Հայորդիները ֆիլմեր են ստեղծում ԱՄՆ-ում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում է աշխարհի ամենաստվար հայկական գաղութը: ԱՄՆ-ում է նաև աշխարհի հնագույն և խոշորագույն կինոարդյունաբերություններից մեկը: Ուստիև պատահական չէ, որ հայ ժողովրդի զավակները հաճախ են մասնակցել ամերիկյան կինոյին` բեմադրիչից մինչև ամենաաննշան աշխատանք կատարողներ…

ԱՄՆ-ը եղավ այն երկիրը, որտեղ ի հայտ եկան առաջին հայկական կինոընկերությունները. նկատի ունենք 1916-ին ստեղծված «Արաքսը» և 1919-ին հիմնված Նյու Յորքի «Արմենիա ֆիլմը»: «Արաքսում» են հանդես եկել կինոյի պատմության առաջին հայ կինոբեմադրիչները` ի դեմս Սուրեն Հակոբյանի և Հովհաննես Մամասյանի, որոնք էլ նկարահանել են աշխարհի առաջին խաղարկային կինոնկարը` «Հայկական խաչելությունը»: Ավետիս Ահարոնյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված այս կինոնկարը չի պահպանվել, սակայն նրա գոյությունն աներկբա է: 1916-ին Կովկաս այցելած Ասլան Կյոքճյանը նկարահանել է պատերազմական կինոխրոնիկա, որը ցուցադրել է «Moving Picture հայ կամավորներու և եվրոպական պատերազմի» վերտառությամբ: Ֆիլմի մակագրությունները հայերեն են եղել, այն ընդգրկել է ոչ միայն Կովկասում 1914–1915 թթ. տեղի ունեցած ռազմական գործողությունները, այլև հայկական հին ու նոր տեսարաններ և հնություններ:

Mamoulian and AramouniԴարձյալ ԱՄՆ-ում է հանդես եկել համաշխարհային կինոյի զարգացման մեջ թերևս ամենից ծանրակշիռ ավանդ բերած հայորդին` Ռուբեն Մամուլյանը (1898–1987): 1920-ականների վերջին, երբ Հոլիվուդի մագնատներն աշխարհով մեկ տաղանդներ էին փորձում որսալ, նրանց աչքից չի վրիպել իր թատերական բեմադրություններով Բրոդվեյը ցնցած, ծնունդով թիֆլիսեցի Ռուբեն Մամուլյանը: Նոր էր ծնվել հնչուն կինոն, սկսվել էր նոր տեսակի ֆիլմերի լեզվի որոնումների շրջանը: Եվ Մամուլյանի պես նորարարն էր, որն առաջինը կինոյի պատմության մեջ կիրառեց այսօր տարրական, սակայն ժամանակին հեղաշրջող նշանակություն ունեցող արտահատչամիջոցներ: Նա առաջինը հնչուն կինոյում գործածեց շարժուն խցիկը («Ծափահարություններ»), արտակադրային ձայնը («Քաղաքի փողոցները»), աչքի առաջ մարդկային դեմքի ձևազեղծումը («Դոկտոր Ջեքիլը և միսթր Հայդը»), կյանքի կոչեց առաջին երաժշտաֆիլմերից մեկը («Սիրիր ինձ այս գիշեր»), կենդանի և նորովի պատկերեց Հոլիվուդի երկու առասպելական աստղերի` Մառլեն Դիթրիխին ու Գրետա Գարբոյին («Երգ երգոց» և «Քրիստինա թագուհին»), վերջապես, նկարահանեց աշխարհի ամբողջովին գունավոր կինոնկարը («Բեքի Շարփ»), հետագայում էկրանին հուզական նշանակությամբ գործածեց գույները («Արյուն և ավազ»): Նա փորձեց տարբեր ժանրերում հասնել նոր արտահայտչամիջոցների ու գեղարվեստական մեկնաբանությունների ու հնարքների: Լինելով հոլիվուդյան կինոստուդիայի հետ պայմանագրով աշխատող բեմադրիչ` Մամուլյանն ի վիճակի չէր հայկական թեմա շոշափել էկրանին, իսկ 1935-ին նրա սկսած մեծ կինոնախագիծը` Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի էկրանավորումը, քաղաքական խաղերի հետևանքով մնաց չիրագործված:

007 Maykl HakobyanԽարբերդցի Մայքլ Հակոբ Հակոբյանը (1913–2010) ավելի քան 70 ֆիլմ է ստեղծել, որոնց միջոցով կարողացել է ամենայն ճշգրտությամբ ներկայացնել հայ Սփյուռքը, բազմամշակույթ Արևմուտքը, տարագրությունը, պատերազմը և քաղաքական աշխարհի համատարած անտարբերությունը: Լինելով Մեծ եղեռնի վերապրող` Հակոբյանը բազմիցս անդրադարձել է իր ազգային խնդիրներին: Նրա «Պատմական Հայաստան», «Որտե՞ղ է իմ ժողովուրդը», «Քարավաններ Եփրատի երկայնքով», «Մոռացված ցեղասպանությունը», «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը» և մյուս ֆիլմերը հայկական հարցին նվիրված առաջին մեծակտավ վավերագրություններն են, որոնք չեն կորցնում իրենց հնչեղությունը և արդիականությունը: Մայքլ Հակոբյանը նաև Կալիֆոռնիայում գործած Հայ կինոյի հիմնադրամի հիմնադիրն է, որը նպաստել է մի շարք հայապատում ֆիլմերի ստեղծմանը և կազմակերպել հայկական շարժանկարի փառատոներ:

…1942-ին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտել է պատերազմի մեջ, ամերիկյան հասարակության ոգին բարձրացնելու անհրաժեշտություն է զգացվել: «Մետրո Գոլդուին Մեյեր» կինոստուդիան նման մի հայրենասիրական ստեղծագործություն գրելու առաջարկով դիմել է մեծ անուն հանած Վիլյամ Սարոյանին (1908–1980)£ Հայազգի արձակագիրը գրել է «Եվ կյանքը շարունակվում է» սցենարը, որը հետագայում դարձել է «Մարդկային կատակերգություն» նշանավոր վեպի հիմքը, և այն անձամբ նկարահանելու առաջարկ արել: Կինոստուդիայի տնօրենը կասկած է հայտնել, որ կինոյում անփորձ գրողը կարող է նման գործ իրականացնել: Ապացուցելու համար բեմադրիչի իր կարողությունը Սարոյանը երեք օրում կյանքի է կոչել «Լավ գործը» կարճամետրաժ աշխատանքը: Այն առաջին դեմքով պատմում է մի վաճառողի մասին, որի նպարեղենի և մրգերի խանութում հայտնվում են տարբեր հրաշալի մարդիկ:  11 րոպե տևողությամբ այդ կինոնկարը մի քանի մրցանակ է շահել: Հատկանշական է, որ սա Հոլիվուդում ստեղծված առաջին ֆիլմն է, որում, շնորհիվ ամերիկաբնակ հայի կերպարի (դերակատար` Եղիշե Հարութ), հնչում է հայոց լեզուն: Եվ չնայած այս ֆիլմի հաջողությանը` «Մետրո Գոլդուին Մեյերը» մեկ ուրիշի է վստահել «Մարդկային կատակերգության» նկարահանումը, ինչից Սարոյանը չափազանց դժգոհ է մնացել:

aram avakianXX դարի երկրորդ կեսին ամերիկյան կինոյում ասպարեզ իջած, արդեն երկրորդ սերնդի` ԱՄՆ-ում ծնված հայազգի ռեժիսորներից հիշարժան են հետևյալ անունները:  Կինոբեմադրիչ և մոնտաժող Արամ Ավագյանը (1926–1987) սկսել է փաստագրություններից, ապա անցել խաղարկայինի. 1968-ին սեփական սցենարով էկրանավորել է Ջոն Բարթի «Ճանապարհի վերջը» ստեղծագործությունը, որը համարվել է 1970-ականների սկզբի աղմկահարույց կինոնկարներից մեկը: Հետագայում նա նվիրվել է մոնտաժին` դառնալով փնտրված վարպետներից մեկն ամերիկյան կինոյում:

009aRichard sarafyanՌիչարդ Սարաֆյանը (ծնվ. 1930 թ.) հեղինակ է սուր սյուժեով ֆիլմերի` նշանավոր աստղերի մասնակցությամբ: Նա նաև ԱՄՆ-ի հեռուստատեսության վետերաններից է: Նրա լավագույն աշխատանքը թերևս «Անհետացող կետն» է (1971), որը ներկայացնում է «օտարականի» մի փոխաբերական ուղևորություն: Հոլիվուդյան կինոյում են աշխատում նաև նրա զավակները, որոնցից հայտնի է Դերան (Տիրան) Սարաֆյանը (ծնվ. 1958 թ.): Նա շարունակել է հոր ավանդույթները, ստեղծել կինոթրիլլերներ և հեռուստաֆիլմերի շարքեր` հաճախ նշանավոր դերասանների (Ժան Կլոդ վան Դամ, Նաստասյա Կինսկի) մասնակցությամբ, որոնք ունեցել են դրամարկղային մեծ հաջողություն, բայց հաճախ արժանացել են կինոգետների քննադատությանը: Իսկ մեծ և փոքր էկրանի ռեժիսոր Բոբ Քելջանը (1930–1982) նշանավոր է դարձել սարսափ-կինոյի, մասնավորապես` արնախումների մասին նկարահանած իր ֆիլմերով:

010Alek KeshishyanՀոլիվուդից զատ, տարբեր ժամանակներում ԱՄՆ-ում հանդես են եկել բազմաթիվ անկախ կինոռեժիսորներ` Ռոքսան Փարնագյանը («Չարլզ Գարի. փողոցի մարտիկը դատարանում», 1992), Նիկոլ Պեզճյանը (հայ տարագիրների կյանքը պատկերող «Սիսեռ», 1994), Թեոդոր Պողոսյանը («Հայկական ուղևորություն», 1989) և այլք: Վավերագրող Գարի Քոնքլինը (Չանղալյան) հետաքրքրված է արվեստագետներով, գրողներով և մտավորականներով: 1991-ին Ալեք Քեշիշյանը  միջազգային համբավի արժանացավ պոպ աստղ Մադոննայի մասին փաստագրական ֆիլմով, որից հետո որևէ նշանակալի աշխատանք չստեղծեց:

ԱՄՆ-ում առաջին հայալեզու կինոնկարները ստեղծել է երգիչ և դերասան Սեդրակ Վարդյանը 1930-1940-ական թթ. («Անուշ», «Կոմիտաս վարդապետի երգերը»): Հետագա փորձերը վերաբերում են 1960-ականներին, երբ Հոլիվուդում ստեղծվել է «Հայք փրոդաքշըն» կինոստուդիան: Նրա անդրանիկ ժապավենը եղել է 1964-ին նկարահանված «Արյունապարտը» ըստ Ավետիս Ահարոնյանի պատմվածքի (բեմադրիչ` Գևորգ Մարզպետունի): Ֆիլմի գլխավոր դերակատար Սարգիս Մուրադյանը հետագայում նկարահանել է հայապատում ֆիլմեր` մելոդրամներ և արկածային գործեր («Երջանկության արցունքները», «Սասունի քաջերը»), որոնք, սակայն, զուտ համայնքային նշանակություն են ունեցել:

DA61~1Nikol BalivyanՎերջին տասնամյակում ամերիկյան տարբեր անկախ ստուդիաներում ուշագրավ աշխատանքներով հանդես եկան միջին և նոր սերնդի հայազգի ռեժիսորներ, ինչպիսիք են  Աննա Կոնդո Աշջյանը («Ալքիմիա», 2002), Քևին Շահինյանը («Քարթերի երազանքը», 2002), Արմեն Օհաննեսյանը («Աուրա», 2003), Սևան Մաթոսյանը («Մեր տունը», 2003), Արամ Հեքինյանը («Մի փուչիկ», 2004), Ջորջ Ադուրյանը («Հանդիպում», 2004), Ռոբերտ Դավիդյանը («Կարաոկեի անուրջներ», 2005), Մայքլ Գյուրջյանը («Պատրանք», 2004), Արմեն Էվրեսթենը («Ծովի վարպետները», 2006), Վարանդ Տիգրանյանը («Օրինազանցները», 2008), Ջորջ Խաչատրյանը («Գեղեցկություն նկարահանելով», 2009), Գառնի Բաղդիկյանը («Գրել է…», 2009) և շատ ուրիշներ: Խաղարկային ֆիլմեր են ստեղծել Համլետ Սարգսյանը («Camera obscura», դրամա-թրիլլեր, 2000), Բոբի Կարապետյանը («Մոստ», 2003, Չեխիայի հետ համատեղ), Նիկոլ Բալլիվյանը («Մեկնելով Զիգզիգլանդ», 2006): Մոր կողմից հայ Ալբերտ և Ալեն Հյուզ սևամորթ երկվորյակ եղբայրները (ծնվ. 1972) սիրված թրիլլերների հեղինակ են, որոնցից են «Դժոխքիցը» և «2012»-ը:

Eric Nazarian photoԱյս շարքում կուզեինք առանձնացնել հատկապես Հայաստանում ծնված բեմադրիչ Էրիկ Նազարյանի անունը, որի «Կապույտ ժամը» («Մթնշաղ») ֆիլմը չորս մրցանակի արժանացավ 2008 թ. երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Ամերիկայում անկախ կինոն վերջին տարիներին լուրջ դժվարությունների առաջ է կանգնել տնտեսական ճգնաժամի պատճառով, այդ իսկ պատճառով վերոնշյալ ռեժիսորները շատ քիչ կամ գրեթե ոչինչ չեն նկարահանել անցած տարիների ընթացքում:

Ամերիկահայ բեմադրիչների նոր և նորագույն սերունդները հաճախ են անդրադառնում հայկական թեմային` վավերագրական թե գեղարվեստական կինոյում: Հատկապես 2000-ականների սկզբին Լոս Անջելեսում կուտակված հայությունը սկսեց ակտիվորեն հայկական ֆիլմեր նկարահանել: Հիմնականում հայկական ուժերով ստեղծված կինոնկարներից են Արա Քորբեթի «Տանիք տանիքին» (1999), Քրեյգ Կուզանյանի «Նուռը» (2000), Ռուբեն Քոչարի շարժապատկերները, Թինա Բասթաջյանի «Ճակատագիրը» (2001) և «Դեպի այգեստանը» (2002), Երվանդ Քոչարի «Մարդաձուկը» (2002), Վահե Բաբայանի «Ազատությունից հետո» (2002), Սարգիս Մուրադյանի «Ալիսիան» (2002), Աննա Տերյանի «Մահվան իրավունք. դոկտոր Գևորգյանի շինծու դատավարությունը» (2004), Նորա Արմանիի «Հուզիչ պատմությունները» (2012) և այլ խաղարկային ու վավերագրական ֆիլմեր (երբեմն` հայալեզու և անգլերեն մակագրերով): Հրատապ թեմաներով մի շարք  փաստագրությունների հեղինակ է Քարլա Կարապետյանը, որի «Աղաղակողները» բավական ազդեցիկ ֆիլմը (2006) երաժիշտ Սերժ Թանկյանի գործունեության միջոցով ցույց է տալիս հայոց ցեղասպանության հանրահռչակման արշավը…

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դիտվել է 856 անգամ