ԿԻՆՈԱՇՈՒՆ 2012

կինոաշունԴու դպրոցական ես: Տնային առաջադրանք են տվել, ամեն տարվա պես` «աշուն» թեմայով շարադրություն: Ինքնահոսդ գրում է` «դեղնած դաշտերին իջել է…» ու կանգ առնում: Դու գիտես, որ հիմա բոլոր աղջիկները տերյանական ոգով դեղին տերևներից ու անձրևի կաթիլներից տեքստեր են հունցում, խոնավ տխրության մածուցիկ նյութի հետ խաղ անում, բայց դու չես գրի, այս տարի չես գրի ավանդական տրամադրությամբ շարադրությունդ, որովհետև այս անգամ աշունդ ուրիշ էր` կինոաշուն էր: Մտքիդ մեջ դպրոցում տեսած ֆիլմի կադրերն են պտտվում, ու գրում ես հենց դրա մասին: Գրում ես, որ քեզ հատկապես շատ դուր եկավ «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսը: Քեզ պես հազարավոր դպրոցականներ ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում հայ կինոյի հրաշքին հաղորդակից եղան Ազգային կինոկենտրոնի իրականացրած «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագրի շնորհիվ: Ո՞վ գիտի, նրանցից քանիսի համար աշունն արդեն ոչ միայն թախծապարուր շարադրություններ գրելու եղանակ է, այլև դպրոցում հայ կինոյի հետ հանդիպման պահ` մշտապես անակնկալ, բայց և արդեն սպասված:

Դու  թոշակառու ես: Հիմնականում տանը նստած՝ փոխում ես հեռուստաալիքները` հույսով, որ մի լավ, բարի ու հին ֆիլմ կգտնես, բայց ավաղ: Ջահել տարիներին շատ էիր գնում կինո, քեզ թվում էր, թե բոլոր-բոլոր հայկական ֆիլմերը հաստատ տեսել ես, բայց երբ ընկերուհուդ հետ գնացիք «Նաիրի» կինոթատրոնում Բեկնազարյանի 120-ամյակին նվիրված ցուցադրություններին, պարզվեց` ոչ բոլորը: Ու հատկապես հավանել էիր «Արարատյան դաշտի աղջիկը» կինոնկարը: Հոկտեմբերի 14-ից երկու շաբաթ շարունակ քեզ նման բազմաթիվ մարդիկ` ահել ու ջահել, մեծ ու փոքր բացահայտեցին իրենց համար «անհայտ Բեկնազարյանին» Կինոաշնան շրջանակներում կազմակերպված այս հետահայաց ցուցադրության շնորհիվ: «Նաիրիում» նշվեց նաև Լաերտ Վաղարշյանի ծննդյան 90-ամյակը, ցուցադրվեցին նրա «Փեսատեսն» ու «Քաոսը», Սերգեյ Իսրայելյանի 75 տարին` «Ճերմակ անուրջների» ցուցադրությամբ:  Տեղի ունեցավ Դմիտրի Կեսայանցի գրքի շնորհանդեսը, որ եզրափակվեց նրա «Մեր պապերի քայլերթը» ֆիլմի դիտումով:

Դու ուսանող ես: Ընկերոջդ հետ քայլում եք աշնանային ծառուղիներով, ձեր մշտական զբոսանքի վայրերով՝ տարված խոսքուզրույցով, ու երկուսով, ասես միաժամանակ, նկատում եք, որ արդեն մթնում է, իսկ խոսակցությունն ամբողջանալ է ուզում, և տանում է ձեզ դեպի մոտակա սիրված սրճարան` իրեն համեմելու տաք թեյով ու սերկևիլի մուրաբայով: Դու արդեն գիտես, որ այս խոսակցությունը քեզ դեռ շատ տարբեր ու երկար ճանապարհներով կտանի, որովհետև կինոյի մասին է, հայ կինոյի, և բացվել է քո գրած գրախոսականից, որ մրցույթի է մասնացել ու շահել: Ուսապարկիդ մեջ մրցույթի հաղթողի դիպլոմն է, գրպանումդ` դրամական պարգևը, մտքիդ մեջ` վերջնականապես հասունացող որոշումը. կինոն քո կոչումն է: Քեզ պես շուրջ հիսուն ուսանող է այս տարի մասնակցել Կինոաշնան շրջանակներում ավանդաբար անցկացվող գրախոսականների մրցույթին: Ո՞վ գիտի` նրանցից քանիսը վաղը կդառնան կինոքննադատ կամ կինոլրագրող: Մրցույթի մասնակիցների թիվը նախորդ տարիների համեմատ աճել է` համապատասխանաբար 17, 33 և 47: Բացի գրախոսականի մրցույթից, ուսանողության համար Երևանի չորս բուհում` համալսարանում, մանկավարժականում, սլավոնականում ու թատերականում, հայ ժամանակակից կինոյի դիտումներ ու քննարկումներ են կազմակերպվել:

Դու սփյուռքահայ ես: Ընտանիքով վերջերս եք ներգաղթել Սիրիայից ու փորձում եք նոր կյանքին հարմարվել: Մի ծանոթի խորհրդով մտել էիր «Նարեկացի» արվեստի միություն ու պատահաբար իմացար, որ ազգային կինոյի ամիս է հայտարարված, և հայ ժամանակակից կինոյի ցուցադրություններ կան: Հայկական հին ֆիլմեր տեսել էիր, բայց մերօրյա կինոյին բոլորովին անտեղյակ էիր ու հետաքրքրվեցիր: «Մարգար պապը» վերնագրով ֆիլմ էր. տեսածդ հարազատ թվաց` քոնն է, ազգայինդ, անբաժան մասնիկդ: Մի օր էլ երեխաներիդ բերեցիր «դարասկզբի մուլտիպլիկացիա» ցուցադրությանն ու միասին վերջին տարիներին նկարված հինգ անմիացիոն ֆիլմ դիտեցիք: Պարզեցիր, որ հաջորդ Կինոաշնանը սփյուռքի հայկական կինոն էլ է ցուցադրվելու, և սիրտդ ջերմությամբ լցվեց, զգացիր, որ տանն ես, ու շուրջդ տոն է:

Դու զինվոր ես: Ծառայում ես Լուսակերտում:  Օրերդ հավասարապես լարված ու միապաղաղ են անցնում, չնայած ծառայությունից չես բողոքում, անգամ հաջողեցնում ես կարդալ ու սիրածդ աղջկան երկարաշունչ նամակներ գրել: Բանակային կանոնակարգված օրերիդ ընթացքը մի պահ շեղվեց, երբ Կինոաշունը մուտք գործեց ձեր զորամաս: Ֆիլմ են ցուցադրում` Ազգային կինոկենտրոնի ծրագիրն է: Մտածեցիր` «հայկական կինո, ի՞նչ պիտի լինի», բայց բոլորի հետ շարքով եկար, նստեցիր ու հասկացար, որ սխալվել ես: Եվ հիմա պլանավորում ես, թե հաջորդ աշնանային ցուցադրությանից առաջ զորացրված լինես` ընկերուհուդ հետ անպայման կգնաս հայկական կինո նայելու:

Դու բանվոր ես: Քաջարանում եք ապրում, աշխատում ես պղնձամոլիբդենային կոմբինատում, գործից հոգնած՝ վերադարձել ես, իսկ կինդ համոզում է, որ կինո գնաք. մշակույթի տանն անվճար ցուցադրություն է: Փորձում ես վերհիշել` երբ ես վերջին անգամ էկրանից ֆիլմ նայել: Քսան տարուց ավելի է, և ձևական դժկամությամբ թույլ ես տալիս, որ վերջնականապես համոզի: Մեր մարզերում ապրող քեզ պես հազարավոր մարդիկ կան, որ Կինոաշունը թե չգար, հաստատ կինո գնացողը չէին, այն պարզ պատճառով, որ իրենց մոտ կինոթատրոններ վաղուց չկան: Ո՞վ գիտի` քանի տասնյակ տարի էկրանից  ֆիլմ դիտելու հնարավորություն չէին ունեցել, բայց արդեն երրորդ տարին է՝ մեր կինոն աշնանը բերքի պես հասնում է անգամ երկրի հեռավոր հարավային դարպասներին` մինչև Ագարակ, իսկ հաջորդ տարի արցախցիներն էլ յուրատեսակ մշակութային կինոբերքահավաքի մասնակից կդառնան:

Դու մասնակից ես: Գուցե լրագրող ես, որ լուսաբանել է Կինոաշունը, կամ կինոքննադատ, որ մասնակցել է  Բեկնազարյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Հայ կինոյի աշխարհակալը» խորագրով գիտաժողովին, գուցե տպարանի աշխատող ես, որ սոսնձել է Դմիտրի Կեսայանցի գրքի շապիկը, գուցեև պարզապես հետաքրքրասեր անցորդ ես, որ Կարապի լճի ջրային էկրանին տեսել է «Անուշ»  ֆիլմ-օպերան, հարցրել կողքի մարդկանց` «էս ի՞նչ խաբար է», ու պատասխանից զարմացել` «երաժշտական ֆիլմերի տասնօրյակ` Կինոաշնան շրջանակներում»:

Բայց մի բան հաստատ է` այս Կինոաշունը քեզ չի շրջանցել, թեկուզ  այն պարզ պատճառով, որ դու ընթերցող ես, հենց հիմա կարդում ես «Կինոաշարհ» թերթում այս գրառումը ու դառնում անցած կինոտոնի ակամա մասնակից:  Ուրեմն ժպտա, որովհետև Կինոաշունը նաև քո տոնն է: Ամենամյա մի կինոտոն, որ  բոլորինս է` անկախ սեռից ու տարիքից, սոցիալական վիճակից, կրոնական համոզմունքներից ու քաղաքական հայացքներից: Տոն, որ, հուսանք, ամեն անգամ աշնան հետ կայցելի ու մեր ազգային կինաշախարհում եղանակ կփոխի:

Արմեն ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է 1132 անգամ