Կյանքի դասեր. Քվենտին Տարանտինո

47Ես կինոդպրոց չեմ գնացել, ես կինո եմ գնացել:

Կարող եք վերցնել իմ փառքի 30 տոկոսը, մի կաթիլ անգամ չեմ նեղանա: Բանն այն չէ, որ ինձ դուր չի գալիս նշանավոր լինել, բայց եթե 30 տոկոս պակասի, լրիվ հերիք է ինձ: Առաջ ես կարող էի պարզապես զբոսնել և մտքով ընկնել, իսկ հիմա դա հնարավոր չէ: Եթե ուզենայի ամեն երեկո նոր աղջիկ կպցնել, ցնցող կլիներ, բայց էլ  չեմ ուզում: Հիմա դա շատ հեշտ է, բայց առանձնապես պետք չէ:

Շատ եմ սիրում ժանրային կինոն, ընդ որում` սպագետտի-վեստերններից մինչև սամուրայական ֆիլմերը:

Մի քիչ հպարտանում եմ այն ամենով, ինչին հասել եմ` չունենալով անգամ միջնակարգ կրթություն: Դա նշանակում է, որ խելոք եմ, դա տպավորություն է թողնում: Ես այնքան էլ չեմ հավանում ամերիկյան պետական կրթական համակարգը: Այնքան էի ատում դպրոցը, որ փախա 9-րդ դասարանում: Միակ բանը, որ ափսոսում եմ,  բայց ոչ շատ, այն է, որ կարծում էի, թե այդ մղձավանջը ձգվելու է հավերժ: Չէի հասկանում, որ քոլեջում գուցե ուրիշ է: Հիմա, եթե ամեն ինչ նորից սկսեի, կավարտեի դպրոցը և քոլեջ կգնայի: Վստահ եմ, որ գլուխ կհանեի:

Երբ աշխատում էի վիդեոխանութում, լսում էի, թե ինչպես են ծնողները նախատում երեխաներին այն բանի համար, որ վերցնում էին այն ֆիլմը, որն արդեն տեսել են ու սիրում են: Երեխան ի՞նչ է մտածում. «Ինչո՞ւ անծանոթ բան վերցնեմ: Արի նորից այս ժապավենը վերցնեմ»: Եվ նայում է դա 15-րդ անգամ ու անկեղծ ծիծաղում բոլոր կատակների վրա: Այ, ես էլ երեխայի հոգեբանություն ունեմ. ինձ դուր է գալիս նման մոտեցումը:

Եթե տարվա վերջին կարողանամ ասել, որ տեսել եմ տասը իսկական, առանց զիջումների, լավ ֆիլմ, ուրեմն տարին հաջողված է:

Մեծ գաղափարները փչացնում են կինոն: Կինոյում ամենից գլխավորը լավ կինո ստեղծելն է: Եվ եթե ընթացքում մտքումդ գաղափար ծնվի, հիանալի է: Բայց դա մեծ գաղափար չպիտի լինի: Պետք է փոքր գաղափար լինի, որից յուրաքանչյուրն իրենը կտանի: Նկատի ունեմ, որ եթե կինո ես նկարում այն մասին, որ պատերազմը վատ բան է, ապա էլ ինչո՞ւ ես կինո նկարում: Եթե դա այն ամենն է, ինչ ուզում ես ասել, ուրեմն ասա դա: Ընդամենը երկու բառ` պատերազմը վատ բան է: Ավելի ճիշտ` երեք բառ: Թեպետ երկու բառը շատ ավելի լավ է` պատերազմը վատ է:

Աղբյուրը` http://esquire.ru/wil/quentin-tarantino


 

 

Դիտվել է 597 անգամ