեռ չգիտեմ, թե որքան կտևի: Ես չգիտեմ՝ ինչ է ժանրը և չեմ էլ կարող ասել, թե ֆիլմը որ ժանրին կպատկանի: Ես ստեղծում եմ ու ներկայացնում հանդիսականի դատին: Նույնիսկ, երբ ֆիլմերս տարբեր փառատոների եմ ուղարկում, չեմ նշում ո՛չ ժանրը, ո՛չ էլ մետրաժը: Եթե իրենք 62 րոպեն լիամետրաժ են համարում, ապա թող իրենք էլ նշեն դա:

Ֆիլմի հերոսներից Քաջ Նազարին կմարմնավորի Ռաֆայել Քոթանջյանը, Ուստիանին` Տաթև Մելքոնյանը, իսկ  Նարցիսին` Անդրանիկ Ղազարյանը:

-Ձեր նկարահանած «Աննա և Կարենին» ֆիլմը մեդալի է արժանացել Սանկտ-Պետերբուրգի ամենամյա միջազգային «Ուղերձ մարդուն» կինոփառատոնում՝ նորարարության ու համաշխարհային կինոյին նոր ձևաչափ հաղորդելու համար: Նման մի շարք մրցանակների եք արժանացել, շատ հաճախ Ձեր ֆիլմերը բոյկոտվել են ժյուրիի կողմից: Ի՞նչ է Ձեզ համար ժյուրիի գնահատականը:

-Բնականաբար, մրցանակները յուրաքանչյուր ստեղծագործողի համար խթանող գործոն են, սակայն ասեմ, որ ժյուրիներին բավականին բացասաբար եմ վերաբերվում: Ըստ իս, իմ  ժյուրին քմահաճ մարդկանց խումբ է, իրական դատավորը ժողովուրդն է:

Օրինակ՝  «Ձմեռվա խնձոր» ֆիլմը, ինչպես «Հայակ» մրցանակաբաշխության, այնպես էլ մյուս  մրցույթների ժյուրիների կողմից բոյկոտվեց: Չարության ու խոսքի տկարության պատճառով հենց այդ ժյուրին չկարողացավ բացատրել և ասել, թե ինչն է քննադատում: Շատերը մինչև վերջ չեն նայում ֆիլմը, մյուսներին էլ նախօրոք ասվում է, թե դիտելիս ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերեն:

Կինոդաշտն այժմ մոնոպոլիզացված է: Ինձ միայն օգնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, մյուսները խանգարում են:

Միայն մեկ բան կնշեմ, ինձ համար ամենակարևորը հանդիսատեսի գնահատականն է, որին զրկել են իր ընտրության, իր ճաշակը ձևավորելու իրավունքից:

UNKNOWN_PARAMETER_VALUE (98)

 - Եթե նշում եք, որ ժողովուրդը պետք է լինի ֆիլմի ժյուրին, ապա Հրաչ Քեշիշյանը, «Շարմ» հոլդինգն այսօր նկարահանում են ֆիլմեր, որոնք ապահովում են լեփ-լեցուն դահլիճներ: Արդյո՞ք դա խոսում է ֆիլմի որակի մասին:

- Քանակը դեր չունի:  Լեփ-լեցուն դահլիճները ապահովվում են PR-ի արդյունքում, որը Հայաստանում գործում է անհատական: Հասարակության շրջանում կան շերտեր, որոնք հետևում են ընչաքաղցությանը: Այն ֆիլմերը, որոնք ստեղծվում են գիտակից մարդկանց համար, բնակարաններից դուրս չեն գալիս, որոնք մեծ բանակ են կազմում:

Պատկերացրեք, օրինակ, իմ ֆիլմը, որը մի շարք դժվարություններով նկարահանեցինք` «Ձմեռվա խնձոր կամ «Վերք Հայաստանի», ողբ հայրենասերի» խորագրով, իշխանությունները վախեցան և փակեցին:

Ֆիլմի նկարահանման ժամանակ ձերբակալվեցինք Թուրքիայում: Մեր կողմից Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին ռակուրսի մեջ չէր մտնում, նկարելու համար խախտեցինք սահմանը, և մեզ ձերբակալեցին:

(Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի կամ Սուրբ Գրիգոր եկեղեցի, հայկական ճարտարապետական հուշարձան է Անիում։ Ներքին հատվածն ամբողջությամբ ծածկված է եկեղեցու հետ միաժամանակ ստեղծված որմնանկարներով։ Որմնանկարների երկու հիմնական թեմաներն են՝ Հիսուս Քրիստոսի կյանքը և Սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքը։ Գմբեթի տակ տեղ են գտել Սուրբ Մարիամի և տասներկու առաքյալների, Հիսուսի կիսանդրին տեղափոխող չորս հրեշտակների և Հիսուսի՝ երկինք համբարձման պատկերները, որոնք եղծված են: Կառուցվել է Տիգրան Հոնենց անունով հարուստ առևտրականի կողմից։ Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1251 թ.։)

Քուրդ մտավորականների ջանքերը օգնեցին դուրս գալ այնտեղից՝ ի դեմս Աբդուլլահ Դեմիրբաշի: Նրան նկարահանեցինք, ձայնագրեցինք և այդ հատվածը ներառեցինք ֆիլմում: Հավանաբար հենց դա էլ պատճառ եղավ, որ իշխանությունները վախենան ֆիլմում նման մարդու առկայությունից ու փակեցին:

 -  «Իմ փոքրիկ իշխանը» խաղարկային-լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանել եք Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթի հիման վրա, նվիրված է հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ապագայում չեք պատրաստվում նկարահանել ցեղասպանությանը նվիրված ևս մի ֆիլմ, սակայն, իրական պատմության հենքի վրա:  

- Սկսած «Աննա Կարենինայից»՝  փորձել եմ վերլուծել և հասկանալ, թե որն է Հայոց ցեղասպանության անպատժելիության սինդրոմը, որը գործում է և’ մեր մեջ, և’ մեր թիկունքում (պատմությունը կրկնվում է միջնադարից, մեր դավաճան իշխանները միշտ էլ այդպես կհրամցնեն սուտը և կեղծիքը):

Ըստ իս, այժմ մենք էլ պետք է յաթաղանը վերցնենք և թուրքերին պատժենք: «Իմ փոքրիկ իշխանը» և «Աննա Կարենինա» ֆիլմերի համար շնորհակալ եմ Սերժ Թանգյանին՝ «Այո, սա ցեղասպանություն է» երգի համար: Ընդհանրապես իմ ֆիլմերում ցույց չեմ տալիս, թե  ինչպես են սպանում մեր հայրենակիցներին, չնայած «Աննա Կարենինա» ֆիլմում անիմացիայով ստացել եմ մեր եղբայրների գլուխները կտրելու կադրը:

Այս ֆիլմը շատ բոյկոտվեց  Հայաստանում, չնայած Լենինգրադի «Ուղերձ մարդուն» կինոփառատոնում արժանացավ մեդալի` «Նոր խոսք կինոյում»: Հայաստանում կինոքննադատներն ասում էին, որ Տոլստոյի չգրած բաներ եմ ներառել ֆիլմում: Ես ապացուցեցի, որ իրավացի եմ:

Մեջբերում եմ. «Մի պատկառելի ժողովուրդ, Արևմտյան Կովկասից այն կողմ, մեր քրիստոնյա եղբայրները կործանվում են»: Ես ուղղակի այդ ամենին ավելացնում եմ Հայաստան բառը, որի համար քննադատներն ինձ «կերան»:

-Ֆիլմերից մեկում դուք համադրեցիք պոեզիան և կինոկադրը: Արդյոք հե՞շտ է դասականների ստեղծագործությունների հիման վրա ստանալ արդիական ֆիլմ:

- Յուրաքանչյուր կինոստեղծագործություն իր մեջ կրում է պոեզիա, գրականություն, կրոնի լուռ բացակայություն: Հանդիսատեսը սպասում է այդ պոեզիային, դրա համար  էլ նկարահանեցի նման ֆիլմ:

-Ռեժիսորը գեղագետ է, հոգեբան, փիլիսոփա: Ձեզ համար կյանքի իմաստը ո՞րն է` որպես ստեղագործողի:

- Կյանքի իմաստն ինձ համար երջանկությունը փնտրելու, գտնելու ճիգերն են: Ես միշտ գտնվում եմ ֆորմայի որոնման մեջ, դրա մեջ եմ տեսնում փիլիսոփայությունը, իսկ անդունդից ընկնելու ժամանակ` երջանկությունը: Ստեղծագործողի համար ամենակարևորը երջանկություն գտնելն է և այդ երջանկությունը մարդկանց հետ կիսել կարողանալը:

 - «Ձմեռվա  խնձոր» ֆիլմն առաջին անիմացիոն վիրտուալ կինոն է, որ նկարահնվել է Հայաստանում նորագույն անիմացիոն տեխնոլոգիայով: Ինչպե՞ս առաջացավ ֆիլմի գաղափարը:     

- Քանի որ մեր ունեցած բյուջեն հնարավորություն չէր տալիս նկարահանել այն, ինչ պատկերացնում էի, օգտագործեցինք թվային տեխնոլոգիան և մարդկային գործոնը, որի արդյունքում ստացա հետաքրքիր արտադրանք:

Չնայաց, որ Ռոնովի ֆիլմերը քննադատվում են կինոքննադատների և իշխանությունների կողմից, սակայն դրանք հասցրել են արժանանալ մի շարք մրցանակների, որոնցից են`  ААFCCJ` կինոդեբյուտ, Festiwal Filmow Amatorskich` լավագույն ֆիլմ, «Ես եմ» կինոփառատոն` օրիգինալ լուծումների համար,  FLUXXUS.EU` ոչ ավանդական կինոգործիչ, «Ուղերձ Մարդուն»` կինոլեզվի նոր հնարավորությունների որոնման համար, НЕВСКИЙ БЛАГОВЕСТ-2010` օրիգինալ լուծումների համար և այլն:

UNKNOWN_PARAMETER_VALUE

Նշենք, որ «Քաջ Նազար» ֆիլմի նկարահանումներին աջակցում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը և Ռոնովի կինոարվեստանոցը:

Ֆիլմը նախատեսված է 12-ից բարձր տարիքի անձանց համար և հանդիսականի դատին կհանձնվի 2014թ.-ին:

Զրուցեց` Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ

Երևան, 21/09/2013

 

Դիտվել է 916 անգամ