Կարինե ԹՈՐՈՍՅԱՆ. «Կինոն ինքնության կապանքներից ազատվելու միջոց եղավ»

0000GARINE10Լուսանկարիչ, ռեժիսոր Կարինե Թորոսյանի ծննդյան, կայանալու և բնակության երկրները տարբեր են` Լիբանան, Կանադա, Հայաստան: Այս եռանկյունում ստացած հնարավորությունները, տեղեկություններն ու ներաշխարհն ամբողջացնող զգացումները և բանականությունն են տվել նրան ներհայեցողական կինոմտածողություն: Ինչն էլ նախ վավերագրությամբ է արտահայտվել, այնուհետև ռեժիսորից աշխարհ տանող ուղին հասել է համամարդկային թեմաներին ու խաղարկային կինոյին` միաժամանակ հարազատ մնալով վավերագրությանը: 

Կինոգիտական միտքը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքում այս կերպ է ներկայացնում Կարինե Թորոսյանի կինոն. «Գույներից և ֆակտուրաներից, կրկնակի էքսպոզիցիաներից և սահապատկերներից հարուստ ներկապնակ ստանալով` նա ստեղծում է արտասովոր բարդ ֆիլմեր, որոնք կամրջում են տեսողական հնչյունային արվեստը` կինոն և ռոք վիդեոն»:

Հարկ է ասել` Կարինեն ինքնուս լուսանկարիչ է և ինքնուս ռեժիսոր: Հենց ինքն էլ փաստում է. «Մեծ եղբորս ուսումնառության տարիներին, նրա տեսախցիկն առած, անկախորեն նկարահանումներ էի անում: Եղբորս միջոցով կինոաշխարհը բացվեց ինձ համար: Կինոյից առաջ արդեն հետաքրքրված էի լուսանկարչությամբ. լուսանկարում էի, նաև նկարում: Սակայն կինոյի համեմատությամբ` լուսանկարչության աշխարհն արտահայտչաձևերի տեսանկյունից սահմանափակ թվաց ինձ: Մինչդեռ կինոն միացնում է պատկերը, երաժշտությունը, սինթեզում շատ այլ բաներ: Այն ինձ ավելի ամբողջական թվաց»:

Կարինե Թորոսյանի` այդ ամբողջականությունն օգտագործելու առաջին փորձը եղավ «Տեսիլներ» կարճամետրաժ ֆիլմը 1992 թ.: 12 տարի շարունակ` մինչև 2004 թ., իրար հաջորդեցին մի քանի կարճամետրաժներ` բառացիորեն տարին մի ֆիլմ ժամանակագրությամբ. «Պլատֆորմ» (1993), «Մշեցի աղջիկը» (1994), «Բոցի մեջ սուզվելով» (1995), «Իմ մտասևեռումը» (1996), «Խաչված կիրքը» (1997), «Նռնենի» (1998),  «Կարմիր աղյուս» (1999), «Առկայծող ձիեր» (1999), «Աճյուն» (2000), «Մահ բոլորին» (2000), «Հոգիս» (2000), «Մանուկներ արևի վրա» (2001), «Ցնորական հանդիպումներ» (2002), «Խորգոմի այգին» (2003), «Sandias Eustasy» (2004):  Հետո արդեն ռեժիսորի ֆիլմոգրաֆիան հարստացել է լիամետրաժ վավերագրական ֆիլմով` «Քար, ժամանակ, հպում» (2006):

«Լիամետրաժ ֆիլմ նկարահանելու նպատակով 9 տարի առաջ` 2004-ին, Հայաստան եկա: Դրանից 2 տարի անց «Ոսկե ծիրան» կինոփառատոնում այդ «Քար, ժամանակ, հպում» ֆիլմի աշխատանքային տարբերակը ներկայացրի, իսկ ավարտուն տարբերակի պրեմիերան Բեռլինում էր, 2007-ին: Այս ֆիլմը շատ միջազգային փառատոներում ցուցադրվեց: 2007-ին Լեհաստանում առաջին մրցանակ ստացավ: Նույն ֆիլմը Միացյալ Նահանգների SUNDANCE և կանադական CBS հեռուստաալիքները գնեցին` ֆիլմի ֆինանսավորումը Կանադայի ազգային կինոկենտրոնից էր»,- մանրամասնեց Կարինեն` միաժամանակ տեղեկացնելով, որ ներկայիս զբաղվածությունն ապահովվում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ:

Իսկ սպասվելիքը երկրորդ լիամետրաժ, բայց արդեն խաղարկային` «Ժամանակի աղմուկը» ֆիլմն է: Այն  ցույց կտա ռեժիսորի ծննդավայրի` Լիբանանի, ավելի  ստույգ` Բեյրութի հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասի իրականությունը: Դերասաններն ու կերպարները հենց Բուրջ Համուդի բնակիչներն են, պատմությունը` նրանց առօրյան, որ հագեցած է մեծ ու փոքր, բայց  թանձր յուրահատկություններով: Այնտեղ հարաբերման այլ ձևեր են, այլ է հումորը, երգիծանքի լեզուն: Ի դեպ, այս ֆիլմում տեսաշարը նույնպես կատարման և մտածողության առումով ընդհանուր եզրեր չի ունենալու նախորդ  որևէ  ֆիլմում արվածի հետ:

«Նախկինում մեծապես հետաքրքրված էի ներհայեցողական և ինքնության խնդիրներով:  Կինոն դարձավ ինչ-որ չափով կապանք հանդիսացող այդ հարցերից ազատվելու միջոց: Իսկ ընտանիք կազմելուց հետո շատ ավելի համամարդկային խնդիրներ սկսեցին հանգիստ չտալ: Այսօր Բուրջ Համուդի անկրկնելի ինքնատիպությունը կորչելու վտանգի առաջ է: Շատ եմ շտապում արձանագրել այն իմ լիամետրաժ խաղարկայինում: Ի դեպ, սցենարը գրել եմ ամուսնուս` գրող Վիգեն Բերբերյան հետ:  «Ժամանակի աղմուկը» միայն հայի սիրտն ու միտքը չէ, որ պիտի հուզի, հետաքրքրի, այլև ուզածդ մեկի, քանի որ պատմություն է, որը սրտին կհասնի»,- պատմեց Կարինեն, որի համար կինոյում ունեցած դժվարությունները իրական Հայաստանի ու իր երազների Հայաստանի հակասություններն են եղել: Բայց այսօր մեկտեղվել են երազային ու իրական Հայաստանները որպես վերջին երկու տարիների բնակության վայր, որտեղ հայերեն է սովորում Կարինեի ու Վիգենի առաջնեկը` երեքամյա Վեպը, և որտեղ շուտով լույս աշխարհ կգա երկրորդ զավակը:

«Հայաստանում մնալը ֆինանսավորումից է կախված, քանի որ արվեստագետի պես ենք ապրում, առանց ամենամսյա աշխատավարձի: Այնուամենայնիվ շատ կարևոր է, որ ամեն սփյուռքահայ հնարավորություն ունենա իմանալու, թե ինչ է նշանակում հայ լինել Հայաստանում և հրաժարվել հայրենիքի մասին երազային պատկերացումներից: Այդ հակասությունը պարզելը շատ դրական արդյունք պիտի ունենա: Ինքս այլևս շղթայված չեմ ինքնության հարցերով: Շատ ավելի հանգիստ եմ զգում ինձ որպես հայ և աշխարհի մարդ:  Կինոն և իրական Հայաստանը ճանաչելն ինքնության կապանքներից ազատվելու միջոց եղան: Հայ լինելը հարց էր, հիմա հարց  չէ: Արդեն հանգիստ անդրադառնում եմ այլ հուզիչ նյութերի, որոնք բուն հայկական չեն: Այլևս իմ ֆիլմերը ներքին աշխարհի ընդգրկումից տարբեր են լինելու: Ավելի հետաքրքրական է հեքիաթներ հորինել զանազան երևույթների մասին և աշխատել ուրիշների հետ»,- իր խոսքը եզրափակեց  Կարինե Թորոսյանը, որը փիլիսոփայական ներհայեցողական նյութը կինոլեզվով ներկայացնելու բանալիները գտել է Ինգրիդ Բերգմանի «Յոթերորդ փոկը» ֆիլմում, իսկ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» առավել ճանաչելի ու հասկանալի է դարձրել նրա հայկական ինքնությունը:

Նանա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Դիտվել է 459 անգամ