Շառլ Ազնավուրը Հայաստանում է «Ոսկե ծիրանի» հրավերով

շառլ«Ոսկե ծիրան»  երեւանյան միջազգային 10-րդ հոբելյանական կինոփառատոնի առիթով արդեն Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, ով կինոփառատոնի պատվավոր հյուրերից է: Կինոփառատոնի բացման օրը` հուլիսի 7-ին, նախ «Մոսկվա» կինոթատրոնի Ազնավուրի հրապարակում, տեղի կունենա Մեծ շանսոնի անունը կրող աստղի բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը, փառատոնի հանդիսավոր երեկոյի ժամանակ նրան հանձնվելու է նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Այս մասին, հուլիսի 5-ին` լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Վերջինս, հորդորեց ԶԼՄ-ների ներկյացուցիչներին, որ Շառլ Ազնավուրը մամուլի հետ հնարավոր հանդիպումներից խուսափում է, քանի որ  չի սիրում իրարանցում իր շուրջը, եւ նաեւ. « Բավական է, որ ինքը եկել է: 89 տարեկանում եկել է փառատոնին, մենք շատ շնորհակալ ենք նրանից, եւ ուրախությամբ փաստեց, որ շատ լավն է, խելքը տեղն է, միտքը` պայծառ»: Նշենք, որ այսօր Շառլ Ազնավուրը այցելել է Գեղարդ վանական համալիր:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեւանյան  «Ոսկե ծիրան»  կմեկնարկի Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմով` ի պատիվ աշխարհառչակ երգչի: Հոբելյանական տարում կինոփառատոնը հանձնելու է մի շարք մրցանակներ:

պելեշԱյս տարի Ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն «Եղիցի լույս» մրցանակը կհանձնի Արտավազդ Փելեշյանին: Վերջինս նույնպես արդեն ժամանել է Հայաստան, և կմասնակցի փառատոնի միջոցառումներին: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է իտալացի ռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» (2011 թ.) ֆիլմը: «Փելեշյանի լռությունը» ֆիլմը այս տարի ապրիլին ` արտասահմնյան ֆիլմ անվանկարգում մասնակցել է «Հայակ-2013» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը եւ արժանացել Հայկական կինոակադեմիայի հատուկ մրցանակին: Նախատեսվում է «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնել նաև Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին, Յոս Ստելինգին: Իսկ «Դրախտ» եռապատման ռեժիսոր Ուլրիխ Զայդլին կհանձնվի «Վարպետ» մրցանակը:

Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս իրականացվելու է «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը: Այստեղ ներառված է 15 ֆիլմ ԱՊՀ անդամ տարբեր երկրներից, ներկայացված է նաև երկու հայկական ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» և Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթը»: Ծրագրի շրջանակներում 16-րդ ֆիլմը լինելու է «Միմինոն». նշվում է ֆիլմի 35-ամյակը: Ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

ՌԴ մշակույթի նախարարության առաջարկով այս տարի տեղի կունենա նաև «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը, որտեղ հիմնականում ներկայացված են «Կինոտավր» փառատոնի հաղթած ֆիլմերը: Այս ծրագրի բացումը ևս տեղի կունենա հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ: Իսկ հուլիսի 8-12-ը «Նաիրի» կ/թ-ում վարպետության դասեր են անցկացնելու Մարգարեթե ֆոն Թրոթան, Յոս Ստելինգը, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Գոդֆրի Ռեջիոն:

Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը ընտրվել է որպես փառատոնի փակման ֆիլմ:

 

Դիտվել է 527 անգամ