Շառլ Ազնավուրը մասնակցել է Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնի` հայկական կինոյին նվիրված երեկոյին

146110Ֆրիբուրգի 27-րդ միջազգային կինոփառատոնի (մարտի 16-23-ը) շրջանակներում կազմակերպվել է հայկական կինոնկարների ցուցադրման երեկո, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը: Փառատոնի շրջանակներում մարտի 21-ին ցուցադրվել են Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» և Օքսանա Միրզոյանի «140 դրամ» կինոնկարները: Կինոցուցադրմանը հաջորդել է «Սփյուռք. Ատոմ Էգոյանը և Հայաստանը» խորագրով Հայաստանին նվիրված քննարկումը, որին մասնակցել են դեսպան Շարլ Ազնավուրը, Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարի Բուվյեն, կինոռեժիսոր Օքսանա Միրզոյանը, կինոպրոդյուսեր Բրադեն Քինգը եւ Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասսելը: Քննարկումների ընթացքում, որին ներկա էին մոտ 250 հոգի, դեսպան Ազնավուրը ներկայացրել է Հայաստանը, հայ ժողովրդին, հայկական մշակույթը, հայոց պատմությունը: Իր ելույթում ՀՀ դեսպանը կարևորել է մշակույթի, մասնավորապես` կինոյի դերը Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու գործում: Կինոփառատոնում հայկական ֆիլմերի ցուցադրությունը և  դեսպան Ազնավուրի մասնակցությունը դրան  լայնորեն լուսաբանվել է շվեյցարական մամուլում և հեռուստատեսությամբ: Նշենք, որ Ֆրիբուրգի կինոփառատոնը հանրաճանաչ մշակութային միջոցառում է, որի կարևորագույն նպատակներից  է աշխարհի տարբեր մշակույթների ներկայացումը հանրության լայն շերտերին:

 

Դիտվել է 479 անգամ