Ի խորոց սրտի. Ազատ Գասպարյան

1Պարադոքս է. մեր կողքին ապրող անհատականությունների, տաղանդավոր մարդկանց արժեքը լրիվ չենք գիտակցում: Երես ենք առնում նրանց հասանելի լինելուց: Իսկ երբ, մանավանդ անսպասելի, հեռանում են կյանքից ու մեզնից, տարտամ ու անբացատրելի մի զգացողությամբ ենք համակվում: Ու անմիջապես զգում ենք մահից հետո տիրող դատարկությունը, անգամ մեղքի զգացում ենք ունենում.  Ինչո՞ւ շիփ-շիտակ չկանգնեցի նրա առաջ, չնայեցի աչքերի մեջ ու չասացի. «Դուք տաղանդավոր եք, անհատականություն, որ լցնում է մեր քաղաքը, մեր իրականությունն ու մեզ: Դուք մաս ունեք այս քաղաքի կոլորիտից, ինչ լավ է, որ Դուք կաք ու ես Ձեր ժամանակակիցն եմ»: Չենք ասում ու հետո զղջում ենք:

Արդեն սովորական էր դարձել քաղաքի այս կամ այն հատվածում` փողոցն անցնելիս, խանութում, սրճարանում, իսկ ավելի հաճախ` հանդիսությունների ու  միջոցառումների ժամանակ տեսնել Ազատ Գասպարյանին: Իր կրակոտ խառնվածքով, կենսախնդությամբ, կատակներով ու անբռնազբոս կեցվածքով անմիջապես ուշադրություն էր գրավում: Պարզ, անմիջական ու հասանելի. երբեք իրեն չէր պատնեշում մյուսներից, չէր քաշում պաշտոնական սահմանագծեր, լարվածություն չէր ստեղծում:

Եթե Ազատ Գասպարյանը ներկա էր երեկոյին, ուրեմն հանդիսությունը վարելու պարտականությունը նրանն էր, թեկուզ` հանպատրաստից: Չուներ բարդույթներ, չէր սպասի, որ խնդրեն ու համոզեն իրեն: Այնքան ասելիք ուներ, մանավանդ` հայկական պոեզիայի խորունկ էջերից մեջբերումներ անելու այնքան մեծ փափագ: Մի տեսակ սովորել էինք, որ Եղիշե Չարենցի հոբելյաններին, պոետի հետ կապված ցանկացած ցերեկույթի տեսնելու ենք Ազատ Գասպարյանին, լսելու նրա ինքնաբուխ, բոցավառ ելույթները: Դրանք առիթներ էին, որ արտիստն օգտագործում էր մեկ անգամ ևս արտահայտելու իր անհագ հիացումն ու անսպառ նվիրումը մեծ պոետին: Սովորել էինք լսել չարենցյան տողերն Ազատ Գասպարյանի ձայնով, առոգանությամբ ու մատուցմամբ:

Չարենցի ու Ազատ Գասպարյանի բարեկամությունը սկսվել է Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմից, երբ նա մարմնավորեց Չարենցին: Բանաստեղծի կերպարին ոչ մի ռեժիսոր այլևս չանդրադարձավ, և Ազատ Գասպարյանի Չարենցը մնաց միակն ու խորհրդանշականը: Հետո նա մեծ պոետին մարմնավորեց  նաև հեռուստաթատրոնում` «Երկիր Նաիրի» բեմադրության մեջ:

Հայկական կինոյի դասական էկրանավորումներում Ազատ Գասպարյանի խաղացած դերերը տարբեր են, բայց կրում են նրա խառնվածքի, երիտասարդական ավյունի, ներքին կրակի դրոշմը: Նրա կերպավորած քահանան ուրիշ է` տարբեր հայ կրոնավորի ծանր ու ազդեցիկ կերպարից: Ուրիշ կերպ է մատուցում նաև սովետական միլիցիոներին: Տեսակի ամբողջ խտությամբ են ներկայանում նրա մարմնավորած կուսակցական ակտիվիստն ու ստալինյան հավատաքննիչը:

Լիլիթ Հակոբյան (Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն) – Չարենցը կրկնակի որբացավ, իսկ իմ թիկունքը դատարկվեց: Ազատը մեր թանգարանի լավագույն բարեկամն էր: Չարենցի կերպարին ու պոեզիային հավատարիմ` պոետին նվիրված ոչ մի միջոցառում առանց նրա չէր անցնում: Չեմ պատկերացնում` ինչպես ենք անցկացնելու չարենցյան միջոցառումներն առանց Ազատի: Ֆենոմենալ հիշողություն ուներ ու անգիր գիտեր Չարենցի գործերը:

Արդեն գիտեինք, որ ծանր հիվանդ է, ինքն էլ գիտեր, բայց խնամքով թաքցնում էր: Այդ վիճակում անգիր սովորեց Չարենցի «Դեպի լյառն Մասիս» պոեմը: Զանգահարեց ինձ ու ասաց, որ ուզում է ձայնագրվել: «Մի քիչ ապաքինվիր, անպայման կկազմակերպենք, Ազատ ջան»,-ասացի: Չէր համբերել, իր ընկերներից մեկի ստուդիայում ձայնագրվել էր, բայց չէր հավանել: Մահից երկու օր առաջ` ուշ երեկոյան, նորից զանգեց. «Կհիշեցնե՞ս` Չարենցը «Մահվան տեսիլում», երբ հանդիպում է հայտնի մարդկանց, ինչ հերթականությամբ է թվարկում նրանց անունները»:  Առավոտյան ճշտեցի ու պատասխանեցի նրան: Ապշած էի. առողջական վիճակն ավելի էր վատացել, բայց դեռ արվեստն ու Չարենցն էին եռում երակներում: «Երկունք» ֆիլմը եղավ Չարենցի կերպարի հետ նրա առաջին ու վճռորոշ հանդիպման պատճառը: Չարենցն ու Ազատը գտել էին միմյանց, ու այդպես անբաժան էլ ապրեցին մեր կողքին: Հավատացած եմ` դեռ երկար են այդպես ապրելու:

Ժենյա Ավետիսյան (ՀՀ ժողովրդական արտիստուհի) – 40 տարուց ավելի մենք միասին ենք եղել և° որպես լավ ընկերներ, և° խաղընկերներ, և° բեմընկերներ: Չարենցի «Տաղարանը» միասին արտասահման էլ ենք հասցրել: Աչքերս փակում եմ ու նրա դերերն եմ հիշում: «Ճերմակ անուրջներում» ամենատպավորիչը խնջույքի սեղանի շուրջը նրա երգն է: Հենրիկ Մալյանն ասաց, որ այդ կտորում երգ է հարկավոր: Ազատն առաջարկեց «Աննման ծաղիկ, դու ես ազնիվ, գեղեցիկ, Հայրդ ընտիր, մայրդ ընտիր, դու ընտիր…» երգը: Կատակեցի` Ազատ, տես, հա~, մաքուր կերգես: Երբեք չեմ հոգնի նրա երգը լսելուց, թեկուզ 100 անգամ: Բոլորը գիտեին, որ նա երաժշտական լավ տվյալներ ունի. շատ հոգով էր երգում: Առհասարակ ամեն ինչին էր հոգով մոտենում, ամեն դերի մեջ իր «ես»-ն էր դնում: Նկարահանման հրապարակ էր գալիս լիովին տրամադրված ու պատրաստ, դերն իրենով արած: Ռեժիսորներն Ազատին գրեթե չէին ուղղորդում. վստահում էին նրա վարպետությանը, նրա ճաշակին, զգացողություններին: Իմ կարծիքով` Ազատի դերասանական տաղանդը մինչև վերջ բացահայտված չէ. հատուկ նրա համար պետք է սցենարներ գրվեին, դերեր առանձնացվեին: Ազատի ստեղծագործական հնարավորությունները մինչև վերջ չօգտագործվեցին: Նա ասելու և անելու շատ բան ուներ. ափսոս:

Հարություն Մովսիսյան (ՀՀ վաստակավոր արտիստ) – Կան մարդիկ, որոնք աշխատասիրությամբ, մեծ ջանքերի գնով են հասնում դերասանի մասնագիտությանը: Ազատը ծնված դերասան էր, տեսակ, որն իր եզակիությամբ էր աչքի ընկնում: Նրան պետք չէր ասել` այսպես խաղա: Դերն անց էր կացնում իր միջով, ներվ ու կյանք դնում մեջն ու մատուցում իր ձևով: Միասին խաղացել ենք «Ճերմակ անուրջներում». հետաքրքիր մեկնաբանություն էր քահանայի դերը: Չէր խաղում, ինքն էր` իր բնավորությամբ, տեսակով, խառնվածքով: Անմիջական, ճշմարիտ, բնական ու համոզիչ էր խաղում: Բարի ու անչար էր անսահման:

Ես կարծում էի` Ազատը 100 տարի կապրի. այնքան կյանք և ուրախություն էր հորդում նրանից:

Լևոն Մութաֆյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ) – Օգոստոսի 13-ն Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է` 70 տարեկան էր դառնալու: Ես գիրք եմ գրել նրա մասին, որ պետք է տպարանից դուրս գար հենց այդ օրը: Չհասցրեց ոʹչ գիրքս տեսնել, ոʹչ 70-ը նշել: Աշխատանքս վերնագրել էի այսպես` «Ազատ Գասպարյանի ֆենոմենը»:

Դառը մանկություն է ունեցել: Ստալինյան ժամանակներում նրա ընտանիքին պատժել ու արտաքսել են Շիրակի մարզ: Դրա համար էլ ասում էր, որ Երևանն ու Շիրակն իր համար հավասարապես հարազատ են: Մանուկ ժամանակ Ազատը տեսել է կուսակցական դահիճների բռնարարքները, դրա համար էլ նրա մարմնավորած Սարկիսովը` «Կարոտ» ֆիլմում այդքան դաժան է ու իրական: Այդ դերը խարազան  է: Այնքան ճիշտ ու համոզիչ է մարմնավորում Ազատն այդ կերպարը, որ հասկանում ես` անձնական ցավ է դնում իր խաղի մեջ:

Ազատ Գասպարյանը կինո բերեց փոքր մարդու խնդիրը, այն անհատի, որը մշտապես ձգտում  է ինքնահաստատման` ուշադրության չարժանանալով հասարակության կողմից: Նրա հերոսներից յուրաքանչյուրը կինոյում ունի հատուկ արտահայտված սոցիալական նկարագիր ու բնութագիր: Դրականի ու բացասականի բևեռացումը բխում է նրա խորն աշխարհաճանաչողությունից: Սարկիսովը` «Կարոտում», ժամագործը` «Աստված, ինչի՞ համար» ֆիլմում. դահիճ և զոհ հարաբերության մեջ Ազատ Գասպարյանը փորձում է պարզել, ճշտել աշխարհի պարադոքսը. լավի ու վատի անբացատրելի մրցակցությունն է ուզում իր արվեստով հաստատել: Նրա կինոդերերը հիմնականում բարի, խելացի, աշխարհի հետ յուրօրինակ կռիվ ունեցող մարդկանց կերպարներ են: Ինչպես կյանքում, ամեն ինչում ու ամենուր էր հաշտարար, այնպես էլ կինոյում էին նրա կերտած կերպարները խոսում հաշտության, հանդուրժողականության անունից: Նրա ահռելի կենսաէներգիան հաղորդվում էր դերերին` մեզ ներկայացնելով հարուստ ներաշխարհով, հետաքրքիր կոլորիտով կերպարներ:

Դավիթ Մուրադյան (կինոգետ) – Ազատը սովորական մարդկանց պես փողոցով քայլում էր, ապրում իր ժողովրդի կյանքով ու հոգսերով: Ու թվում էր` ի՞նչ է եղել որ: Նա մեզ այդպես էր սովորեցրել իրեն ընդունել: Դա հենց սովորական մարդու լիրիկական էպոսն է: Արտիստ` պարզ, անպաճույճ մարդ:  Ազատ Գասպարյանին դիտելով, «Երջանկության մեխանիկա» ֆիլմի Ռուբենի կերպարից սկսած մինչև «Մեր մանկության տանգոյի» միլիցիոներ Մեսրոպն  ու «Ուրախ ավտոբուսի» Գառնիկը, համոզվում ենք, որ այս արտիստն այդպես էլ չխաղաց, այլ ուղղակի ապրեց այդ դերերը:

Մի անգամ միայն մի դեր խաղաց, որ ամբողջովին իր դեմ էր` 1937 թվականի դահճամարդը` «Կարոտ»  ֆիլմում: Այդ դերն  ապտակ էր այդ ժամանակներին ու այդ մարդակերպ գազաններին: Նա ապտակեց: Իսկ այն հերոսը, որ ուներ իր մեջ, Չարենցով արտահայտեց: Չարենցն  ամբողջ կյանքի առանցքն էր: Հարաշալի էր Չարենց արտասանում: Հիմա մենք մեծ պոետի բանաստեղծությունները նախ և առաջ Ազատի ձայնով ենք պատկերացնում: Կարդում ենք Չարենց, ու Ազատի ձայնն է հնչում մեր ականջներում: Այդպես է լինելու երկար ժամանակ: Սերունդներն էլ նրան այդպես են ճանաչելու և ընկալելու: Չարենցին Ազատ Գասպարյանով են ճանաչելու:

Ազատ Գասպարյանը մեր կինոյի ամենահավաստի դերասաններից էր: Էությամբ թատրոնի արտիստ էր և կինոյում թատերական էր մինչև այն աստիճան, երբ կինոն արվեստ է ու չի դառնում կյանքի ստրուկը: Որովհետև կյանքի մեխանիկական շարունակությունը կինոն ստրկացնում  ու արժեզրկում է, դարձնում այն կյանքի կցորդը, կյանքի կրկնօրինակն ու նույնական  պատճենը: Եվ միայն արտիստի ոգին է, որ կյանքի ճշմարտությունը դարձնում է ավելի ճշմարտացի:

Ազատ Գասպարյանը ժողովրդական արտիստ էր ու իր կեցվածքով ու նկարագրով հավատարիմ էր այդ կոչմանը: Եթե ժողովրդական, ուրեմն` ժողովրդի մեջ ու ժողովրդի հետ: Խառն ու խրթին մեր ժամանակներում բարոյական  սկզբունքներն անձնական շահին զոհաբերող մարդկային տեսակին երբեք մոտ չգնաց ու իրեն էլ մոտ չթողեց: Ապրեց` ամենուր արվեստ փնտրելով: Եթե չէր գտնում, իր արվեստն էր ներարկում խոպան հոգիներում, որ բոլոն զգան արվեստի համն ու հոտը, արվեստի ուժն ու զորությունը, արվեստի արժեքը:

 Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 663 անգամ

Calendar

October 2013
M T W T F S S
« Sep   Nov »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031