Արցախյան ազատամարտի վավերագրումը ֆիլմերում

Anna-TovmasyanԵրկու հայկական հանրապետությունների` Հայաստաի և Արցախի  անկախության տոներին էր նվիրված  «Մոսկվա» կինոթատրոնում  կայացած կինոռեժիսոր Աննա Թովմասյանի «Հողի ուժը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Արցախյան գոյամարտի ու հայերի միասնական պայքարի մասին պատմող ֆիլմում  ներգրավված են  ականատեսների կարծիքները և մեկնաբանությունները։ Կինոնկարի հեղինակը մեկ տարի շարունակ հավաքել և ամբողջացրել է  արցախյան պատերազմի մասին պատմող փաստերը։ Այս ֆիլմով, ինչպես ներկայացրել է  Ա. Թովմասյանը, ինքը   հերքում է ազերիների այն թյուր վարկածը, թե հայերը հաղթել են ռուս ազգի և  այլազգիների օժանդակությամբ։ Նա պատրաստ է նաև ֆիլմը ուղարկել Ադրբեջան, քանի որ «դրանում տեղ գտած բոլոր փաստերը հիմնավորված են, և ազերիները չեն կարող որևէ  բանում առարկել»։

Anna-Tovmasyan-1 Սցենարի հեղինակ և ռեժիսոր Աննա Թովմասյանը պատմեց, որ այս ֆիլմը 2010 թ. իր նկարած  «Կամավորը»  ֆիլմի տրամաբանական շարունակությունն է: «Կամավորը»  պատմում է ռուս երիտասարդների մասին, որոնք ինքնակամ միացել են Արցախյան պայքարին և կռվել  ազերիների  դեմ։  Ռուսաստանում  «Կամավորի»  ցուցադրումից հետո  ֆիլմում  պատմվող երկու  ռուս երիտասարդների հարազատների կողմից արձագանքներ եղան, և  «Հողի ուժը» ֆիլմի երկրորդ հատվածը նվիրված է հենց նրանց՝ Դմիտրի Մոտրիչին և Իլյա Կուլիկին, որոնք զոհվեցին արցախյան պատերազմում։

Ֆիլմը հայերեն և ռուսերեն է և նկարահանվել է ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ռուսաստանում՝ Մոսկվա և Վլադիվոստոկ քաղաքներում: Ռեժիսոր Աննա Թովմասյանը փաստեց, որ երկրորդ մաս նկարելու նպատակն էր մեկ անգամ ևս անդրադառնալ Արցախյան գոյամարտին: Ֆիլմը բաժանված է երկու մասի. այն սկսվում է Արցախյան գոյապայքարի պատճառներից և ավարտվում ռուս սպաների կյանքի պատմություններով: Մեկ ժամ 40 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմի  երաժշտության հեղինակն է Արթուր Միտինյանը։ Ֆիլմի աշխատանքներին մեծապես աջակցել են  ՀՀ  պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը,   Ռուսաստանում ապրող հայ համայնքը,  անհատներ ու այլ կառույցներ:

Զ.ԱՍԿԱՐՅԱՆ

 

Դիտվել է 780 անգամ