Մեհրան Շիրավանդ. «Մեկդարյա կինոկենսագրություն ունեցող իրանական կինոն զարգացման իր ուրույն ուղին ունի»

Իրանական կինոն, որի հաղթարշավին ենք ականատես հատկապես վերջին տասնամյակում, այնուամենայնիվ մեր կինոսիրողների համար մինչ օրս մնում է անծանոթ աշխարհ: Մինչդեռ  դժվար է այսօր պատկերացնել որևէ միջազգային կինոփառատոն, այդ թվում և ամենահեղինակավոր, որից իրանական կինոռեժիսորները գլխավոր մրցանակ չտանեն: Իրանական կինեմատոգրաֆը  համաշխարհային վարկանիշային ցուցակներում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը:  Իսկ մասնագետները բացահայտ իրանական կինոյի մասին խոսում են որպես XX դարավերջի  «գլխավոր մշակութային ֆենոմենի»` դա պայմանավորելով այն հանգամանքով, որ իրանական կինոյում չես տեսնի  սեքս, բռնություն, կրակահերթեր, հետապնդումներ ու պայթյուններ: Իրանական կինոյի լեզուն  բնորոշվում է ոչ թե հատուկ էֆեկտներով, համակցված տեսարաններով ու համակարգչային տեխնոլոգիաներով, այլ անկեղծ հետաքրքրությամբ իրական մարդկանց կյանքի ու հավերժական փիլիսոփայական հարցերի նկատմամբ: Եվ նույն մասնագետների համոզմամբ` այդ ուրույն լեզուն իրանական կինոն կարողացել է ձեռք բերել երկու գործոնի շնորհիվ` պետական ֆինանսական աջակցության, որ հնարավորություն է տալիս ռեժիսորներին չմտածելու դրամարկղի մասին, և կինովարձույթում հոլիվուդյան ժապավենների ու դրանց նմանակելու ցանկության լիակատար բացակայությամբ:

Իրանական կինոյի անցած ուղու, ինչպես նաև կինոյի ոլորտում  հայ-իրանական  առնչությունների մասին «Կինոաշխարհը» զրուցել է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդի հետ:

Իրանական կինոյի անցյալն ու ներկան

Իրանական կինոն երկու շրջան ունի` նախահեղափոխական և հետհեղափոխական: Նախահեղափոխական իրանական կինոն շատ նման էր հնդկական կինոյին, այդ ժամանակվա հնդկական կինոյի ազդեցության տակ էր և ամուր հիմքեր չուներ: Շահի օրոք ստեղծված ֆիլմերը կրում էին այլ երկրների ազդեցությունը, և իրանական կինեմատոգրաֆը կարծես ինքնուրույն չէր զարգանում:

Իրանական հեղափոխությունից հետո իրանական կինոն սկսեց զարգանալ այլ արժեքների հիման վրա, Իմամ Խոմեյնիի վարած քաղաքականությունը մեծ տեղ էր տալիս իրանական կինոյի զարգացմանն  ու վերելքին: Պետությունը նոր կինոյի զարգացման հստակ ռազմավարություն մշակեց: Իմամ Խոմեյնին հատուկ շեշտել է, որ այս ոլորտն արմատական  բարեփոխումներ է պահանջում: Եվ Իրանի կինոարտադրությունն այս պահին իր տեղն ունի համաշխարհային կինոյի ներկապնակում, առանձին խոսք ու ասելիք ունի:

220px-Dokthar_lor110 տարի առաջ`  Մուզա Ֆարեդդին շահի օրոք, կինոն ունեցել է վայրիվերումներով լի ճանապարհ: Առաջին ֆիլմը` «Լոռեցի աղջիկը»  (Լոռը  նահանգ է Իրանում) նկարել է  Մուզա Ֆարեդդին շահը, հենց նա է ֆիլմի ռեժիսորը: Դրանից հետո ստեղծվել է ևս  չորս  ֆիլմ: Հետհեղափոխական շրջանում ստեղծված ֆիլմերի թեման հեղափոխությունն էր, ազատությունը և անկախությունը: Երկրի պատասխանատուները նպատակ ունեին ստեղծել զուտ իրանական կինո` առանձին տեսակ` զարգացման ինքնուրույն ճանապարհով. ստեղծվող ֆիլմերը ոʹչ պետք է հարեին Արևելքին,  ոʹչ էլ Արևմուտքին, դրանք պետք է ունենային ինքնուրույն ուղի և զարգացում: Մեկդարյա պատմություն ունեցող իրանական կինոն սերունդներ է  դաստիարկել այդ ֆիլմերով: Իհարկե, ինչպես բոլոր երկրները, Իրանն էլ ունի կոմերցիոն ֆիլմերի արտադրություն, բայց պետության հիմնական նպատակն այսպես ասած «լուրջ» կինո ունենալն է Իրանում: Միջազգային կինոհանրությանը Իրանը միացել է ամենամյա ՙՖաջր՚ միջազգային կինոփառատոնով, որն ամեն տարի Իրան է բերում տարբեր երկրների կինոարտադրողներին և կինոյի մարդկանց:

Իրանում կինովարձույթ` որպես այդպիսին, առանձին գոյություն չունի: Պետությունը իրանական կինոյի պրոպագանդումն ու տարածումն այլ երկրներում իրականացնում է մշակութային համագործակցության համաձայնագրերի և հուշագրերի շրջանակներում: Կինոն Իրանի պետության ղեկավարների մշտական ուշադրության կենտրոնում է: Իրանի Մշակույթի նախարարության կազմում գտնվող  մի առանձին կառույց զբաղվում է այդ ոլորտով: Այդ կառույցը համագործակցում է անհատ ստեղծագործողների և անկախ կինոընկերությունների հետ` աջակցելով նրանց զարգացման ու կայացման գործին: Այդ աջակցությունը շատ մեծ է, այնքան մեծ, որ  հավասարազոր է մեկ այլ պետության մշակույթի նախարարության բյուջեին: Կինոյի ոլորտին ուղղված գումարները շատ մեծ են: Իրանի պետությունը իրանական կինոյին մեծ դեր է հատկացնում:

Հայերի ներկայությունը իրանական կինոյում

Հայերն իրանական կինեմատոգրաֆում հատուկ տեղ են գրավում: Ավելի քան 100 տարի առաջ Իրանում հայերը սկսեցին թատերական խմբեր հիմնել (1879 թ. Թավրիզում, 1881թ. Թեհրանում և 1886թ. Նոր Ջուղայում): Կինոյի  երևան գալուց հետո իրանահայերն այս բնագավառում էլ մեծ ճանաչում ձեռք բերեցին` նպաստելով կինոարվեստի ձևավորմանն ու կայացմանը: Հայերը հատկապես մեծ ներդրում են ունեցել կինոարտադրության տեխնիկական, հնչյունավորման, նկարահանման, լաբորատոր, ռեժիսորական, լուսանկարչական, դերասանական, ինչպես նաև ղեկավարման աշխատանքներում:

220px-Abi_o_RabiՀայազգի դերասանների մասնակցությամբ նկարահանված առաջին իրանական ֆիլմը «Աբի և Ռաբին» է, որի ռեժիսորը Ավանես Օհանյանն է: Այս ֆիլմում խաղացել են Սիրանույշը և ինքը` Ավանես Օհանյանը: Նույն Օհանյանը և մի քանի այլ հայազգի դերասաններ  խաղացել են նաև «Հաջի աղան` սինեմայի դերասան» ֆիլմում: Օհանյանն Իրանում հիմնել է առաջին, այսպես ասած,  փոքրածավալ ստուդիան:

Ավելի ուշ` 1931 թ., Իբրահիմ Մորադին նկարահանեց «Եղբոր վրեժը» ֆիլմը երկու հայազգի դերասանուհիների` Ժասմեն Զուզգյանի և Լիդա Մաթանոսյանի մասնակցությամբ: Իրանցի հայտնի ռեժիսոր Աբդոլհոսեյն Սեփենթայի 1937 թ. «Լեյլի և Մեջնուն»  ֆիլմում նույնպես ներգրավված են եղել երկու հայ դերասաններ:  Իրանահայ հռչակավոր ռեժիսոր Վարուժ Քյարիմ Մասիհիի «Վերջին արար» ֆիլմում ներգրավված էին  հայտնի իրանահայ դերասաններ Լորիկ Մինասյանը (Հովսեփյան) և Մահայա Պետրոսյանը, որն  այդ ֆիլում ունեցած փայլուն դերակատարումից հետո դարձավ երկրի ամենահայտնի դերասանուհիներից մեկը: Իրանական կինոարվեստում մեծ հեղինակություն են ունեցել իրանական կինոյի առաջին ազդագրերի հեղինակներ  Սուրեն Մնացականյանը, Ժորժ Հաշեմզադեն, Ժանեթ Ավանեսյանը, Ժանեթ Ոսկանյանը, Հրանտ Հակոբյանը, Միշա Կիրակոսյանը: Իրանական կինոյում մեծ ավանդ  ունեն նաև կինոքննադատներ Ռոբերտ Սաֆարյանն ու Զավեն Ղուկասյանը:

220px-Shirin_o_FarhadԻրանական կինոյում հատկապես բարձր է գնահատվում ամենաբեղմնավոր հայազգի ռեժիսոր Սամվել Խաչիկյանի գործունեությունը: Խաչիկյանը հայտնի է որպես ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, անոնսագիր, հատուկ էֆեկտների հեղինակ և նորարար: Իրանական կինոյում նրան ճանաչում են  որպես սարսափ ֆիլմերի կինոռեժիսոր:

Հայ-իրանական համագործակցությունը կինոյի ոլորտում

Հայաստանի անկախացումից առաջ  Իրանի դեսպանությունը  մի քանի պարսկական ֆիլմեր է ցուցադրել Երևանում: Անկախությունից  հետո  այս տարի առաջին անգամ է կազմակերպվել  իրանական ֆիլմերի ցուցադրություն (մոտ մեկ ամիս առաջ)  Երևանի Կապույտ մզկիթում, ռուսերեն ենթագրերով: Դեսպանությունն այս տարի, Մշակույթի նախարարության հետ համատեղ, իրանական կինոյի շաբաթ է  կազմակերպելու ՙՄոսկվա՚ կինոթատրոնում: Նախատեսում ենք այդ ֆիլմերը ցուցադրել նաև Հայաստանի բուհերում: Այդ շրջանակներում կանցկացվի  նաև վարպետության դաս:

Հայկական կինոն Իրանում բավարար չափով ներկայացված չէ, և իրանցի ժողովուրդը տեղյակ չէ, չի ճանաչում հայկական կինոն:  Իրանում  Հայաստանի դեսպանությունը պետք է պրոպագանդի հայկական կինոն, նպաստի, որ ճանաչվի այդ երկրում:

Ինքս ժամանակակից հայկական կինոյին ծանոթ եմ  «Ոսկե ծիրան» փառատոնից, որը շատ նման է պարսկական  «Ֆաջրին»: Բացի այդ, շատ եմ կարդացել Փարաջանովի մասին, եղել եմ նրա թանգարանում:

Զրուցեց Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆԸ

Դիտվել է 475 անգամ