«Արցախն այժմ իմ նկարած ժապավենների վրա է ու հիշողությանս մեջ»

UNKNOWN_PARAMETER_VALUE (35)Կինոօպերատոր, Խ. Աբովյանի անվան պետական  մանկավարժական համալսարանի դասախոս Բորիս Հովսեփյան: Նկարել է «Հայաստանի Հանրապետություն», «Հանրաքվե», «Շուշի. վերադարձ գերությունից», «Լաչինի մարդասիրական միջանցք», «Արցախյան օրագիր», «Տեր Աստված», «Նախագահական ընտրություններ» և մի շարք այլ ֆիլմեր:

Արցախյան գոյամարտի «էպիկենտրոնում» հայտնվածներից յուրաքանչյուրն ուներ իր կռիվը. մեկը զենքով էր` թշնամու դեմ, մյուսը` տեսախցիկով` ժամանակի: Բազմաթիվ կինոօպերատորներ այն ժամանակ մեկնեցին Արցախ, որպեսզի հայ ժողովրդի նորօրյա պատմության հերոսական էջերը հանձնեն ժապավենին ու անմահացնեն ժամանակի մեջ:

Ղարաբաղի թեժ օրերն էին: «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Ռուբեն Գևորգյանցն իր մոտ է հավաքում բոլոր կինոօպերատորներին ու ասում. «Որևէ մեկին ստիպել չեմ կարող, բայց մենք վավերագրողներ ենք, չգնալ չենք կարող»: Արցախ մեկնելու և այնտեղ նկարահանումներ կատարելու կոչին առաջինն արձագանքում է 54-ամյա կինոօպերատոր Բորիս Հովսեփյանը:

Նա ավարտել է Մոսկվայի Կինոյի բարձրագույն ինստիտուտի օպերատորական բաժինը, երկար տարիներ աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում: Որպես օպերատոր առաջին մկրտությունը ստացել է Էռնեստ Մարտիրոսյանի «Մարդ լինելը տաղանդ է» ֆիլմում, աշխատել է Արտավազդ Փելեշյանի հետ «Լեռնային պարեկ» և «Տարվա եղանակները» ֆիլմերում: Արցախ մեկնելուց առաջ Բորիս Հովսեփյանն արդեն  ավելի քան 100 ֆիլմ էր նկարել:

-Երբ շարժումը սկսվեց, ես մեծ ոգևորության մեջ էի: Դա մի բան էր, որին  սպասում էի: Ես ծնվել ու մեծացել եմ մշեցի գաղթականների ընտանիքում: Հայրս փրկվել էր թուրքի յաթաղանից: Մենք ապրում էինք Զորավոր եկեղեցու տարածքում: Մի անգամ Մեծ հաղթանակի օրվա առիթով ուժեղ հրավառություն էր: Մեր պատուհանից չէր  երևում, բայց ձայնը շատ հստակ լսվում էր: Հիշում եմ` ծնողներս տանը չէին, երեխաներով երկու տատիկներիս հետ էինք: Երբ հրավառության «կրակոցները» հնչեցին, մի տատս, որը Ռոստովից էր, որևէ կերպ չարձագանքեց, սակայն Մուշից գաղթած  տատս միանգամից խուճապի մատնվեց ու բղավեց. «Աման, թուրքերը վրա են տվել»: Հետո սկսեց լաց լինել: Արցախյան շարժման օրերին ես անընդհատ հիշում էի  Իֆո տատիս սարսափն ու արցունքները և ինքս ինձ խոստանում` ես պիտի տեսնեմ թուրքի արցունքները,- պատմում է կինոօպերատոր Բորիս Հովսեփյանն ու շարունակում:

- Երբ Ռուբեն Գևորգյանցն առաջարկեց մեկնել Արցախ, ես առանց վարանելու համաձայնեցի: Դա 1992-ին էր, Շուշիի գրավումից առաջ: Արցախում վիճակը սարսափելի էր: Շուշիի «Գրադը» բարձունքից շարունակ ռմբակոծում էր Ստեփանակերտը: Չկար հաց, լույս, վառելանյութ: Քաղաքում բառի բուն իմաստով մոլեգնում էր սովը, նույնիսկ խմելու ջուր չկար: Ինձ և կինոօպերատոր Լևոն Պետրոսյանին տեղավորեցին կապի դասակում: Մենք մեծ դժվարությամբ մեկնում էինք դիրքեր, նկարահանումներ կատարում: Հերթական նկարահանումից հետո մեքենայի մեջ նստած էի, տղաներից մեկը բղավեց` воздух: Հարցրի` ի՞նչ է դա նշանակում, պարզվեց` ադրբեջանցիները ինքնաթիռից կրակում են: Անմիջապես մեքենայի տակ մտա: Երբ ինքնաթիռը հեռացավ, հասկացա, որ ամենասխալ թաքստոցն էի ընտրել, որովհետև մեքենան կրակակետ էր: Փաստորեն, բախտս բերել էր:

- Շուշիի ազատագրման ժամանակ ի՞նչն էր Ձեզ համար ամենատպավորիչը:

- Տեսարանը Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում: Երբ տղաները ներս մտան, բոլորը ծնկի իջան: Նրանց մեջ էր նաև Ստեփանակերտի թատրոնի դերասաններից մեկը, որին մինչ այդ նկարել էի ֆիլմի համար ու հարցրելª մեռնելուց չե՞ս վախենում: Նա ոչ միայն չէր վախենում, այլև պատիվ էր համարում Շուշիի ազատագրման համար մեռնելը: Այնտեղ բոլորն էին այդպես մտածում: Դժվար է խոսքերով նկարագրել այն ոգին, որ այն ժամանակ կար Արցախում: Բոլորն էին պատրաստ զոհվել հանուն իրենց հող ու ջրի, հանուն ազատության,  մեր դարավոր կորուստների վրեժխնդրության… Շատերը տարբեր պատճառաբանություններով հարազատներին խաբել ու եկել էին Արցախն ազատագրելու: Իմ աչքերի ու տեսախցիկի առաջ տեղի ունեցավ Շուշիի ազատագրման հրաշքը: Երբ մայիսի 9-ի առավոտյան Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը, ասաց, որ Շուշին պիտի ազատագրենք, ես ակամա հիշեցի թուրքի յաթաղանից մազապուրծ ծնողներիս:

Շուշիի ազատագրումը ներկայացված է «Հայկ» կինոստուդիայում նկարահանած մեր ֆիլմում, որը կոչվում է «Վերադարձ գերությունից»:  Շուշիի ազատագրումից հետո մենք դիտում էինք  ադրբեջանական հեռուստահաղորդումները: Դրանցից մեկի ժամանակ ադրբեջանցի զինվորն իրենց պարտությունն այսպես էր մեկնաբանում. «Հայերի դիրքերը լավն էին, նրանք ներքևում էին, մենք` վերևում»: Կարծում եմ` մեկնաբանության կարիք չկա:  Մի հաղորդման ժամանակ էլ ադրբեջանցի զինվորին հարցնում են` ինչո՞ւ փախաք Շուշիից, իսկ նա պատասխանում է. «Մենք 200 հոգով էինք,  նրանքª 20 հազար, ինչպե՞ս կարող էինք դիմադրել»: Սա արդեն Կոմանդոսի հնարքն  էր: Երբ նա 10 զինվոր էր ուղարկում, կապով հաղորդում  էր` 100-ն եմ ուղարկում, հարյուրի փոխարեն ասում էր` հազար: Սրանք էլ մեկ-մեկ գրի էին առել ու հաշվել: Այդպես դարձել էինք 20 հազար:

Արցախյան պատերազմին է նվիրված նաև  «Լաչինի մարդասիրական միջանցք» ֆիլմը, որի հետ կապված մեկ այլ դիպված եմ հիշում: Լաչինն արդեն ազատագրված էր, ռազմական գործողությունները դադարել էին, և նկարահանելու որևէ հետաքրքիր բան, ըստ էության, չկար: Լևոն Պետրոսյանի հետ դիրքեր գնացինք, ամեն ինչ խաղաղ էր, մեկ էլ հանկարծ մերոնց ու ադրբեջանցիների միջև  կռիվ սկսվեց, հնչեցին կրակոցներ:  Ես ու Լևոնը միանգամից ոգևորվեցինք, անգամ ուրախացանք ու սկսեցինք անմիջապես նկարել տեսարանըª առանց մտածելու, որ մի փամփուշտ էլ կարող է մեզ բաժին հասնել: Այսպիսին են կինոօպերատորները…

Շուշին ազատագրելուց հետո մեզ` օպերատորներիս, մի տուն տրամադրեցին: Այն վերանորոգեցինք, և հիմնականում այնտեղ էին ապաստանում Արցախ եկած օպերատորները: Ցանկություն ունեինք տունը  վերածել յուրօրինակ մի ստուդիայի, որտեղ հսկայական աշխատանք կարելի էր անել, Արցախին նվիրված բազմաթիվ ֆիլմեր ստեղծել: Բայց այդ տունը հետագայում մեր ձեռքից վերցրին: Այդ տարիներից ի վեր Արցախում չեմ եղել: Արցախն այժմ իմ նկարած ժապավենների վրա է ու հիշողությանս մեջ: Աշխատանքային մոտ 50 տարիների ընթացքում 120-ից ավելի ֆիլմեր եմ նկարել: Խորհրդային տարիներից պահպանված մեդալներ ու շքանշաններ ունեմ, որոնք կինոյում իմ անցած ճանապարհի յուրօրինակ պատմությունն են կարծես:  Վատ չէր լինի, եթե  փոքրիկ մի հուշամեդալ էլ հիշեցներ արցախյան պատերազմի ժամանակ կատարած աշխատանքի մասին: Ինձ համար դա կարևոր չէ, բայց  թոռնիկներիս համար գուցե ինչ-որ բան կնշանակի:

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է 527 անգամ

Calendar

April 2013
M T W T F S S
« Mar   May »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930