Հայաստանը 8-րդ միջազգային հեռուստաշուկայում

lobby2Փետրվարի 18-20-ը Պրահայում կայացավ հերթական` 8-րդ միջազգային հեռուստաշուկան` World Content Market-ը, որտեղ աշխարհի 141 ընկերություններ առաջարկում, ներկայացնում  ու վաճառում էին իրենց հեռուստաարտադրանքը, իսկ 395 ընկերություններ գնորդներ էին: Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցեց նման միջոցառման և ներկայացրեց երկու միանգամայն  տարբեր բնույթի արտադրանք` անիմացիոն և վավերագրական ֆիլմեր: “ԱրտՍթեփ ստուդիան” և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հանդես եկան առավել շահեկան ու ներկայանալի արտադրանքով` մուլտիպլիկացիայով, իսկ “Ղարաբաղի վերքերը” վավերագրական ֆիլմաշարը` պատերազմական քրոնիկոնի եզակի նյութով, ներկայացրին նշանավոր հեռուստալրագրող և ռեժիսոր Ցվետանա Պասկալևան և նրա “ԹՍ ֆիլմ՚” ստուդիան:

sp_party_market 2013Առաջինը, որ աչքի էր զարնում այնտեղ, գործնական մթնոլորտն էր: Ո՛չ շքեղ հանդերձներ, ո՛չ ուղեգորգ ու ծաղիկներ: Մարդիկ եկել էին առևտրի, ուրիշ ոչինչ: Ընդ որում, մասնակիցներն իրենց գրաֆիկը նախօրոք էին կազմել` շուկայից 3 ամիս առաջ մանրամասն ուսումնասիրելով տվյալների շտեմարանը, ընտրելով հնարավոր գնորդներին կամ վաճառողներին և մի ամիս առաջ հանդիպումներ նշանակելով անհրաժեշտ մարդկանց հետ: Այնպես որ փետրվարի 18-ի ժամը 10-ին յուրաքանչյուր մասնակից ուներ իր գրաֆիկը` օրական 10-12 հանդիպումով: Թե՛ յուրաքանչյուր գործընկերոջ, թե՛ նրա ընկերության մասին հայտնի էր ամեն ինչ` երկիրը, գործունեության ոլորտը և հետաքրքրությունները:

Հայկական տաղավարը բավական գեղեցիկ էր: Դա ավելի շուտ աշխատանքային կաբինետ էր` լի  վառ պլակատներով, բացիկներով, սկավառակներով: Առաջարկվող անիմացիոն արտադրանքը բոլոր ճաշակների համար էր.  Հայկ Սահակյանցի հումորիստական կարճամետրաժները` արված 3D տեխնիկայով` «Քվանտային ցատ» և «Հետապնդում» և Գայանե Մարտիրոսյանի «Վիաշապագորգ» մեկժամյա ֆիլմն ամենափոքրերի համար, Նարիրա Մուրադյանի արտհաուսային, փիլիսոփայական, ռոմանտիկ, նուրբ ու երաժշտական «Բալետ» և «Ճանապարհ» ֆիլմերը:

Հարկ է ասել, որ մեր արտադրանքը բոլորին զարմացրեց իր որակով: Քանի որ մեր պատվիրակությունն առաջին անգամ էր մասնակցում հեռուստաշուկային, բոլորին թվում էր, թե Հայաստանում անիմացիոն ֆիլմերի արտադրությունը սկսվել է ընդամնեը 1-2 տարի առաջ, և դա որակյալ ինտելեկտուալ հեռուստաարտադրանքի նոր, բոլորի համար անծանոթ մատակարար է:

Աշխարհում անհամար հեռուստաընկերություններ կան, և բոլորին անհրաժեշտ է մշտապես  համալրել իրենց  հաղորդումները նոր անուններով, հարկ է միայն գրագետ  բացահայտել, թե  հատկապես ինչ է պետք բաերներին: Գերմանիայի դիստրիբյուրտորները մանկական ալիքի համար ընտրեցին «Քվանտային ցատկը» և «Վիշապագորգը», ռուսական և բելառուսական ալիքները` «Քվանտային ցատկը», «Հետապնդումը», իսկ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի ներկայացուցիչները խնդրեցին  դիտարկել «Սասնա ծռերը», Իսպանիայի դիստրիբյուտորներն առհասարակ սեղանից հավաքեցին ամեն ինչ` իսպաներեն ու ժեստերի լեզվով հասկացնելով, որ իրենք շատ ալիքներ ունեն` տարբեր ուղղությունների, և մեր յուրաքանչյուր ֆիլմ կգտնի իր սպառողին:

Սակայն մի բան  ակնհայտ էր, որ հեռուստաալիքներին մեծ ծավալ է պետք` լիամետրաժ ֆիլմեր և տևական սերիալներ: Բոլորն արդեն իսկ գոյություն ունեցող սյուժեների շարունակությունն էին խնդրում, և մենք ստիպված էինք կատակել, թե Հայաստանում այդքան մեծ թվով բնակչություն չկա, որ կարողանա լրացնել նրանց անհրաեշտ մուլտիպլիկացիոն նյութի քանակը:

Բայց այնտեղ նաև համատեղ արտադրության գործընկերներ գտնելու մեծ հնարավորություն կա: Նախօրոք  պատրաստված «Աշխարհի ժողովուրդների հեքիաթները», «Դանթե» շարքերի նախագծերը և նոր հայ-ուկրաինական «Գ թիմ» նախագիծը հետաքրքրեցին Սերբիայի, Բելառուսի և Գերմանիայի արտադրողներին:

Առհասարակ  մթնոլորտը շուկայում գործնական էր, բայց և միաժամանակ բավական բարեկամական: Երկրորդ օրն արդեն բոլորն ընկերացել էին և ազատ, անկաշկանդ շփվում էին` բնավ ուշադրություն չդարձնելով, թե ով ինչ լեզվով է խոսում: Եվ բոլորը միաբերան նշում էին Հայկական տաղավարի ջերմ մթնոլորտը:

Դիտվել է 323 անգամ