Հայազգի դերասանների հարյուրամյա երթն ամերիկյան կինոյում

Արդեն մեկ հարյուրամյակ է, ինչ ԱՄՆ-ում ստեղծված կինոնկարներում, ի թիվս Նոր աշխարհում հաստատված բազում ազգությունների, երևում են նաև հազարավոր հայեր և հայկական ծագում ունեցող ամերիկացիներ: Հայկական արտաքինը, պարունակելով եվրասիական ցեղային հատկանիշները, հարմար է ամենատարբեր ազգությունների մարմնավորման համար, ուստիև հայազգի ամերիկյան դերասանները (ներառյալ կես հայերը) հաջողությամբ մարմնավորել և մարմնավորում են ինչպես  էթնիկական տարբեր խմբերի, այնպես էլ բուն ամերիկացիների: Ուշագրավ փաստ է, որ 1920-ական թվականներին ամերիկաբնակ հայ գաղթականները (հատկապես` Ֆրեզնոյի) մասնակցել են Հոլիվուդի ֆիլմերում որպես զանգվածային տեսարանների մասնակիցներ… հնդկացիների դերերում: Հայտնի է, որ Ֆրեզնոյում հայերին անվանել են «Ֆրեզնոյի հնդկացիներ», թերևս նաև չերոկիներին (հատկապես նրանց և ոչ այլ ցեղախմբի) նման լինելու պատճառով:

Flora_ZabelleԱմերիկյան կինոէկրանին հայերից առաջինը հայտնվել է դերասանուհի Ֆլորա Զաբելը (1880–1968): Ծնունդով մարզվանցի Իզաբել Մանգասարյանի մասնակցությամբ 1913–1918 թթ. նկարահանվել է վեց կատակերգություն: Ֆլորա Զաբելն ամուսնացած է եղել թատրոնի և կինոյի դերասան Ռայմոնդ Հիչքոքի հետ. այս փաստի պատճառով մեզանում ծնունդ է առել այն լեգենդը, թե իբր նա մեծանուն Ալֆրեդ Հիչքոքի մայրն էր, ինչը չի համապատասխանում իրականությանը:

1919 թ. ԱՄՆ-ում և այլուր մեծ աղմուկ է հանել Օսկար Ափֆելի «Հոգիների աճուրդը» ֆիլմը, որը ներկայացնում է հայոց Մեծ եղեռնից մազապուրծ 20-ամյա հայ գաղթականուհի Օրոր (Արշալույս) Մարտիկանյանի  (1899–1994) փորձությունները: Գլխավոր դերում հանդես է եկել ինքը` Մարտիկանյանը: Կինոնկարից ստացված հասույթի շնորհիվ ամերիկյան մարդասիրական կազմակերպությունները ստանձնել են ավելի քան 60 հազար հայ որբերի հոգածությունը: ՙՀոգիների աճուրդը՚, որից այսօր, ցավոք, միայն 15 րոպե է պահպանվել, մնացել է Մարտիկանյանի միակ կինոնկարը:

1920-ական թթ. հոլիվուդյան  բնութագրական դերասանների մեջ աչքի է ընկել Արթուր Էդմունդ Քերյուն (1885–1937): Ծնունդով տրապիզոնցի Հովսեփ Հովսեփյանը գլխավոր և երկրորդական դերեր է կատարել մոտ 50 ֆիլմում, որոնց մեջ կան հայտնի գրական գործերի էկրանացումներ («Տրիլբի», «Քեռի Թոմասի խրճիթը», «Օպերայի ուրվականը»): Քերյուի կարիերան տխուր վախճան է ունեցել դերասանի ինքնասպան լինելու պատճառով:

akim-tamiroff1930-ականներին ամերիկյան ֆիլմերում հանդես են եկել Ռուսաստանից տարագրված և ռուսական դերասանական դպրոց անցած դերասաններ, որոնցից միջազգային համբավի է հասել նաև հայորդի Ակիմ Թամիրովը (1899–1973): Արցախյան արմատներով ամերիկյան և համաշխարհային կինոարվեստի խոշորագույն բնութագրական դերասաններից մեկն իր կարիերան սկսել է Թիֆլիսի հայ թատրոնում: Թամիրովի ֆիլմագրությունն ընդգրկում է 107 անուն կինոնկար` նկարահանված 1932–1970 թթ. ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում և Իտալիայում: Հայազգի դերասանը նկարահանվել է այնպիսի նշանավոր բեմադրիչների մոտ, ինչպիսիք են Ռուբեն Մամուլյանը, Սեսիլ Բ. դե Միլը, Օրսոն Ուելսը, Քրիստիան-Ժակը, Ժան-Լյուկ Գոդարը, Վիտորիո դե Սիկան և այլք: Դերասանը մարմնավորել է ամենատարբեր ազգությունների հերոսների` ռուսների  և լեհերի, իտալացիների և ֆրանսիացիների, լատինամերիկացիների և իսպանացիների, մինչև անգամ` չինացիների և ճապոնացիների (հիմնականումª բացասական հերոսների): Ի դեպ, Քեն Անաքինի «Գիտեք, թե ովքեր են նավաստիները» անգլիական ֆիլմում (1954) նա գործածել է հայերեն բառեր, նաև փորձել հայկական պար պարել:

Ամերիկյան կինոն և հեռատեսիլն ուշ են բացահայտել նախկին ռուսաստանցի դերասանուհի Թամարա Դայկարխանովայի (1889–1980) տաղանդը: Երևանում ծնված և Մոսկվայի թատերական կյանքում որոշակի դիրքի հասած այս հայուհին հետագայում Նյու Յորքում բացել է դերասանական արվեստի դպրոցª տասնամյակներ շարունակ ամերիկյան բեմի և էկրանի համար պատրաստելով բարձրարվեստ կադրեր: 1950-1960-ական թթ. նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, հիմնականում` հույն և ռուս տիկնանց դերերով:

1940-ական թթ. հանդես են եկել ԱՄՆ-ում ծնված առաջին հայազգի դերասանները` ի դեմս հոլիվուդյան էկրանի մանուկներ Սիլվիա Արսլանի (Արսլանյան, ծնվ. 1933 թ.) և Գրեգորի Մարշալի (Մուրադյան, 1939–1989): Իսկ մեկ տասնամյակ անց Հոլիվուդում և նորաստեղծ ամերիկյան հեռատեսիլում ասպարեզ է իջել հայ դերասան-դերասանուհիների մի ողջ համաստեղություն: ԱՄՆ-ում ծնված հայերի առաջին սերունդը նոր ժամանակներում մուտք է գործել ամերիկյան շոու բիզնես արդեն որպես լիարժեք ամերիկացի, առանց եկվորի բարդույթների, սակայն մեծ մասամբ փոխելով հայկական անունները: Արևմտահայ գաղթականներից սերած այդ դերասաններն այլևս սոսկ էթնիկ կերպարների դերակատարներ չէին, այլ հաճախ իրենց իսկ` յանկիների:

Mike ConnorsDavid HedisonԱյս շարքում նախ հիշենք Մայք Քանըրզին (Գրիգոր Օհանյան, ծնվ. 1925 թ.), որը հռչակվել է «Մանիքս» ոստիկանական հեռուստաշարքով, արկածային և գանգստերական ֆիլմերի փնտրված դերակատարներ Վալ Էվըրիին (Սեպուհ Տեր-Աբրահամյան, 1924–2009), Դեյվիդ Հեդիսոնին (Հեդիցյան, ծնվ. 1929 թ.), Դիք Բաքալյանին (ծնվ. 1931 թ.), թատրոնի և կինոյի դերասան Բաք Քարթալյանին (ծնվ. 1929 թ.), որ կատարել է «Կապիկների մոլորակը» ֆիլմի կապիկներից մեկի դերը: Ուշագրավ է, որ հիմնականում ատլետիկ կազմվածքով այս արտիստները, լինելով զտարյուն հայեր, իրենց տիպաժով միանգամայն համապատասխան էին միջին ամերիկացու կերպարին: Դերասանուհիներից նշենք ամերիկյան հեռատեսիլի թագուհի հռչակված, ժամանակին Միացյալ Նահանգներում մեծ ժողովրդականություն վայելած Արլին Ֆրենսիսին (Գազանճյան, 1908–2001) և Մագդա Հարութին (Հարությունյան, ծնվ. 1936 թ.), որը հանդես է եկել նաև հայ թատրոնում:

1960–1980-ական թթ. ամերիկյան ֆիլմերում երևացել են նաև դերասաններ Արամ Քաչերը (1921–1998), Ալ Նալբանդյանը (ծնվ. 1921 թ.), Մարք Վահանյանը (ծնվ. 1956 թ.), երգիչներ Քեյ Արմենը (Արմենուհի Մանուկյան, 1915–2011), Մայքլ Քրմոյանը (1920–1994), մոր կողմից հայ բալետի պարուհի Թամարա Թումանովան (1919–1997), երաժիշտ Ռոս Բաղդասարյանը (1919–1972), նրա դուստր Քերոլ Բաղդասարյանը, Վիլյամ Սարոյանի դուստրը` Լյուսի Սարոյանը (1946–2003) և շատ ուրիշներ:

Ավելի քան 50 ֆիլմում և 350 հեռուստատեսային դրվագներում նկարահանվել է ճանաչված դերասան Սիդ Հեյգը (ծնվ. 1939 թ., իսկական ազգանունը` Մոսեսյան): Կինոյի, թատրոնի, ռադիոյի, հեռատեսիլի դերասանուհի և երգչուհի, սևահեր և սևաչյա Ադրիեն Բարբյոն (ծնվ. 1945 թ.), որ հայ է մոր կողմից, առավել աչքի է ընկել էթնիկական դերերում (իտալուհիներ, իսպանուհիներ, հրեուհիներ):

Ժամանակ առ ժամանակ ամերիկյան մեծ և փոքր էկրաններին երևացել են հիմնականում թատերական դերասաններ Էդ Սեդրակյանը (ծնվ. 1928 թ., խաղացել է 27 ֆիլմում), թատերական մի շարք լուրջ դերեր կատարած Քարին Քոնդազյանը (ծնվ. 1950 թ., մոտ 40 ֆիլմի դերակատար), նաև իր թատերախաղերով հայտնի Էրիկ Պողոսյանը (ծնվ. 1953 թ.), հայ, ամերիկյան և ֆրանսիական թատրոնում հանդես եկած Ժիրայր Բաբազյանը (ծնվ. 1952 թ.), Նորա Արմանին (Էքսերճյան, ծնվ. 1955 թ.) և այլք: Հարյուրավոր հեռուստաֆիլմերում է նկարահանվել կատակերգական փայլուն ձիրքով օժտված Անդրեա Մարտինը (Փափազյան, ծնվ. 1947 թ.): «Հավաքույթ հինգ հոգով» հեռուստաշարքով համաամերիկյան ճանաչում է ստացել Մայքլ Գյուրջյանը (ծնվ. 1971 թ.), իսկ այժմ հանդես է գալիս նաև որպես բեմադրիչ:

Cher CatwomanԱնշուշտ, ամերիկյան կինոյի ամենից հռչակավոր հայազգին աշխարհահռչակ փոփ երգչուհի և դերասանուհի Շերն է (Շերլին Լապյեր Սարգսյան, ծնվ. 1946 թ.), որի 1960-ականներին սկիզբ առած և մինչ օրս ձգվող ոչ շատ մեծ ֆիլմագրությունն ընդգրկում է մի շարք արտակենտրոն, մեկը մյուսից հետաքրքրական հերոսուհիներ: Հայտնի է, որ Շերն առաջին հայազգի դերասանն է, որ արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի բարձրագույն «Օսկար» մրցանակին (1988-ին` «Լուսնոտը» կատակերգության համար):

michael vartanՀայկական հեռավոր ծագում ունեցող առաջին մեծության աստղ է նաև գեղեցկատես Մայքլ Վարդանը` (ծնվ. 1968 թ.)` ամերիկյան մեյնսթրիմ կինոյի սիրված ասպետներից մեկը:

Կինոյում և հեռատեսիլում 80-ից ավելի դեր է մարմնավորել հայազգի դերասան Օլիվեր Քլարքը (Ռիչարդ Մարտիրոսյան, ծնվ. 1939 թ.), որի եղբայրը նույնպես դերասան է` Թոմ Մարտիրոսյանը (ծնվ. 1947 թ.): Վերջինս մասնակցել է 40-ից ավելի ֆիլմերի: Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» նշանավոր ֆիլմում բուժքրոջ դերում է Միմի Սարգսյանը (ծնվ. 1951 թ.): Կարճահասակ և գիրուկ Քեն Դավիթյանը (ծնվ. 1953 թ.), որը ճանաչվեց «Բորաթ» կինոկատակերգության շնորհիվ, մեծ մասամբ կատարել է միանման հերոսների` հաստլիկ Marco Khanանհաջողակների դերեր: Անշփոթելի արտաքին ունի Մարքո Խանը (Խանլյան), որի մեծ մասամբ բացասական հերոսներին կարելի է հանդիպել վերջին տարիներին ստեղծված 40-ից ավելի ֆիլմերում (այդ թվում` «Կարիբյան ծովի ծովահենները. հանգուցյալի սնդուկը»): Մոր կողմից մեր ազգակից լինելու փաստը մշտապես շեշտում են 60-ից ավելի ֆիլմերի դերակատար Էրիկ Պալլադինոն (ծնվ. 1968 թ.) և հեռուստաֆիլմերի դերասան ու սցենարիստ Դանիել (Վարուժան) Մեսիերը:

Հայկական ծագում ունեցող մի քանի դեռահասներ ևս տարբեր ժամանակներում փայլել են այլևայլ հոլիվուդյան ֆիլմերում և հեռատեսիլին, ինչպես` Ջո Էլ Ռադին (ծնվ. 1977 թ., Բեյրութ) և Քայլ Քասարջյանը (ծնվ. 1988 թ., Տորոնտո): Իսկ ահա Մեյ Լաբորդի (1909–2012) դերասանական կարողությունները բացահայտվել են միայն 90 տարեկանից հետո: Ֆրեզնոյում ծնված այս հայուհին (օրիորդական ազգանունը` Շամլյան) իր դերասանական կարիերան սկսել է 93 տարեկանում, նկարահանվել վեց ֆիլմում և ակտիվ եղել մինչև իր մահը` 102 տարեկան հասակում:

ԱՄՆ-ում ունեցել ենք նաև հայ կասկադյորներ, որոնցից ամենահայտնին է Ջոն Քազյանը (Գազազյան): 1970–2000-ական թթ. նա փոխարինել է մի շարք հայտնի դերասանների վտանգավոր տրյուկներ կատարելիս:

XXI դարում ասպարեզ իջան նորանոր հայազգի դերասան-դերասանուհիներ ինչպես ամերիկյան անկախ կինոյում, այնպես էլ Հոլիվուդում: Անշուշտ, ամերիկյան շոու-բիզնեսում այսօր ամենահռչակավոր անունը Քիմ Քարդաշյանն է, որին, սակայն,  անվերապահորեն դերասանուհի չի կարելի համարել: Կարելի է նշել արդեն 45 ֆիլմում, այդ թվում` հանրահայտ «Մթնշաղյան ասքում» նկարահանված Անժելա Սարաֆյանի (ծնվ. 1983 թ.), Նազ Ասլանյանի, Ադամ Սևանիի (Մանուչարյան, ծնվ. 1992 թ.), Ջանեթ Սպիցերի և շատ ուրիշների անունները: Նրանց շարքում կան նաև Հայաստանում ծնված դերասաններ` Վազ Անդրեասը (ծնվ. 1978 թ.), մարզիկ Ռոման Միտիչյանը (ծնվ. 1978 թ.), Ջեք Թոփալյանը (ծնվ. 1983 թ.), պարուհի Նայ Բոնեն (Քրիստինե Շահբազյան), որն արևելյան պարերի կատարումներով հանդես է եկել ֆիլմերում, և այլք: Այս շարքում պետք է առանձնացնել գեղեցկուհի Մարիամ Վարդանյանին, որը կատարել է գլխավոր դերերից մեկն այս տարի էկրան բարձրանալիք «Սինդբադի հինգերորդ ճանապարհորդությունը» ֆիլմում:

Նշենք նաև, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում ավելի ու ավելի հաճախ են հայ և այլազգի ռեժիսորներ նկարահանում ամբողջական կամ մասնակի հայ հերոսներով ֆիլմեր, որոնցում հանդես են գալիս տարբեր սերունդների հայազգի դերասանները: Ամենաթարմ օրինակը Ջեք Թոփալյանի  «Դավաճանություն» (2012) արկածային-դետեկտիվ ֆիլմն է, որտեղ ռեժիսորից բացի նկարահանվել են նաև Վազ Անդրեասը, Մարկո Խանը, Ռոման Միտիչյանը, Լևոն Շարաֆյանը, Անահիտ Շահրիկը, Ալեքսանդր Խաչատրյանը և այլք…

 

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դիտվել է 1136 անգամ