«Ոսկե ծիրանը»` հեղինակային կինոյի Մեքքա

timthumbԿինոյի երեք նվիրյալներ, համակիրներ ու գաղափարակիցներ` Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը և Միքայել Ստամբոլցյանը, համախմբվեցին մեկ նպատակի շուրջ` կինոն վերստին դարձնելու երկրի մշակութային ու կարևոր բաղկացուցիչը: Որոշեցին, որ Հայաստանն էլ պիտի ունենա իր կինոփառատոնը, այն էլ` միջազգային: Նրանք սկսեցին փառատոնաշինությունն այնպիսի մի ժամանակահատվածում, երբ ամբողջ երկրում ընդամենը մեկ գործող կինոթատրոն կար, ու տասը տարի դանդաղորեն այդ  մեկ կինոթատրոնով կարողացան հետ բերել մոռացված կինոյի հաճելի ու զարմանահրաշ աշխարհը: Տասը տարի է` Երևանն ամեն հուլիս ամսին հագնում է իր խայտաբղետ ու տոնական ոսկեծիրան զգեստները, փողոցներում իրար են խառնվում կինոն ու կենդանի երաժշտությունը, ու քաղաքը մեկ շաբաթ արբենում է կինոյի շշմեցնող ծիրանաբույրով:

Հոբելյանական` 10-րդ «Ոսկե ծիրանին» ընդառաջ` «Կինոաշխարհը» հանդիպել է փառատոնի հիմնադիրներին` պարզելու հոբելյանական տարվա զգացողությունները, տրամադրությունները, առանձնահատկություններն ու անելիքները:

downloadՀարություն Խաչատրյան

10-ամյակը պարտադրող տարեթիվ է, այն, ինչ արվել է առ այսօր, դրանից ավելին պիտի արվի: Այս տարի «Ոսկե ծիրանը» կազմակերպչական և որակական առումներով գերազանցելու է նախորդ տարիներին: Փառատոնին հրավիրված են կինոաշխարհի մեկ տասնյակից ավելի երևելիներ, հեղինակային կինոյի հիմնասյուներ, որոնցից միայն մեկի ներկայությունն այս կամ այն պատվավոր փառատոնում  արդեն երևույթ է: Մենք այս առումով հարուստ ներկայացուցչություն ենք ունենալու, հատելու ենք  մեկ տասնյակի շեմը: Միանգամից տասից ավելի հայտնիներ մեկ փառատոնում: Այս ներկայությունը ապացուցում է մի բան, որ  «Ոսկե ծիրանը»  դարձել է հեղինակային կինոյի Մեքքա:

Առաջին տասնամյակում կարծես իրականացրինք այն բոլոր խնդիրները, որոնք փառատոնը դրել էր իր առջև` զարգացնել հայկական կինոն, բացել կինոդպրոց, խրախուսել երիտասարդներին, Հայաստան բերել հեղինակային կինոյի համաշխարհային նմուշներ, սովորեցնել օգտվել աշխարհի լավագույն կինոֆոնդերից, տիրապետել մերօրյա նոր տեխնոլոգիաներին և կինոգործիքներին: Մի խոսքով, երիտասարդների կինոյի «ախորժակը» բացել…

Երկրորդ տասնամյակը պետք է  բյուրեղացնի և առանձնացնի հայկական այսօրվա կինոյի տեսակը… Ժամանակին ասում էին դանդաղ կինո, պոետիկ կինո, սիմվոլիկ կինո… Բայց  անկախությունից հետո հայկական կինոն կորցրեց ամեն ինչ` դեմքը, տեսքը, ունեցվածքը, այն ամենը, ինչ ամբարվել էր 70 տարի: Իսկական կինոյի կոտորած տեղի ունեցավ, սպանդ: Այո, ես համարում եմ, որ դա մշակութային կոտորած էր: Փոշիացվեց «Հայֆիլմ» ստուդիան, ամբողջ ունեցվածքը, կինոթատրոնները: Հայկական կինոյի կոտորած, եղեռն, որ իրականացրեցին  կինոյի նկատմաբ և° կինեմատոգրաֆիստները, և° իշխանավորները:

Այսօր արդեն  սկսվել են  կինոարտադրության զարգացման նոր տենդենցներ: Անկախության առաջին տարիներին  լավագույն դեպքում մեկ կամ երկու ֆիլմ նկարվեր կամ չնկարվեր: Այսօր տարեկան 40 ֆիլմից ավելի է արտադրվում` տարբեր ժանրերով:

Չեմ կարող ասել, որ  որակական առումով դրանք փայլուն են, բայց սկսվել է մի դաշտ, որտեղ այդ քանակության մեջ կարող ես գտնել և լավ հայկական կինո: Կարծում եմ, կինոյի դաշտում գործող կառույցներն ու կարող ուժերը պիտի միանան, միավորվեն հայկական կինոյի նոր տեսակը ստեղծելու գաղափարի շուրջ:

Երազանքս է, որ մեր երկրում կինոթատրոնները շատանան, ստեղծենք մի փառատոնային կենտրոն, քանի որ մեզ նման փոքր երկրների համար սեփական կինոարտադրությունն ու կինոն շատ կարևոր գործոն են: Երբեք օտարը քո ազգի մասին չի նկարի էնպիսի ֆիլմ, որ լիովին քո պատմությունը լինի: Դա մենք պիտի անենք, որ ամեն ինչ տեղից շարժվի դեպի առաջ:

2Միքայել Ստամբոլցյան

Չգիտեմ` իմ գործընկերներն ինչ տրամադրություն ունեն, բայց  իմը տասներորդ հերթական ամենամյա փառատոնին պատրաստվելու աշխատանքային տրամադրություն է: Առանձնապես հոբելյանական զգացողություններ չունեմ, պարզապես ինձ համար հերթական փառատոնն է: Եթե համեմատենք 50-60 տարվա անցյալ ունեցող փառատոների հետ, ապա կհասկանանք, որ մեր փառատոնը դեռ մանկական հասակում է: Դեռ ճանապարհ ունենք անցնելու:

Բայց փառատոնը կատարել է իր առջև դրված հիմնական խնդիրը: Փառատոնի հիմնադրումը ինքնանպատակ չէր: Հիմնադիրներն իրենց առջև  մի քանի խնդիր էին դրել. հանդիսատեսին հետ բերել կինոդահլիճ, բարձրացնել վստահությունը կինոյի նկատմամբ,  Հայաստան բերել բարձրարվեստ ֆիլմեր, աշխուժացնել կինոկյանքը,  մեր ունեցած կապերով փառատոների օրերին Հայաստան բերել կինոոլորտի հայտնի անձանց, որպեսզի մեր կինեմատոգրաֆիստները շփվեն, դուրս գան իերնց շրջանակներից և  իրենք էլ ներկայանան աշխարհին: Սրանք են եղել մեր առջև դրված հիմնական նպատակները: Չեմ կարող ասել, թե 100 տոկոսով կարողացել ենք անել, բայց ինչ-որ բան վստահաբար հաջողել ենք:

Մրցութային ծրագրերը նույնն են` խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ, «Կորիզը», «Հայկական համայնապատկերը»: Ամեն տարի այս չորս կատեգորիաներում  փորձում ենք պահել մեր սահմանած մեկնարկային նշաձողը: Ժյուրին ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում, պիտի փորձենք պատվով դուրս գալ: Այս տարի աննախադեպ հայտերի հոսք է գրանցվել` 1200 ֆիլմ 94 երկրից: Խաղարկային ֆիլմերի թիվը շատ- շատ է` 200: Կարծես լավ ֆիլմեր են հավաքվել: Այս տարի կունենանք 3-4 համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների ռետրոսպեկտիվներ` իրենց պրեմիերաներով: ՙՆոր պրեմիերաներ՚ ծրագրի համար  աշխատել ենք խոշոր փառատոներում հաղթած ֆիլմեր բերել, որ մեր հանդիսատեսը կարողանա դիտել դրանք մեծ էկրանից: Ամենահետաքրքիրը 10-րդ «Ոսկե ծիրանում» բոլորիս համար էլ Շառլի մասնակցությունը կլինի, և այդ առթիվ կցուցադրվի  երեք ֆիլմ:

16903Սուսաննա  Հարությունյան

«Ոսկե ծիրանը» երեք պրոֆեսիոնալների անհատական կամ մասնավոր նախաձեռնություն է: 10 տարի առաջ կինոյի տկար վիճակում նման նախաձեռնությունը շատերը համարում էին խելագարություն: Ու մենք սկսեցինք առանց հետ նայելու, քանի որ, եթե մի րոպե մեզանից մեկը կասկածեր ու տատանվեր, կտապալվեինք: Սակայն Աստված մեզ հետ էր, և մենք կարողացանք հաղթահարել այդ ամենը: Այս  գործում մեզ  մեծապես  օգնեցին մեր ունեցած անձնական կապերն ու ծանոթությունները:

Լավ գիտեինք, որ ռիսկը մեծ է, կարող ենք տապալվել, որովհետև զրոյից էինք սկսում: Առաջին քարը դնելը շատ կարևոր էր, որ ճիշտ դրվեր: Ստացվեց: Տարիները  ապացուցեցին, որ մեր պահած նշաձողը բարձրացել է, բռնել է ժամանակի քննությունը: Ես հասկացա, որ տասը տարիները արդարացրել են իրենց, և այսօր կարող ենք ասել, որ աշխարհի փառատոնային քարտեզի վրա «Ոսկե ծիրանը» հաստատուն տեղ ունի, լավ  վարկանիշ ու համբավ ունի ոչ միայն Հայաստանում և տարածաշրջանում, այլև Եվրոպայում: Այն դարձավ Հայաստանի ու հայկական կինոյի ճանաչման կարևոր դուռը:

Միայն  առաջին տարին էր փառատոնի ձևաչափը համահայկական: Եվ դա էլ ինքնանպատակ չէր, քանի որ անհրաժեշտ էր մեր դրսի ստեղծագործողներին ցույց տալ, որ սա Հայաստանն է, և իրենց ֆիլմերը ներկայացնելու կարևորագույն հարթակը հենց այստեղ է: Սակայն երկրորդից ձևաչափը փոխվեց: Միայն հայկական փառատոնով չես կարող կինոն զարգացնել, պարտադիր է ինտեգրումը արտաքին կինոաշխարհին, կինոարտադրության պրոցեսը պահանջում է համադրում, զարգացում, որն էլ բերում է նոր պրոցեսներ և ուղղություններ:

Փառատոնի առաքելություններից մեկը երիտասարդներին այսօրվա պայմաներում աշխատելու ուղղություն և ճանապարհ ցույց տալն է: Ստեղծվեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որով էլ աջակցում ենք երիտասարդներին, որ դուրս գան հայկական շրջանակներից, հասկանան` ինչ է կատարվում դրսում, ինչ ուղղություններ և ձևեր են այսօր կինոյում առաջնային: Եվ այդպիսով ապահովել  սերնդափոխություն, ինչը հայկական կինոյում միշտ խնդիր է եղել:

80-ականներին հաստատված սերունդը շիվեր չէր տալիս, և այս տարիներին մենք օգնեցինք տասը երիտասարդների` Արման Երիցյանին, Մարիա Սահակյանին, Արմինե Անդային և այլոց, որոնք կարողացան ֆիլմեր նկարել:

Հիմա մեր ցանկություններն ավելի են մեծացել. փորձելու ենք ամբողջ տարածաշրջանի երիտասարդությանը «Ծիրանի» միջոցով մտցնել մեծ կինո: Երիտասարդության պոտենցիալը ամենուր մեծ է, և պետք է նրանց ուսուցողական ծրագրերի միջոցով առաջ շարժվելու հնարավորություն ընձեռել:

Այս պահին դեռ լուծված չէ կինոդպրոցի ամբողջ տարին գործելու խնդիրը: Լուծված չէ ամբողջ տարին հանդիսատեսին բարձրարժեք ու ժամանակակից ֆիլմեր ներկայացնելու հարցը: Այդ բացը փորձում ենք լրացնել տարվա ընթացքում կազմակերպվող մի շարք կինոծրագրերով, բայց դա բավարար չէ:

Այսուհետ էլ «Ոսկե ծիրանը» պահպանելու է իր ուղղվածությունը` ռեժիսորական փառատոնի տեսակը, և ներկայացնելու է  այն ռեժիսորներին, որոնք պահպանում են հոգևոր կինոյի հավերժական լույսը:

Պատրաստեց  Ռ. ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆԸ

Դիտվել է 327 անգամ