1378761_595757603793132_736529656_nՀայաստանում շուտով մի նոր քաղաք կկառուցվի։ Այն չի անվանակոչվի ու չի էլ բնակեցվի, բայց կապրի։ Կապրի՝ դառնալով կինոնկարահանումների տարածք և ստեղծագործական միջավայր։

Ծնվելիքը լիամետրաժ խաղարկային ֆիլմ է՝ ուղղված նախ պատանիներին և ապա բոլորին, առանց տարիքային սահմանափակման։ Ռեժիսոր Արա Առուշին այս անգամ հետաքրքրել է արևելյան մարտարվեստների վարպետ Բրյուս Լին։ Նրա, իսկ ավելի ճշգրիտ՝ նրա կյանքի ու փիլիսոփայության ազդեցության մասին ռեժիսորը կպատմի էքշըն և կատակերգության ժանրի շրջանակներում։ Առուշի կարծիքով` այդ կերպ առավել հասանելի կլինի Բրյուս Լիի փիլիսոփայությունը։ «Նա, արևելյան մարտարվեստներին հիանալիորեն տիրապետելուց բացի, ստեղծել է նաև մեծ փիլիսոփայություն, որի իմացությունը մեծապես նպաստում է անձի, անհատի ձևավորմանն ու դրսևորմանը։ Այս ֆիլմով հենց այդ նպատակն ենք հետապնդում»,- վստահեցրեց Արա Առուշը։

«Անունս Բրյուս Լի է» ֆիլմի գաղափարն ու նպատակը հետաքրքրական են համարել նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Բուրան պրոդյուսերական կենտրոնը, «Քյոնինգ արտս» և «Առուշ բրադերս» ընկերությունները՝ մասնակցելով ֆինանսավորմանը։ Մեծ է ֆիլմի հաջողության առնչությամբ ռեժիսորի վստահությունը, և նրան լիովին համամիտ են ոչ փոքր գումարներ տրամադրողները։

993405_593584597343766_2054978355_n

Հաջողության վստահությունը ամրապնդվում է նաև Բրյուսի կնոջ՝ Լինդա Լիի հետաքրքրվածությամբ  այս ֆիլմի ստեղծմամբ ։ «Փետրվարի 28-ին Նյու Յորքում հանդիպելու ենք «Բրյուս Լի» հիմնադրամի նախագահ Լինդա Լիի հետ։ Նպատակներից մեկն էլ ֆիլմը միջազգային շուկա հանելու պայմանավորվածությունն ամրապնդելն է»,- տեղեկացրեց ռեժիսորը։

Ֆիլմի դերասանական կազմում լինելու են ինչպես ռուսական կինոյի աստղեր, այնպես էլ սերիալներում Բրյուս Լիին արդեն երկու անգամ մարմնավորած չինացի դերասան Դենի Չանը։ «Գլխավոր դերը խաղալու է Միխայիլ Դոկինինը։ 14-ամյա այդ պատանին Ստեփանակերտում է ապրում և լրջորեն զբաղվում է արևելյան մարտարվեստներով։ Նրա աստեղային ապագային բոլորովին չեմ կասկածում»,- ուրախությամբ ընդգծեց Արա Առուշը։

Ռեժիսորի  կարծիքը հաստատելու կամ կասկածի տակ առնելու հնարավորությունը կընձեռվի մեկ տարուց՝ 2015 թ. փետրվարին, երբ ֆիլմը պատրաստ կլինի։

Նանա Պետրոսյան