Կինոերաժշտությունը լավագույն միջոցն է երիտասարդներին դեպի դասական արվեստ տանելու համար

smbatԱռհասարակ դժվար է պատկերացնել կինոն առանց երաժշտության: Հաճախ ֆիլմերը հիշվում են հենց կինոերաժշտության շնորհիվ: Եվ պատահական չէ, որ հոլիվուդյան կինոարտադրությունը հատուկ տեղ է հատկացնում հենց կինոերաժշտությանը, հատուկ նկարահանում տեսահոլովակներ` ֆիլմը գովազդելու համար:
Անցած տարի Հայաստանի ինը բուհերում իսկական տոն էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ուսանողներին ներկայացավ ոչ սովորական ձևաչափով: Նրանք կատարում էին հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերի մեղեդիները: Hollywood non-stop խորագիրը կրող համերգաշարում ներառված էր հոլիվուդյան հին ու նոր ֆիլմերի (ՙ”Նախաճաշ Տիֆանիի հետ”,”Մի անգամ Ամերիկայում”,”Կնքահայրը”, “Կնոջ բույրը” և այլն) երաժշտությունը: Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ: Բոլոր համերգները ղեկավարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որին էլ խնդրեցինք մի քանի պարզաբանումներ տալ “Կինոաշխարհի” ընթերցողներին:

Ինչպե՞ս առաջացավ հոլիվուդյան ֆիլմերի երաժշտություն կատարելու գաղափարը
Գաղափարը ծնվեց երկու տարի առաջ, երբ հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համերգ ունեցանք և կատարեցինք Նինո Ռոտայի “Սիրո թեման”: Դա “Կնքահայրը” ֆիլմի ամենահայտնի երաժշտությունն է: Ես հասկացա, որ կա մի ստեղծագործություն, որը գրել է լուրջ կոմպոզիտոր և այնքան հայտնի է, որ այն վերագրում ենք փոփ երաժշտության դասին, ինչը ճիշտ չէ: Բայց խոսելով կինոերաժշտության մասին, պետք է նշենք, որ կինոյի հաջողությունը նաև երաժշտությունից է կախված: Հանս Ցիմեր, Նինո Ռոտա, Էնիո Մարիկոնե. երբ նրանք ստեղծագործել են ֆիլմերի համար, միշտ հաջողություն են ունեցել: Հայաստանում մենք շատ մեծ առավելություն ունենք: Մեր երիտասարդները նայում են կինո, հատկապես` հոլիվուդյան, իսկ Եվրոպայում երիտասարդները հոլիվուդյան ֆիլմեր չեն նայում: Այսօր մենք ձգտում ենք դեպի կինո, կինոն մեծագույն մշակույթ է: Եթե խոսենք հոլիվուդյան ֆիլմերի մասին, ապա պետք է նշենք, որ շատ սերունդներ կրթվել են դրանցով: Այդ իսկ պատճառով որոշեցինք կատարել այն մարդկանց համար, որոնք երաժշտական կրթություն չունեն, բայց չգիտեն, որ սիրում են դասական երաժշտություն: Բոլորը ենթագիտակցորեն գիտեն, թե ինչ է դասական երաժշտությունը: Մեր նպատակն էր ցույց տալ, որ Էնիո Մարիկոնեի երաժշտությունը դասական է, սիրված է:

Նախագծի հաջողությունը
Ես առաջին օրվանից համոզված էի, որ այն հաջողություն կունենա, բայց չէի պատկերացնում, որ այսքան երկար կապրի: Hollywood non-stop-ը մեր նվագախմբի ամենամեծ ձեռքբերումներից է: Դա մի նախագիծ է, որը մարդիկ գիտեն և հիշում են: Իսկ եթե հիշում են, ուրեմն այն հաջող է:

Ինչպե՞ս ստացվեց ԱՄՆ-ի դեսպանատան հետ համագործակցությունը
Համագործակցությունը շատ արագ ստացվեց: Դեսպանատունը հասկանում է, որ “Հոլիվուդ” բառով պրոպագանդում է իր երկրի արժեքները: Մենք էլ հասկանում ենք, որ ՙՀոլիվուդ՚ բառն օգտագործելով` պրոպագանդում ենք դասական երաժշտությունը երիտասարդության շրջանում:

Ինչպե՞ս ընտրվեց համերգային ծրագիրը
Դա մի քիչ ավելի պրոֆեսիոնալ հարց է: Ծրագիրն ընտրվեց այն պարտիտուրների հիման վրա, որոնք կարողացանք գտնել: Շատ հայտնի ֆիլմերի մեղեդիներ կան, սակայն մենք խնդիր ունենք` կապված նոտաների, հեղինակների իրավունքների, դրանց կատարման թույլտվության և Հայաստան հասցնելու հետ:

Հետագա անելիքները
Ծրագիրն անպայման պետք է շարունակվի: Ես մարդկանց արձագանքից հասկացա, որ նախագիծը պետք է ապրի: Մարդիկ ուզում են լսել, կրկին ստանալ այդպիսի դրական էմոցիաներ: Մայիսին մենք թարմացնելու ենք համերգային ծրագիրը: Այնտեղ ընդգրկվելու են նաև հոլիվուդյան հայտնի մուլտֆիլմերի մեղեդիներ:
Մենք ելույթ ենք ունենալու նույն ձևաչափով, որովհետև այլ կերպ դժվար է: Նվագախմբին տեխնիկական պայմաններ են պետք: Այդ ինը բուհերը, որտեղ ելույթ ենք ունեցել, համապատասխան բեմ, տարածք ունեն: Փետրվարի 7-ին և 12-ին նախագիծը կներկայացվի Գյումրիում և Արտաշատում: Մենք հոլիվուդյան երաժշտությունը ակտիվ պրոպագանդում ենք նաև մարզերում:

Կինոերաժշտությունը` դասական երաժշտության հետ կապող կամուրջը:
Մարդիկ այսօր ձգտում են ներկա գտնվել Երիտասարդական նվագախմբի համերգին և դա մեր մեծագույն ձեռքբերումն է: Եթե մենք բուհերում ներկայացնեինք Մոցարտի 40-րդ սիմֆոնիան, ապա կտապալվեր: Նախագծի շնորհիվ մենք գրավեցինք շուրջ 4000 երիտասարդի:

Իսկ հայկական կինոֆիլմերի մեղեդինե՞րը
Այս առնչությամբ մենք որոշ խնդիրներ ունենք: Հոլիվուդում ամեն ինչ այլ է: Եթե դու պահանջ ունես, նրանք քեզ ուղարկում են պարտիտուրներն ու ձայնը: Հայկական կինոերաժշտությունը շատ մեծ արժեք ունի, բայց մենք չունենք դրանց պարտիտուրները: Եթե մեզ օգնեն դրանք ձեռք բերելու հարցում, մեծ հաճույքով կկատարենք այն երաժշտությունը, որ ստեղծել են Ջիվան Տեր-Թադևոսյանը, Արամ Խաչատրյանը, Տիգրան Մանսուրյանը: Չկան դրանց պարտիտուրները կամ շատ վատ վիճակում են, նորոգման կարիք ունեն: Անշուշտ մարդկանց պետք է ներկայացնել նաև հայկական երաժշտությունը:

Պատրաստեց
Սոնա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է 656 անգամ